Ծխելը կրկնապատկում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ռիսկը. մասնագետներ

Ծխելը կրկնապատկում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ռիսկը. մասնագետներ

Ծխելը շարունակում է մնալ քաղցկեղի զարգացման ռիսկի բարձրացման ամենաազդեցիկ գործոններից մեկը։ Այս մասին հիշեցնում են Քաղցկեղի ամերիկյան միության մասնագետները։ Նրանց խոսքով՝ այս սովորությունը մեծացնում է քաղցկեղի բազմաթիվ տեսակների, այդ թվում՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման վտանգը։

Միության տվյալներով՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բոլոր ախտորոշումների մոտ 25 տոկոսը կապված է ծխախոտ ծխելու հետ։

Իսկ այս տեսակի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը նվազեցնելու համար նախ պետք է թողնել ծխելը: Բացի այդ, Քաղցկեղի միությունը խորհուրդ է տալիս հետեւել առողջ սննդակարգին, որը ներառում է մեծ քանակությամբ մրգեր, բանջարեղեն, ինչպես նաեւ սահմանափակել կարմիր եւ վերամշակված մսի, քաղցր ըմպելիքների օգտագործումը:

Մասնագետները հիշեցնում են, որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը կարող է չունենալ ակնհայտ ախտանիշներ։ Հետագա փուլերում առաջանում է դեղնություն եւ քոր, մեզի գույնը մգանում է, ախորժակը կորում է եւ քաշը նվազում, մարդուն հետապնդում է հոգնածության զգացումը, էներգիայի բացակայությունը, բարձր ջերմությունը եւ տենդը:

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ախտանիշները երբեմն կարող են շատ նման լինել մրսածության կամ գրիպի: Եթե ​​ախտանշանները, որոնք առաջացել են անհայտ պատճառով, տեւում են 4 շաբաթ եւ ավելի, մասնագետները խորհուրդ են տալիս խորհրդակցել թերապեւտի հետ։ Դեղնախտի ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի։ news.am