Վրաստանի քաղաքացիական հասարակությունը խթանում է պատվաստումները

Վրաստանի քաղաքացիական հասարակությունը խթանում է պատվաստումները

«Georgia’s Reforms Associates» (GRASS) ոչ կառավարական վերլուծական կենտրոնը նոյեմբերի 18-ին պատվաստումային արշավ է սկսել Վրաստանում՝ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «COVID-19՝ Քաղաքացիական հասարակության դիմակայունություն և կայունություն» ծրագրի շրջանակներում:

GRASS-ը շարժական պատվաստումային կլինիկաներ է տեղակայել Քվեմո Քարթլիի մարզի Դմանիս և Մառնեուլ համայնքների հայախոս, ադրբեջանախոս և վրացախոս բնակավայրերում: Արդյունքում պատվաստվել է 85 մարդ։

Մինչ պատվաստումը GRASS-ը վերապատրաստել է տեղի երիտասարդության տասը ներկայացուցիչների՝ նրանց տեղեկացնելով COVID-19-ի դեմ պատվաստման գործընթացի և պատվաստումների հետ կապված ապատեղեկատվության մասին։ Ակտիվիստները կատարել են տնետուն այցեր՝ տեղացիներին պատվաստման մասին տեղեկացնելու համար։

«COVID-19՝ Քաղաքացիական հասարակության դիմակայունություն և կայունություն» 48-ամսյա ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից և աջակցում է Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակությանը՝ մեղմելու COVID-19 համավարակի ազդեցությունը:

Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպում. ԵՄ-ն վերահաստատում է տարածաշրջանին իր նվիրվածությունը

ԵՄ-ի և արևելյան գործընկեր վեց երկրներից հինգի (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) ԱԳ նախարարները նոյեմբերի 15-ին հավաքվել էին Արևելյան գործընկերության (ԱլԳ) նախարարական հանդիպմանը` ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի նախագահությամբ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեին։

«Մենք շատ լավ քննարկումներ ունեցանք մեր արևելյան գործընկերների հետ։ Բելառուսը հրավիրված չէր, բայց մենք ազատ աթոռ էինք պահել՝ որպես բելառուս ժողովրդի խորհրդանշական նստատեղ»,- նշել է Բորելը։

Մասնակիցները մտքեր փոխանակեցին գործընկերության առաջխաղացման ուղիների և մարդկանց համար դրա երաշխավորված օգուտների շուրջ՝ հատկապես կենտրոնանալով կառավարման և ներդրումների, ինչպես նաև փոխգործակցության ամրապնդման վրա՝ հանուն դիմակայունության, վերականգնման և բարեփոխումների:

Նախարարների հանդիպումը վերահաստատեց ԵՄ-ի նվիրվածությունը տարածաշրջանին և քաղաքական կամքը՝ համագործակցելու ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու համար: Նախարարներն անդրադարձան նաև ԵՄ-ԱլԳ նոր և հավակնոտ օրակարգի գործնական իրականացմանը։

Բարձր ներկայացուցիչն ընդգծել է, որ ԵՄ-ն ոչ միայն կշարունակի աջակցել անհրաժեշտ բարեփոխումներին, այլև շոշափելի օգուտներ կտա նրանց, ովքեր ակտիվորեն ներգրավված են դրանցում:

Նախարարական քննարկումը կնպաստի 2021թ․ դեկտեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին: Ակնկալվում է, որ այն կներկայացնի ԵՄ-ԱլԳ համագործակցության նոր տեսլական և կհաստատի 2020 թվականից հետո ընկած ժամանակահատվածի օրակարգը:

ԵՄ-ն կճանաչի Վրաստանի և Մոլդովայի COVID-19-ի դեմ պատվաստման վկայականները

Նոյեմբերի 16-ից ԵՄ-ն Վրաստանի և Մոլդովայի կողմից տրված COVID-ի դեմ պատվաստման վկայականները կճանաչի նույն պայմաններով, ինչ ԵՄ թվային COVID վկայականը։ Նոյեմբերի 15-ին Եվրոպական հանձնաժողովի կողմից ընդունված համարժեքության մասին որոշումների համաձայն՝ վկայականների փոխադարձ ճանաչումը տարածվում է նաև Նոր Զելանդիայի և Սերբիայի վրա։

Սույն որոշումը նշանակում է, որ նշված չորս երկրները միացված կլինեն ԵՄ համակարգին։ Միևնույն ժամանակ այդ չորս երկրները պայմանավորվել են ընդունել ԵՄ թվային COVID վկայականը ԵՄ տարածքից իրենց երկրներ ճանապարհորդությունների համար:

«Այսօրվա որոշումներով հինգ մայրցամաքների 49 երկրներ և տարածքներ միացված են ԵՄ թվային COVID վկայականի համակարգին։ Մենք շարունակում ենք մեր ջանքերը՝ ամրապնդելու վստահությունը ԵՄ-ի տարածքում և դրանից դուրս անվտանգ ճանապարհորդությունների նկատմամբ», – նշել է Արդարադատության հարցերով հանձնակատար Դիդիե Ռեյնդերսը:

Ուկրաինան և Հայաստանն արդեն իսկ միացել են ԵՄ թվային COVID վկայականի համակարգին։

«Ինչպես մենք կանգնած ենք եղել մեր գործընկերների կողքին համավարակի դեմ պայքարում, նույնպես էլ շարունակում ենք համատեղ աշխատանքը՝ անվտանգ բացվելու ուղղությամբ», – ասել է Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին:

ԵՄ թվային COVID վկայականի մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել հատուկ կայքում և հարցուպատասխանում:

ԵՄ դեսպանը էներգաարդյունավետ մանկապարտեզ է բացել Վրաստանում

Նոյեմբերի 12-ին Եվրոպական միությունը և Թելավիի համայնքապետարանը պաշտոնապես բացեցին Կախեթում առաջին էներգաարդյունավետ մանկապարտեզը, որը վերանորոգվել է ԵՄ աջակցությամբ։ Կենսազանգվածի օգտագործմամբ էներգետիկ տեխնոլոգիայի շնորհիվ ձմռանը մանկապարտեզը ջեռուցվում է ամբողջությամբ՝ միաժամանակ ապահովելով ծախսերի 60% խնայողություն։

«Այս մանկապարտեզում մենք կիրառում ենք նորարարական տեխնոլոգիաներ՝ օգտագործելով խաղողի այգիների թափոնները, որոնք էժան և լավ ջեռուցման աղբյուր են։ Այս մեթոդով մենք կարող ենք երեխաների համար ստեղծել ավելի լավ և առողջ միջավայր՝ միաժամանակ օգտագործելով ավելի քիչ էներգիա և ֆինանսական ռեսուրսներ», – նշել է դեսպան Կարլ Հարցելը: Վերջինիս այցը Կախեթ կազմակերպվել էր այս շաբաթ մեկնարկած էներգաարդյունավետության տեղեկատվական արշավի շրջանակներում։

Նախկինում Թելավի համայնքի Իքալտո գյուղի մանկապարտեզը ջեռուցվում էր փայտով, որը ձմռանը կարող էր տաքացնել շենքի միայն 40%-ը։ Հաստատությունը վերականգնվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կենսազանգվածի էներգիան և էներգաարդյունավետ տեխնոլոգիաները՝ որպես կայուն էներգետիկ լուծումներ Քաղաքապետերի դաշնագիրը ստորագրած կողմերի համար» ծրագրի միջոցով:

ԵՄ-ն համայնքին տրամադրեց նաև երկու տրակտոր և խաղողի էտման մնացորդները հավաքելու և մշակելու հատուկ սարքավորում, որոնք կօգտագործվեն կենսազանգվածով աշխատող տաքացուցիչների համար:

Թիմ Եվրոպա. ԵՄ-ն, Ֆրանսիան և Չեխիան սոցիալական պաշտպանության ծրագիր են մեկնարկում Վրաստանում

Եվրոպական միությունը, Ֆրանսիան և Չեխիայի Հանրապետությունը միավորել են ուժերը հանուն Վրաստանում սոցիալական պաշտպանության համակարգի ամրապնդման և նոյեմբերի 10-ին նոր ծրագիր են մեկնարկել Թբիլիսիում։

«Վրաստանում սոցիալական պաշտպանության ամրապնդում» ծրագիրը նպատակ ունի աջակցել կառավարությանը և պետական կազմակերպություններին սոցիալական ծառայությունների բարելավման և դրանց մատչելիության, ապացույցների վրա հիմնված քաղաքականության մշակման, սոցիալական աշխատանքի խթանման և սոցիալական պաշտպանության իրավունքների ընդլայնման գործում:

Ծրագիրը կտևի 24 ամիս և կիրականացվի գործընկերներ «Expertise France»-ի (Ֆրանսիական զարգացման գործակալություն/ AFD) և Չեխական զարգացման գործակալության (CzDA) կողմից:

Երկու տարի, 1200 շահառու, ում թիվը շարունակում է աճել. Կվարելիի եվրաակումբը նշում է իր երկրորդ տարեդարձը

Վրաստանի Կվարելիի եվրաակումբն այսօր հատուկ միջոցառմամբ նշում էր իր երկրորդ տարեդարձը, որին ներկա էին Վրաստանում ԵՄ դեսպան Կարլ Հարցելը, ինչպես նաև Վրաստանում Նիդերլանդների, Ավստրիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի և Նորվեգիայի դեսպանները և Իսպանիայի դեսպանատան կցորդը։

Կվարելիի եվրաակումբը 2019 թվականի նոյեմբերին հիմնադրվել է երիտասարդ եվրոպական դեսպան Նիկա Գուրինիի կողմից՝ «EU NEIGHBOURS East» (ԵՄ արևելյան հարևաններ) տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի աջակցությամբ: Հիմնադրմանը հաջորդած երկու տարիների ընթացքում եվրաակումբի կազմակերպած տարբեր ծրագրերից ու միջոցառումներից օգտվել են ավելի քան 1200 երիտասարդներ։

Եվրաակումբի հիմնական առաքելությունն է նպաստել ընդհանուր բնակչության և հատկապես երիտասարդների կրթությանն ու զարգացմանը, բարձրացնել քաղաքացիական իրազեկությունը և ապահովել ոչ ֆորմալ կրթության հասանելիություն, ինչպես նաև տարածել եվրոպական արժեքները:

Եվրաակումբի կողմից կազմակերպված միջոցառումների շրջանակներում տեղի բնակիչներն ի թիվս այլի կարողացել են օգտվել անգլերենի անվճար դասընթացներից, մասնագիտական ուսուցման դասընթացներից և բաց գրադարաններից։

Երկարաժամկետ հեռանկարում եվրաակումբը նպատակ ունի ընդլայնվել և շարունակել զարգացնել իր գործունեությունը` հասու լինելով մարզի և Վրաստանի այլ շրջանների ավելի մեծաթիվ քաղաքացիների համար։

Մասնակցելու և ընթացիկ կամ գալիք գործողությունների մասին ավելին իմանալու համար ծանոթացեք ստորև ներկայացված փաստաթղթին կամ այցելեք Կվարելիի եվրաակումբի ֆեյսբուքյան էջ:

EU4Business. վրացական ընկերությունները 600,000 եվրոյի պատվերներ են ստացել Գերմանիայում կայացած սննդի միջազգային ցուցահանդեսում

EU4Business-ի (ԵՄ-ն՝ բիզնեսի համար) «Արևելյան գործընկերություն՝ առևտրի համար պատրաստ» ծրագրի շահառու հանդիսացող մի շարք վրացական ընկերություններ ավելի քան 600,000 եվրոյի պատվերներ են ստացել միջազգային գնորդներից՝ Գերմանիայի Քյոլն քաղաքում կայացած սննդի համաշխարհային առաջատար առևտրային տոնավաճառի՝ «Anuga 2021»-ի շրջանակներում։

Վրաստանը ներկայացնող արտադրողները տոնավաճառում ներկայացրված էին մի շարք օրգանական ապրանքներով, այդ թվում՝ չիր, ընկուզեղեն և թեյ:

B2B հանդիպումների ընթացքում վրացական ընկերությունները ավելի քան 107 նոր գործարար կապեր հաստատեցին աշխարհի առաջատար ընկերությունների հետ, այդ թվում՝ Գերմանիայից, Նիդերլանդներից, Լիբանանից, Սաուդյան Արաբիայից, Թուրքիայից, Լեհաստանից, Կանադայից, Ուկրաինայից և Բուլղարիայից, և ստացան իրենց արտադրանքի պատվերներ թվով 20 գնորդների կողմից։

«Առևտրի համար պատրաստ» ծրագիրն Արևելյան գործընկերության երկրների փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) օգնում է արտադրել միջազգային և ԵՄ շուկայի պահանջներին համապատասխան ապրանքներ՝ միաժամանակ նրանց կապելով համաշխարհային արժեքային շղթաներից և շուկաներից գնորդների հետ:

ԵՄ-ն աջակցում է գենդերային հավասարությանը Վրաստանում

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության բարեփոխումների աջակցության ծառայություն»-ը (EU4Gender Equality Reform Helpdesk) իրականացնում է Վրաստանի տարբեր պետական հաստատությունների կարիքների գնահատում՝ նպատակ ունենալով միասին հասկանալ, թե ինչպես կարելի է արձագանքել գենդերային հավասարության խնդրին՝ բարեփոխումների ուղղությամբ տարվող ընթացիկ աշխատանքների շրջանակում: Նպատակն է համաձայնեցնել համատեղ գործակցության պլանը, որը ներառում է այն աջակցությունը, որն աջակցության ծառայությունը կարող է տրամադրել կառավարությանը գենդերային հավասարության առաջխաղացման համար:

Այս ջանքերի շրջանակում աջակցության ծառայությունն անցյալ ամիս մի շարք հանդիպումներ անցկացրեց Վրաստանի վարչապետի մարդու իրավունքների հարցերով խորհրդականի (ով նաև նախագահում է Գենդերային հավասարության, կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը), գենդերային հիմնահարցերի օրենսդրական կիրարկումն ապահովող մշտական մարմնի՝ Վրաստանի խորհրդարանի գենդերային հավասարության խորհրդի նախագահի, ինչպես նաև Վրաստանի Հանրային օմբուդսմենի գրասենյակի հետ:

Միևնույն ժամանակ ծրագիրը հանդիպումներ է ունեցել գենդերային հավասարության օրակարգի իրակագործման ուղղությամբ Վրաստանի պետական մարմիններին աջակցող տասը միջազգային կազմակերպությունների հետ (ՄԱԿ-Կանայք, ՄԱԶԾ, ՄԱԲՀ, ՅՈՒՆԻՍԵՖ, ՖԱՕ, Եվրոպայի խորհուրդ, IFES, Ազգային ժողովրդավարական ինստիտուտ, Միջազգային հանրապետական ինստիտուտ, Արևելք-Արևմուտք կառավարման ինստիտուտ): Այս հանդիպումների նպատակն էր բացահայտել համագործակցության հնարավոր ոլորտները` ամրապնդելու գենդերային հավասարության և կանանց իրավունքների առաջխաղացման գործում պետական մարմիններին ուղղված աջակցությունը:

ԵՄ կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության բարեփոխումների աջակցության ծառայություն»-ը գենդերային հավասարության վերաբերյալ վերլուծություն և փորձագիտական խորհրդատվություն է տրամադրում արևելյան գործընկեր վեց երկրներին: Ծրագրի նպատակն է բարձրացնել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը՝ որոշումների կայացման, բարեփոխումների, քաղաքականությունների և ծրագրերի մեջ գենդերային վերլուծության կիրառման միջոցով:

Շառլ Միշելը Հայաստանին և Ադրբեջանին շտապ ապաէսկալացիայի և կրակի ամբողջական դադարեցման կոչ է անում

Նոյեմբերի 16-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի նոր սրացումից հետո Հայաստանին և Ադրբեջանին շտապ ապաէսկալացիայի և կրակի ամբողջական դադարեցման կոչ է արել։

Միշելը երկու առանձին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Բարդ իրավիճակ տարածաշրջանում. ԵՄ-ն հանձնառու է աշխատել գործընկերների հետ լարվածության հաղթահարման ուղղությամբ՝ հանուն բարգավաճ և կայուն Հարավային Կովկասի», — Twitter-ում գրել է նախագահ Միշելը:

Ստորագրվել է ՀՀ-ԵՄ Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը

Նոյեմբերի 15-ին Եվրոպական միությունը և Հայաստանը ստորագրել են ՀՀ-ԵՄ Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը, որի հիմքում ավիացիոն անվտանգության, անվտանգային և օդային երթևեկության կառավարման ընդհանուր բարձր չափանիշներն են։

Համաձայնագրի ստորագրմամբ ենթադրվում է, որ ԵՄ բոլոր ավիաընկերությունները կկարողանան ուղիղ չվերթներ իրականացնել ԵՄ ցանկացած կետից դեպի Հայաստանի ցանկացած օդանավակայան և նույնը կգործի նաև հայկական ավիաընկերությունների համար։ Նաև կվերացվեն Հայաստանի և ԵՄ-ի միջև թռիչքների բոլոր արգելքներն ու սահմանափակումները, ինչպես նաև կերաշխավորվեն հավասար մրցակցային պայմաններ՝ բաց և արդար մրցակցության դրույթների պահանջներին համահունչ:

«Սա հարևանների հետ ավելի սերտ համագործակցության հասնելուն միտված մեր ռազմավարության առանցքային աստիճանաքարն է։ Համաձայնագիրը քաղաքացիներին կընձեռի ճամփորդությունների ավելի լայն ընտրության հնարավորություն, կստեղծվեն ավիացիոն արդյունաբերության նոր հեռանկարներ և ավելի լավ կապակցվածություն նոր երթուղիների և ուղղությունների ներգրավմամբ, որից օգուտներ կքաղեն սպառողները, զբոսաշրջության ոլորտը և մարդկանց միջև շփումները»,- նշել է Շարժունակության և տրանսպորտի հարցերով ԵՄ հանձնակատար Ադինա Վալեանը։

Համաձայնագրի դրույթներին համահունչ՝ Հայաստանը պետք է շարունակի համապատասխանեցնել ՀՀ օրենսդրությունը ԵՄ ավիացիոն կանոնակարգին և չափանիշներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ ավիացիոն անվտանգությունը, օդային երթևեկության կառավարումը, անվտանգությունը, շրջակա միջավայրը, տնտեսական կարգավորումները, մրցակցությունը, սպառողների պաշտպանությունը և սոցիալական բնագավառները:

Երեք հայկական քաղաքներ կստանան ԵՄ դրամաշնորհներ՝ մշակութային զարգացման ռազմավարություն մշակելու նպատակով

Հայաստանի Չարենցավան, Իջևան և Սևան քաղաքները ԵՄ-ից կստանան 30,000-ական եվրո չափով դրամաշնորհներ Մշակութային զարգացման ռազմավարություններ մշակելու նպատակով։ «EU4Culture» ծրագրի շրջանակներում դրամաշնորհները պաշտոնապես շնորհվել են Հայաստանում ԵՄ պատվիրակության աջակցությամբ նոյեմբերի 15-ին Երևանում կայացած միջոցառմանը:

Դրամաշնորհային հայտերի մրցույթը մեկնարկել է 2021 թվականի մայիսին՝ նպատակ ունենալով աջակցելու մարզային քաղաքներին՝ մշակելու և իրականացնելու Մշակութային զարգացման ռազմավարություններ՝ հետևելով եվրոպական մշակութային մայրաքաղաքների մոտեցմանը: Ընդհանուր առմամբ կանչին մասնակցել են 70 քաղաքներ Արևելյան գործընկերության 5 երկրից:

Ընտրված քաղաքները կստանան մինչև 30,000 եվրո դրամաշնորհ իրենց Մշակութային զարգացման ռազմավարությունը մշակելու համար: Կանչի վերջնական փուլում նշված երեք քաղաքներից մեկին կտրամադրվի մինչև 300,000 եվրո դրամաշնորհ՝ իր ռազմավարությունն իրականացնելու համար:

EU4Culture-ը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող քառամյա ծրագիր է, որն ուղղված է աջակցելու մշակույթի և ստեղծարարության հատվածին՝ կենտրոնանալով Արևելյան գործընկերության երկրների մարզային քաղաքների վրա: Ծրագիրը նպատակ ունի նպաստելու տարածաշրջանում մշակույթն աճի և սոցիալական զարգացման շարժիչ դարձնելուն:

Եվրոպական միության գրական մրցանակ. Հայաստանը ներկայացնող հեղինակը դափնեկիրների թվում է

Նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ Եվրոպական միության գրական մրցանակի (ԵՄԳՄ) 2021 թվականի հանձնման արարողությունը, որի ժամանակ պարգևատրվեցին դրա ներկայիս 13 դափնեկիրները: Նրանց թվում էր նաև հայազգի հեղինակ Արամ Պաչյանը։

2009 թվականից մրցանակը շնորհվում է սկսնակ գեղարվեստական գրողներին ամբողջ Եվրոպայից: Մրցույթին կարող են մասնակցել «Ստեղծարար Եվրոպա» (Creative Europe) ծրագրում ընդգրկված 40 երկրներ:

Արամ Պաչյանը Հայաստանի անկախության սերնդի ներկայացուցիչ է, ով արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում՝ գրականության բնագավառում ՀՀ նախագահի մրցանակին։ Նրա առաջին «Ցտեսություն, ծիտ» վեպը 2012 թվականին դարձել է ազգային բեսթսելեր և մինչ օրս գլխավորում է հայ գրականության բեսթսելերների ցանկը։

Պաչյանի հաղթող «P/F» գիրքը փորձարարական վեպ է, որը գրված է Զեն կոանների, իմա՝ Զեն պրակտիկայում ուսանողի առաջադիմությունը ստուգելու նպատակով օգտագորվծվող պատմությունների կամ պատվիրանների ոճով:

Հայաստանը միացավ «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության ծրագրին

Նոյեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև ստորագրվել է ԵՄ-ի «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին (2021-2027թթ.) Հայաստանի ասոցացման համաձայնագիրը:

Հայաստանի գիտնականներն իրավունք են ստանում օգտվելու Եվրոպական միության ամենամեծ՝ 95,5 մլրդ եվրո ֆինանսավորում ունեցող գիտական համագործակցության ծրագրի ընձեռած հնարավորություններից նույնպիսի պայմաններով, ինչ ԵՄ անդամ պետությունների գիտնականները:

«Հորիզոն Եվրոպա» ծրագրին ասոցացման համաձայնագիրը կսկսի իրավական հետևանքներ ունենալ դրա ուժի մեջ մտնելուց հետո, այսինքն՝ երբ Հայաստանն ավարտի իր վավերացման գործընթացը և Եվրոպական հանձնաժողովի ու ՀՀ իշխանության միջև տեղի ունենա դիվանագիտական նոտաների փոխանակում:

Նորարարության, հետազոտությունների, մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերով հանձնակատար Մարիա Գաբրիելը ողջունել է Հայաստանի միացումը «Հորիզոն Եվրոպա» ծրագրին. «Հայաստանը շարունակաբար մեծացրել է իր մասնակցությունը նախորդ «Հորիզոն 2020» ծրագրին, իսկ վերջին մի քանի տարիներին աջակցել է երկրի հետազոտությունների և նորարարության ազգային համակարգի բարեփոխումների արագացմանը»։

Հայաստանը 2016 թվականից լիարժեք ասոցացված է եղել ԵՄ նախորդ հետազոտությունների և նորարարական շրջանակային ծրագրին՝ «Հորիզոն 2020»-ին (2014-2020 թթ.): Բազմաթիվ հաջողված պատմություններ անցյալի այս հաջող համագործակցության արդյունքն են, որոնք ընդգրկում են գիտական մի շարք ոլորտներ, ինչպիսիք են «HYMADE»-ը, որը զբաղվում է քաղցկեղով կամ բորբոքային հիվանդություններով տառապող մարդկանց համար դեղերի մատակարարման նոր ուղիների մշակմամբ, «Ձեռնարկությունների եվրոպական ցանց Հայաստան՝ Հորիզոն 2020»-ը, որի շրջանակում ՁԵՑ Հայաստանը երկրում ստեղծել է միջազգային աճի իրական ներուժ ունեցող ՓՄՁ-ների նորարարական կարողությունների զարգացմանն ուղղված ծառայություններ, կամ «ՍԵՎԾՈՎՅԱՆ ՀՈՐԻԶՈՆ» ծրագիրը, որը բարելավում է ԵՄ-ի և Սևծովյան տարածաշրջանի միջև համագործակցությունը գիտության, տեխնոլոգիաների և նորարարության (ԳՏՆ) ոլորտում:

ԵՄ-ն և ՄԱԿ-ի զարգացման գործակալությունը մեկնարկում են Հայաստանում «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագրի երկրորդ փուլը

Նոյեմբերի 12-ին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը և Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման գործակալությունը (ՄԱԶԾ) պաշտոնապես ազդարարեցին «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը։

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արևելյան գործընկերության տարածաշրջանային նախաձեռնությունը, որը Հայաստանում իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից ՏԿԵՆ-ի հետ գործակցությամբ, խթանելու է ներառական տնտեսական աճը և նոր աշխատատեղերի ստեղծումը Հայաստանի համայնքներում՝ օժանդակելով տեղական իշխատություններին նոր սերնդի տնտեսական զարգացման պլաններ մշակելու և կյանքի կոչելու գործում։

«Տեղական իշխանությունները ներառական և «կանաչ» վերականգնման գործընթացների կարևոր դերակատարներն են։ Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության միջոցով Եվրոպական միությունը կաջակցի Հայաստանի տեղական իշխանություններին բարդ մարտահրավերների վերաբերյալ նորարարական լուծումներ գտնելու գործում՝ շեշտը դնելով տնտեսական աճի, աշխատատեղերի ստեղծման և քաղաքացիների կենսամակարդակի բարձրացման վրա»,- ասել է դեսպան Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։

«Թիմ Եվրոպա». Սլովակիան ավելի քան 60 000 դեղաչափ «Մոդերնա» պատվաստանյութ է նվիրաբերել Հայաստանին

2021թ․ նոյեմբերի 9-ին Հայաստան է ժամանել Սլովակիայի Հանրապետության նվիրաբերած 60 700 դեղաչափ «Մոդերնա» պատվաստանյութը։ Այս նվիրատվությունը կատարվել է «ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի» միջոցով։

«Սլովակիան, լինելով «Թիմ Եվրոպա» նախաձեռնության անդամ, ուրախ է Հայաստանին նվիրաբերել «Մոդերնա» պատվաստանյութը։ Պատվաստվելը լավագույնս կօգնի պաշտպանվել համավարակից և պաշտպանել մյուսներին։ Հույս ունենք, որ նվիրաբերված պատվաստանյութը կօգնի ՀՀ կառավարությանը պատվաստումների վերաբերյալ տեղեկատվական արշավն արագացնելու գործում»,- նշել է Հայաստանում Սլովակիայի դեսպան Միրոսլավ Հացեկը։

Վիճակագրության համաձայն, ՀՀ քաղաքացիների միայն 7.1 տոկոսն է ամբողջությամբ պատվաստված ընդդեմ COVID-19 համավարակի։

Էրազմուս +ը Վրաստանում

Ես ցանկանում եմ սովորել արտերկրում, սակայն դրա համար միջոցներ չունեմ։ Կարո՞ղ է արդյոք ԵՄ-ն օգնել ինձ այդ հարցում։

Այո, կարող է։ «Էրազմուս +» ծրագրի միջոցով ԵՄ-ն առաջարկում է բակալավրիատի, մագիստրատուրայի և դոկտորանտուրայի մակարդակներում ուսանողական փոխանակումներ եվրոպական բուհերում։

Այդ փոխանակումները կլինեն ձեր ընթացիկ ուսումնական ծրագրի մի մասը և կարող են տևել մեկ կիսամյակից մինչև մեկ տարի: Ծրագիրը փոխհատուցում է նաև ձեր ծախսերը: Դուք նաև կարող եք դիմել և ստանալ «Էրազմուս+» կրթաթոշակ՝ լավագույն եվրոպական համալսարաններում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով:

«Էրազմուս+» ծրագրի շրջանակներում Հայաստանից մոտ 5000 համալսարանական ուսանողներ և դասախոսներ 2015-2020 թթ. ընթացքում կարողացել են ուսանել կամ դասավանդել Եվրոպայում, մինչդեռ 2004 թվականից ի վեր հայաստանցի 141 ուսանող էլ ստացել են մագիստրոսական կրթաթոշակներ: Հատկանշական է, որ վերջիններիս թիվը տարեց տարի ավելանում է, այնպես որ սա հաստատ պետք է փորձել:

Կարծես թե «Էրազմուս +»-ը լավ հնարավորություն է ինձ համար։ Իսկ ինչպե՞ս կարող եմ դիմել։

Փոխանակմանը մասնակցելու համար այցելեք ձեր համալսարանի միջազգային հարաբերությունների բաժին: Այնտեղ կասեն, թե ձեր մասնագիտության շրջանակներում ինչպիսի հնարավորություններ են առկա և կօգնեն դիմում ներկայացնել:

Մագիստրատուրայի համար անհրաժեշտ է ուսումնասիրել Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերի կատալոգը, որում ներկայացված է առաջիկա ուսումնական տարում Էրազմուս կրթաթոշակներ առաջարկող դասընթացների ցանկը (2021 թվականին այդ ցանկում ներկայացվել է 149 դասընթաց), ապա կապ հաստատել տվյալ համալսարանի հետ` դասընթացին մասնակցելու և կրթաթոշակ ստանալու համար դիմում ներկայացնելու նպատակով:

Վրաստանում գործող Էրազմուս+ ազգային գրասենյակը ձեզ կօգնի ստանալ ցանկացած տեղեկատվություն: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք ստուգել նշված գրասենյակի կայքէջը, նամակ ուղարկել erasmus.georgia@gmail.com էլեկտրոնային փոստով կամ զանգահարել +995 322 147 139 հեռախոսահամարով:

Լեզուների իմացության հետ կապված ինչպիսի՞ պահանջներ կան: Արդյո՞ք ես ունեմ անգլերենի իմացությունը հաստատող որևէ վկայականի կարիք։

Դա կախված է նրանից, թե դուք որտեղ եք սովորելու և որ լեզուներով եք այնտեղ դասավանդելու: Որոշ փոխանակումներ առաջարկում են դասընթացներ անգլերենով, իսկ մյուսները՝ տեղական լեզուներով: Հիշեք, որ «Էրազմուս»-ի փոխանակմանը մասնակցելն ենթադրում է ուսուցման լեզվով դասախոսությունների ունկնդրում, գրավոր անհատական աշխատանքների պատրաստում և քննությունների հանձնում: Եթե դուք չունեք համապատասխան լեզվի որակավորում, ապա ձեզանից կպահանջվի հանձնել լեզվի քննություն՝ դրա իմացության մակարդակը գնահատելու նպատակով:

Մինչև մեկնելը փոխանակման ծրագրում ներգրավված բոլոր ուսանողները պետք է մասնակցեն «Էրազմուս+»-ի լեզվի իմացության առցանց գնահատմանը: Գնահատման արդյունքները ձեզ չեն խանգարի մասնակցել ծրագրին, բայց կարող են օգտագործվել՝ բացահայտելու համար՝ արդյոք դուք այնպիսի աջակցության կարիք ունեք, որը հասանելի է «Էրազմուս+»-ի լեզուների առցանց դասընթացների միջոցով: Որոշ դեպքերում ընդունող համալսարանը ևս կարող է լեզվի դասընթացներ առաջարկել:

Ես կստանա՞մ արդյոք կրթաթոշակ: Եթե այո, ապա՝ որքա՞ն:

Ուսանողական փոխանակումների դեպքում ԵՄ-ն մինչև 1,500 եվրո տրամադրում է ճանապարհորդության (կախված սեփական և հյուրընկալող երկրների միջև հեռավորությունից) և ամսական 800-900 եվրո էլ` կեցության ծախսերը հոգալու համար:

Մագիստրոսական կրթաթոշակների դեպքում այն կծառայի որպես շահառու ուսանողների կրած ծախսերի ուղղությամբ ներդրում և կծածկի ճանապարհորդության, վիզայի, կեցության և կենսապահովման ծախսերը: Ամսական կրթաթոշակը կազմում է 1,400 եվրո՝ մագիստրոսական ծրագրի ողջ ընթացքի համար:

Որո՞նք են «Էրազմուս +» – ի առավելությունները։ Արդյո՞ք դրանից հետո հեշտ է գտնել լավ աշխատանք։

Բազմաթիվ միջազգային ուսումնասիրություններ ցույց են տվել «Էրազմուս +»-ի շրջանակներում արտերկրում սովորելու առավելությունները։ «Էրազմուս+»-ի շրջանավարտներն աշխատանք գտնելու ավելի մեծ հնարավորություն ունեն, որպես կանոն, նշանակվելով ավելի պատասխանատու պաշտոնների: Բացի այդ, նրանք ավելի հաճախ են սեփական ընկերություններ հիմնում:

Շրջանավարտները, որպես կանոն, նշում են, որ «Էրազմուս+»-ը էական ազդեցություն է ունեցել իրենց անհատական զարգացման և հմտությունների ձեռքբերման գործում. նոր երկրների հետ ծանոթությունն ու տարբեր մշակույթներ ներկայացնող մարդկանց հետ շփումը թույլ են տվել բարելավել նրանց հաղորդակցության և հարմարման հմտությունները: Բայց, որ ամենակարևորն է, նրանք ձեռք են բերել նոր ընկերներ և նոր մասնագիտական հեռանկարներ:

Աշխատանքի մասին. լսել եմ, որ «Էրազմուս+»-ն առաջարկում է նաև Եվրոպայում աշխատանքի տեղավորման հնարավորություններ: Սա իսկապես ճի՞շտ է։

Այո, «Էրազմուս+»-ն աջակցում է արտասահմանում բակալավրիատի, մագիստրատուրայի և դոկտորանտուրայի ուսանողների, ինչպես նաև վերջին շրջանավարտների (ավարտելուց հետո մեկ տարվա ընթացքում) աշխատանքի տեղավորմանը և պրակտիկային: Սակայն այդ պրակտիկան պետք է համապատասխանի կրթական աստիճանին և, հնարավորության դեպքում, ինտեգրված լինի ձեր ուսումնական ծրագրի հետ: Անհրաժեշտ է ստուգել՝ հնարավո՞ր է արդյոք նմանատիպ պրակտիկայի կազմակերպումն այն համալսարանի միջոցով, որտեղ տվյալ պահին դուք ուսումնառություն եք ստանում: Աշխատանքի տեղավորումը կարող է տևել երկուսից տասներկու ամիս, իսկ «Էրազմուս+» դրամաշնորհները հասանելի են՝ ձեր ծախսերը հոգալու համար:

Արտերկրում աշխատանքի տեղավորման կամ ուսումնական շրջանները նաև հասանելի են, եթե դուք ներկայումս ներգրավված եք մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) գործընթացում: Դուք կարող եք հյուրընկալվել արտերկրյա աշխատավայրում կամ մեկ այլ ՄԿՈՒ հաստատությունում՝ ձեր ուսումնական գործընթացի հետ կապված աշխատանքային ուսուցման ժամանակահատվածներով: Դրա համար անհրաժեշտ է ձեր ՄԿՈՒ հաստատության հետ պարզել, թե արդյոք նշված հնարավորությունները հասանելի են ձեզ համար:

Ես ուսանող չեմ, բայց կցանկանայի կրթություն կամ ուսուցում ստանալ արտերկրում. կա՞ արդյոք որևէ հնարավորություն ինձ համար։

Այո: «Էրազմուս+»-ը նախատեսված չէ միայն ուսանողների համար: Վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանից շուրջ 1,500 երիտասարդ և երիտասարդական ոլորտի աշխատող է մասնակցել «Էրազմուս+»-ի համատեղ երիտասարդական նախագծերին (փոխանակումներ, դասընթացներ, քաղաքականության քննարկումներ, կամավորություն):

ԵՄ-ն առաջարկում է երիտասարդական փոխանակումներ, որոնք բաց են 13-ից 30 տարեկան յուրաքանչյուր երիտասարդի առջև և որոնք տևում են 5-ից 21 օր: Դրանք կարող են ներառել աշխատաժողովներ, վարժանքներ, բանավեճեր, դերային խաղեր, բացօթյա միջոցառումներ և այլն: Այս փոխանակումները տեղի են ունենում երիտասարդական կազմակերպությունների միջոցով և դուք՝ որպես անհատ, չեք կարող դրանց դիմել ուղղակիորեն: Լրացուցիչ տեղեկությունների համար կապվեք Վրաստանում Erasmus+ Youth տեղեկատվության կենտրոնի հետ` այցելելով նրանց կայքէջ, ֆեյսբուքյան էջ կամ զանգահարելով +995 574 27 11 27 հեռախոսահամարով:

Արտերկրում փորձ ձեռք բերելու ևս մեկ հրաշալի հնարավորություն է կամավորությունը՝ Եվրոպական կամավորական ծառայության միջոցով: Սա տարբեր մշակույթների հետ ծանոթանալու և նոր ընկերներ ձեռք բերելու, ինչպես նաև այլոց օգնելու ու նոր հմտություններ ստանալու յուրահատուկ ճանապարհ է: Դուք պետք է լինեք 17-ից 30 տարեկան և պատրաստ՝ արտասահմանում երկու շաբաթից մինչև 12 ամիս անցկացնելու: Կամավորության ծրագրերը կարող են լինել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մշակույթը, երիտասարդությունը, սպորտը, երեխաները, մշակութային ժառանգությունը, արվեստը, կենդանիների բարեկեցությունը կամ շրջակա միջավայրը: Դիմումի ներկայացման մանրամասներին կարելի է ծանոթանալ Եվրոպական կամավորական ծառայության պորտալում:

EU4Youth-ը հրավիրում է միանալ Վրաստանի 3 համայնքներում գյուղական նորարարական գիտելիքի կենտրոնների աշխատանքներին

EU4Youth-ն ընդունում է հայտեր՝ Վրաստանի երեք համայնքներում՝ Գորիում, Նինոծմինդայում և Ախմետայում իր նորարարական գիտելիքի կենտրոնների աշխատանքներին միանալու համար:

Հայտամրցույթը կազմակերպել է CENN-ը (Կովկասի բնապահպանական ՀԿ-ների ցանց)՝ «EU4Youth՝ Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգերի զարգացում (SEED) կանաչ առաջընթացի համար» ծրագրի շրջանակներում՝ Կախեթի տարածաշրջանային զարգացման հիմնադրամի (KRDF), Հասարակության զարգացման ասոցիացիայի, «Բիլիկի» հանրույթի և Նինոծմինդայի երիտասարդական կենտրոնի հետ գործընկերությամբ։

Նորարարության գիտելիքի կենտրոնները ուղղված են 14-ից 29 տարեկան երիտասարդներին, ներառյալ «Նի-Նի» («ոչ սովորող, ոչ աշխատող, ոչնչով չզբաղվող») սերնդի ներկայացուցիչներին, էմիգրանտներին, հաշմանդամություն ունեցող անձանց, սահմանամերձ համայնքների երիտասարդներին, էթնիկ փոքրամասնություններին, կանանց ու աղջիկներին և Գորիի, Նինոծմինդայի և Ախմետայի տարածաշրջաններում բնակվող այլ երիտասարդական խոցելի խմբերին։ Դրանք կենտրոնացած են սոցիալական ձեռներեցության ոլորտում նորարարական «կանաչ» գաղափարների վրա:

Կենտրոնները երիտասարդներին ապահովում են անհրաժեշտ սարքավորումներով (տպիչներ, հեռուստացույցներ, համակարգիչներ և այլն) համալրված տարածքով, ինչպես նաև անհատական զարգացման ուղղվածությամբ հանդիպումներին, դասընթացներին և միջոցառումներին ներկա գտնվելու հնարավորությամբ:

Նորարարական գիտելիքի կենտրոնների շրջանակներում խոցելի երիտասարդները ստանում են իրենց համայնքներում կարողությունների զարգացմանն առնչվող գործողություններ և բնապահպանական արշավներ իրականացնելու աջակցություն: Ինքնակազմակերպված գործունեությունից զատ, երիտասարդները կկարողանան մասնակցել հետևյալ թեմաներով դասընթացների.

  • Սոցիալական և կանաչ ձեռնարկատիրություն.
  • Շրջանաձև տնտեսություն.
  • Թվային տեխնոլոգիաներ.
  • Նորարարություններ և ստեղծարար մտածողություն.
  • Կլիմայի փոփոխություն.
  • Կայուն զարգացում.
  • Զբաղունակություն և այլն:

Եթե ցանկանում եք միանալ կենտրոններում իրականացվող բոլոր ընթացիկ աշխատանքներին, խնդրում ենք հետևել հղմանը և լրացնել անդամների գրանցման ձևաթուղթը:

Ինչ վերաբերում է ընտրության գործընթացին, առաջնահերթություն է տրվելու Գորիի, Նինոծմինդայի կամ Ախմետայի տարածաշրջաններում բնակվողներին։ Կենտրոնի անդամ ընտրվելու հիմնական չափանիշը անձնական մոտիվացիան է:

Եթե Դուք կամ Ձեր կազմակերպությունը, դպրոցը, համալսարանը/քոլեջը կամ նախաձեռնող խումբը ցանկություն ունեք օգտվել Նորարարական գիտելիքի կենտրոններից և դրանց ռեսուրսներից՝ ձեր նախաձեռնությունները, հանդիպումները և թեմատիկ դասընթացներն իրականացնելու համար, խնդրում ենք հետևել հղմանը և լրացնել հայտի ձևը:

Հաշվի առնելով COVID-19-ի հետ կապված ներկայիս իրավիճակը՝ սկզբնական փուլում բոլոր գործողությունները կկազմակերպվեն առցանց։

Շումանի անվան ստաժավորման հնարավորություններ Եվրոպական խորհրդարանում. վերջնաժամկետը նոյեմբերի 30-ն է

Եվրոպական խորհրդարանը բացել է իր Քարտուղարության շրջանակներում տարբեր ստաժավորումների համար հայտերի ընդունման գործընթացը՝ նպաստելու երիտասարդների մասնագիտական վերապատրաստմանը և նրանց կողմից տվյալ հաստատության աշխատանքի ըմբռնմանը:

Ստաժավորումներն իրականացվում են հինգ ամիս ժամկետով:

Մասնակցության իրավունք ստանալու համար անհրժեշտ է լինել 18 և ավելի բարձր տարիքի, ունենալ համալսարանական դիպլոմ(ներ), վարժ տիրապետել ԵՄ պաշտոնական լեզուներից մեկին և ունենալ ԵՄ մեկ այլ պաշտոնական լեզվի լավ իմացություն, տրամադրել դատվածություն չունենալու մասին տեղեկանք, երկու ամսից ավելի անընդմեջ աշխատած չլինել ԵՄ հաստատությունում կամ մարմնում և ստաժավորման մեկնարկից վեց ամիս առաջ չունենալ ճանաչողական այց Եվրոպական խորհրդարանի քարտուղարություն:

Եվրոպական միության կազմից դուրս գտնվող երկրների դիմորդներին կառաջարկվեն ստաժավորման սահմանափակ թվով հնարավորություններ: Ընտրվելու դեպքում անհրաժեշտ է դիմել վիզայի, բնակության և աշխատանքի ցանկացած տեսակի թույլտվության համար: Կատարված որևէ ծախս փոխհատուցման ենթակա չէ:

Եվրոպական համերաշխության կորպուս. ավելի քան 138 միլիոն եվրո՝ աջակցելու երիտասարդների կամավորական գործունեությանը 2022 թվականի ընթացքում

