Վրաստանում հոկտեմբերի 8-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններում կպայքարի նոր քաղաքական միավորում, որի կազմում ընդգրկված են վրացի օպերային երգիչ Պաատա Բուրչուլաձեի և երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նախկին կողմնակիցների կուսակցությունները: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Բուրչուլաձեի և 3 կուսակցությունների ղեկավարների միջև խորհրդակցություններ են անցկացվել 2 օր: Նոր միավորումը կկոչվի «Պաատա Բուրչուլաձեի հարթակ. պետությունը՝ ժողովրդի համար»: Բլոկում կընդգրկվեն «Շարժում. Պետությունը՝ ժողովրդի համար», «Նոր քաղաքական կենտրոն. Գիրչի», «Քաղաքացիական հարթակ. Նոր Վրաստան» և «Նոր աջեր» ուժերը:
«Մենք միավորվել ենք անհրաժեշտ պահին, երբ մեր կուսակցության վրա շատ ուժեղ ճնշում էր գործադրվում… Մենք կանենք ամեն ինչ իշխանության գլուխ գալով՝ ոչ թե 4 տարում, այլ մի քանի ամսում մեր քաղաքացիների կյանքը բարելավելու համար»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Բուրչուլաձեն:
Նրա խոսքով՝ միավորման գլխավոր առաջնայնություններն են՝ անդամակցությունը ՆԱՏՕ-ին, արևմտամետ կուրսը, երկրի տնտեսության աճը և արդար Վրաստանի ստեղծումը: