Վերջերս Հայ կրթական հիմնադրամի Ջավախքի մասնաճյուղը մի քանի գյուղերում դպրոցական պայուսակներ է բաժանել գրենական պիտույքներով։
Նվերները ստացան Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փ.Արագյալ, Բ.Արագյալ, Սաթխա և Ղաուրմա գյուղերի 1-6-րդ դասարանների աշակերտները։ Հիմնադրամը նվերներ է տրամադրել 400 սաների։
Հայ կրթական հիմնադրամն արդեն 3 տարի է՝ բարեգործական ակցիա է անցկացնում դպրոցականների համար։ Եվ ամեն տարի Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարբեր համայնքներից ընտրվում են աշակերտներ։ Պայուսակներում եղել են բոլոր անհրաժեշտ դպրոցական պարագաները (ալբոմներ, գունավոր թղթեր, գրիչներ, մատիտներ, սրիչներ, ռեզենա, մկրատ և այլն) Ջավախքի մասնաճյուղի ներկայացուցիչ Հմայակ Գրիգորյանի խոսքով, դպրոցական այս պարագաները նախատեսված են մոտավորապես մեկ տարվա համար։ «Հուսով եմ, որ ապագայում մենք կկարողանանք ավելի շատ գյուղական համայնքների երեխաներ ներգրավել այս ծրագրի մեջ»։
Հիմնադրամի կողմից այս նվերներն առաջին հերթին տրվում են բազմազավակ և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին։
Հայ կրթական հիմնադրամը նաև կրթաթոշակներ է տրամադրում սաներին և ներկայումս ավելի քան 180 սան անվճար սովորում է Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Իսկ այս տարի հիմնադրամը Ջավախքի 37 ուսանողների նվիրեց դյուրակիր համակարգիչներ։
Ավելին Հմայակ Գրիգորյանի տված հարցազրույցում.