Նոյեմբերի 17-ին Եվրոպական հանձնաժողովը Եվրոպական համերաշխության կորպուսի շրջանակներում մեկնարկեց 2022 թվականի համար առաջարկների կոչ՝ առաջին անգամ հնարավորություն ընձեռելով նպաստելու մարդասիրական օգնության գործողություններին ամբողջ աշխարհում: Միջազգային ծրագրերի այս նոր շարքը կոչվում է «Եվրոպական կամավորական մարդասիրական օգնության կորպուս»:

Տվյալ կոչի շրջանակում կտրամադրվի գրեթե 139 միլիոն եվրո՝ ֆինանսավորելու կամավորական գործողություններ, երիտասարդների կողմից ղեկավարվող համերաշխության ծրագրեր, գերակա համարվող առողջ ապրելակերպի և մշակութային ժառանգության պահպանման ոլորտներում մասնագիտացած թիմերին, ինչպես նաև նորաստեղծ Եվրոպական կամավորական մարդասիրական օգնության կորպուսին:

Եվրոպական համերաշխության կորպուսի՝ հասարակության մարտահրավերներին ուղղված համերաշխության գործողություններին մասնակցել կարող են 18-ից 30 տարեկան երիտասարդները, իսկ միջազգային մարդասիրական օգնության գործողություններին՝ 18-ից 35 տարեկանները: Եվրոպական համերաշխության կորպուսի գործունեությանը մասնակցել ցանկացող երիտասարդները պետք է գրանցվեն Եվրոպական համերաշխության կորպուսի պորտալում, որտեղ նրանք կարող են փնտրել և գտնել ծրագրեր իրականացնող կազմակերպություններ: Եվրոպական համերաշխության կորպուսի պորտալում գրանցված երիտասարդական խմբերը կարող են նաև դիմել իրենց կողմից ղեկավարվող համերաշխության ծրագրերի ֆինանսավորման համար:

Եվրոպական համերաշխության կորպուսի ներքո գործունեություն իրականացնելու ֆինանսավորման համար կարող է դիմել ցանկացած պետական կամ մասնավոր կառույց: Նման կազմակերպությունները պետք է ձեռք բերեն որակի նշան, որը հաստատում է, որ նրանք ի վիճակի են իրականացնել բարձրակարգ համերաշխության գործունեություն՝ ծրագրի սկզբունքներին, նպատակներին և պահանջներին համապատասխան: Նրանք կարող են դիմել ԵՄ անդամ բոլոր պետություններում և ծրագրին ասոցացված երրորդ երկրներում գործող Եվրոպական համերաշխության կորպուսի ազգային գործակալությունների կամ Կրթության և մշակույթի եվրոպական գործադիր գործակալության (EACEA) օգնությանը՝ կենտրոնացված գործողությունների համար:

Հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 23-ը՝ նույն տարվա ընթացքում իրականացվող ծրագրերի համար, ինչպես նաև մինչև հոկտեմբերի 4-ը՝ հաջորդ տարվա ծրագրերի համար։

Եվրոպական համերաշխության կորպուսը ԵՄ ծրագիր է, որը նախատեսված է այն երիտասարդների համար, ովքեր ցանկանում են համերաշխության գործունեություն ծավալել տարբեր ոլորտներում՝ սկսած ԵՄ-ում և նրա սահմաններից դուրս անապահով մարդկանց օգնությունից մինչև առողջապահական և բնապահպանական գործողություններին նպաստելը: Եվրոպական համերաշխության կորպուսի 2021-2027 թվականների ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 1 միլիարդ եվրո։

Եվրոպական համերաշխության կորպուս. կամավորության հնարավորություն Ֆրանսիայում 2022 թ-ին

Եվրոպական համերաշխության կորպուսը Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան ներկայացնող երիտասարդներին հաջորդ տարի հրավիրում է Փարիզ (Ֆրանսիա)՝ այնտեղ կամավորական գործունեության մեջ ներգրավելու նպատակով։

Կամավորներին կհյուրընկալի «Concordia Île-de-France» կազմակերպությունը, որը նպատակ ունի խթանել միջմշակութային համագործակցությունը, ինչպես նաև եվրոպական և միջազգային շարժունակությունը:

18 շաբաթ շարունակ՝ 2022 թվականի հունվարի 1-ից մինչև հուլիսի 31-ը, մասնակիցն իր կամավորական գործունեության շրջանակներում տարածաշրջանի, Ֆրանսիայի և արտերկրի երիտասարդների շրջանում կխթանի եվրոպական նախագծերի շարժունակության հնարավորությունները, կաջակցի մեկ կամ մի քանի միջազգային կամավորական ծրագրերի իրականացմանը և կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն՝ տարածաշրջանի հանրության լայն շերտերի հետ հանդիպումների կազմակերպման և սոցիալական ցանցերով հաղորդակցման միջոցով:

Հրավիրող կազմակերպությունը կհոգա տեղավորման և սննդի ծախսերը։

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը դեկտեմբերի 15-ն է։

Եվրոպական համերաշխության կորպուս. մեկամյա կամավորական աշխատանք Շվեդիայում

Trans Europe Halles» (TEH) համաեվրոպական ցանցն ակտիվորեն փնտրում է ԵՄ Համերաշխության կորպուսի մոտիվացված կամավորների, այդ թվում՝ արևելյան բոլոր գործընկեր երկրներից՝ 2022 թվականի փետրվարի 1-ից մեկ տարով միանալու Լունդում (Շվեդիա) իր միջազգային թիմին:

TEH-ը արվեստի, մշակույթի և համայնքային օգտագործման արդյունաբերական և առևտրային շենքերի վերափոխման առաջատարն է 1983 թվականից: Կամավորը պետք է հետաքրքրված լինի թվային մեդիայով, հաղորդակցությամբ, արվեստով և մշակույթով, որպեսզի մասնակցի TEH-ի ամենօրյա գործունեությանը:

Մասնակիցը կապահովվի կացարանով նոր վերանորոգված բնակելի համալիրում, կստանա տեղական ավտոբուսի քարտ և հեծանիվ, ինչպես նաև գումար՝ «գրպանի» ծախսերի համար։

 Դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 30-ն է:

«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:

Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից  ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։

Radio NOR · Վրաստանի քաղաքացիական հասարակությունը խթանում է պատվաստումները