Գրեթե մեկ տարի է Ժդանովականի հանրային դպրոցն ընդգրկված էր «PH International» կազմակերպության կողմից իրականացվող «Իրավական մշակույթ» նախագծի դասընթացներին։
Քաղաքական կրթության դասաժամերին 9-11 -րդ դասարանի աշակերտները մեծ հետաքրքրությամբ և ոգևորությամբ էին մասնակցում։ Դասերը վարում էին Քաղաքացիական կրթության ուսուցչուհի Նաիրա Մարիկյանը և Նինոծմինդայի ոստիկանական բաժանմունքի ոստիկան Մհեր Գոմցյանը։
Մասնագետները օգնեցին աշակերտներին ավելի լավ կողմնորոշվելու իրավական իրավունքների և պարտականությունների մեջ։
Երեխաները գիտակցեցին, որ պաշտպանված և անվտանգ միջավայր ստեղծելն ու այնտեղ ապրելը կախված է յուրաքանչյուր անհատի պահվածքից։
Դասընթացի ավարտին իրականացվեց ուսումնական նախագիծ, որի արդյունքում կազմակերպության կողմից դպրոցը ստացավ մարզական ռեսուրսներ։
«Այդ մարզական գույքով իրականացվեց սպորտլանդիա, որին մեծ ոգևորությամբ և խանդավառությամբ մասնակցեցին մեր երեխաները` վարելով առողջ ապրելակերպ։
Նմանատիպ նախագծերը թող լինեն շարունակական, իսկ մենք մեր քաղաքացիական ներգրավվածությամբ փորձեցինք մեր փոքրիկ ներդրումն ունենալ դպրոցի առաջընթացի և հանրայնացման գործում», – ասում է ուսուցչուհի Նաիրա Մարիկյանը։
Ժդանովականի հանրային դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Օղիդար Անտանոսյանը տպավորված է դասընթացներով և ասում է, որ օրենքի առումով շատ գիտելիքներ են ստացել.
«Շատ ուրախ եմ, որ մեր դպրոցն էլ ընդգրկվեց այս ծրագրում։ ինձ համար շատ հաճելի էր մասնակցել դասընթացներին, դրանք մեզ նոր գիտելիքներ տվեցին, օրենքի տեսանկյունից արդեն ավելի տեղեկացված ենք։ Ճիշտ է, սկզբում փոքր ինչ անսովոր էր, որ ոստիկանն ու ուսուցիչն միասին էին դասը վարում, բայց հիմա արդեն սովորական երևույթ է դա, մենք կարողանում ենք ազատ շփվել ոստիկանի հետ։ Այսօր կայացավ սպորտլանդիա և սպորտլանդիայի միջոցով եզրափակեցինք մեր ծրագիրը։ Յուրաքանչյուր նոր ծրագիր ունի հաճելի վերջաբան։ Այսօր մեր թիմը պարտվեց, բայց չկա հաղթանակ առանց պարտության։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր կազմակերպիչներին», – ասում է Օղիդար Անտանոսյանը։
Նինոծմինդայի ոստիկանության աշխատակից Մհեր Գոմցյանը NOR ռադիոկայանին ասաց, որ ծրագրի նպատակներից մեկը այն է, որ հասարակությունը և երիտասարդները գիտակցեն, որ ոստիկանը միշտ իրենց ու ապագա սերնդի կողքին է։ Միշտ պատրաստ է աջակցել ցանկացած հարցում, առաջին հերթին որպես ընկեր, երկրորդ հերթին որպես օրենքի պաշտպան», – ասում է Մհեր Գոմցյանը։
Մհերը նաև ավելացրեց, որ իր ցանկությունը մեկն է. «Այս ամիսների ընթացքում երեխաներին փոխանցած իմ գիտելիքները կարողանան օգտագործել առօրյայում»։
Հավելենք, որ նախագծին անմիջական աջակցել է դպրոցի տնօրինությունը։
Ծրագիրը իրականացվել է «PH International» կազմակերպության և «INL»-ի ֆինանսական աջակցությամբ։ Նախագծի գումարը կազմում է 250 ԱՄՆ դոլար։