Բիձինա Իվանիշվիլիի «The New Times»-ի հարցազրույցում, Վրաստանի հայերի մասին ասածը մեծ արձագանք ունեցավ թե Վրաստանում, թե Հայաստանում: Ի՞նչ են մտածում դրա մասին Ախալքալաքում
Լրատվամիջոցներում արդեն կրքերը հանդարտվեցին, որոնք բորբոքվել էին Իվանիշվիլիի հայերի մասին արտահայտությունից հետո: Սակայն ախալքալաքցիներին մինչև հիմա հետաքրքրում է այն հարցը, թե դա ուղղակի լրագրողի սխալ էր՝ ով լրիվությամբ չէր ներկայացրել հարցազրույցում արտահայտած միտքը, թե ընտրություններին հաղթանակ տարած դաշինքի ղեկավարը անհանդուրժողականորեն է վերաբերվում Վրաստանում բնակվող հայերին:
Բիձինա Իվանիշվիլին հոկտեմբերի 2-ին հարցազրույց է տվել ռուսական «The New Times» պարբերականի գլխավոր խմբագիր Եվգենիա Ալբացին:
-«Դուք ապրել եք Ֆրանսիայում, ձեր երեխաները մեծացել են այդ երկրում, և հանկարծ՝ կուսակցություն, ընտրություններ… Ձեր ինչի՞ն է պետք այդ ամենը», – հնչում է Ալբացի 10-րդ հարցը:
-«Մենք վրացիներս այդպես տարօրինակ ենք՝ մենք կապված ենք մեր հողին: Այդպիսին է մեր բնավորությունը: Ահա, օրինակ, մեզ մոտ այստեղ հայեր են ապրում, չնայած որ մեր մոտ ոչնչով Հայաստանից լավ չէ: Իսկ ես ապշահար եմ լինում. ահա նրանց հայրենիքը կողքին է, իսկ նրանք մեզ մոտ են ապրում: Ձեր համար, հավանաբար, այդպիսի հարց չկա: Իսկ ինձ համար անհասկանալի է: Ես ապրել եմ Ֆրանսիայում, մեկ տարի Ամերիկայում, իսկ ինձ երազում սկսեց երևալ իմ գյուղը, իմ հողը…», – ասում է Իվանիշվիլին:
Այս հարց-պատասխանը «The New Times»-ի ինտերնետային էջում հրապարակված «հարցազրույցի լրիվ տարբերակի» միջից է: Չնայած որ հարցազրույցը գրված է հոկտեմբերի 2-ին, սակայն արձագանքը տեղի ունեցավ հոկտեմբերի 5-ին:
Նշենք որ, տարբեր լրատվամիջոցներում տարածված տարբերակը, «The New Times»-ի հրապարակած «լրիվ տարբերակից» քիչ է տարբերվում: Տարածված տարբերակում չկա միայն «չնայած որ մեր մոտ ոչինչով Հայաստանից լավ չի» հատվածը:
Հոկտեմբերի 5-ի երեկոյան Բիձինա Իվանիշվիլիի ֆեյսբուքյան պաշտոնական էջում տարածվեց հերքում:
-«Ինչ վերաբերվում է հարցազրույցին, ապա ես լրագրողի հարցին ընդգծված նշել եմ, որ հիացած եմ հայերի և հրեաների հատուկ շնորհքով, որ նրանք կարողանում են աշխարհի քաղաքացի լինել, նրանք ամենուրեք հաջողակ են, որտեղ էլ որ ապրեն, և ուժեղ սփյուռք ունեն: Իսկ մենք` վրացիներս, զարմանալի ժողովուրդ ենք, ցավոք որևէ տեղ չկարողացանք հիմնավորվել և ուժեղ սփյուռք կազմել: Այսպիսին էր իմ պատասխանի հիմնական համատեքստը: Միևնույն ժամանակ ցանկանում եմ ևս մեկ անգամ նշել, որ Վրաստանը բազմազգ պետություն է և այստեղ բնակվող բոլոր ժողովուրդների հայրենիքն է» – ասվում է հերքման մեջ:
Ախալքալաքում շատերը չեն հավատում, որ Իվանիշվիլին նման բան կարող էր ասել:
-«Ինձ թվում է նրա խոսքերը աղավաղել են, նա չէր կարող այդպիսի բան ասել, ես չեմ հավատում», – ասում է մի ախալքալաքցի:
Շատերի մոտ փոքր ինչ անորոշություն է առաջացել: Մարդիկ շփոթվեցին, երբ իմացան այդ հարցազրույցի մասին, և նորից հույս գտան Իվանիշվիլիի հերքումից հետո: Շատերը, ով քննադատում են հայտարարությունը, նախընտրում են դեռ սպասել, և չեն ուզում, որ իրենց կարծիքը հրապարակված լինի:
Սիլվա Զադոյանը հարցազրույցը լրիվությամբ չի կարդացել:
-«Ամեն դեպքում, այդ կարգի և դիրքի մարդը պետք է այնպես արտահայտվի, որպիսի երկակի չմեկնաբանվի: Նա պետք է ուշադիր լինի ամեն մի բառին: Ինքը սխալվելու իրավունք չունի, ամբողջ աշխարհը իրեն է հետևում, մանավանդ հիմա», – ասում է նա:
Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը ասում է, որ մինչև լրիվ տեքստը ճշտված չլինի, խորհուրդը չի կարող ճիշտ արձագանք անել:
-«Ընդհանուր առմամբ դեռ հստակված չէ այդ հարցազրույցի ամբողջական տեքստը: Մեզ համար գնահատական տալը մի քիչ դժվար է: Հենց սկզբից նման տիպի հայտարարությունը կարող է վատ հետևանք ունենա ազգամիջյան հարաբերությունների առումով, բայց ամեն դեպքում շատ վատ անդրադարձ կարող է ունենա Վրաստանի մեջ ազգային փոքրամասնությունների, մասնավորապես՝ հայերի համար»:
Նրա խոսքերով պաշտոնական հերքումը ավելի լավ կլիներ, եթե դա աներ խոսնակը, հավաքելով զլմներին, ոչ թե ֆեյսբուքում հայտարարվեր:
-«Հետո ես կխնդրեի պարոն Իվանիշվիլիին, որպիսի վիրահայությունն ու ջավախահայությունը տարբեր կոնտեքստներով դիտարկել, նույն հարթության վրա չդիտարկել: Ջավախքցիները իր պատմական հողի վրա են ապրում, և 100 տարին դեռ չի լրացել, որ Վրաստանի կազմում է», – ավելացրեց Արտակ Գաբրիելյանը:
Ախալքալաքի «Վրացական երազանքի» մեծամասնական թեկնածու՝ Նորիկ Կարապետյանը համոզված է, որ Իվանիշվիլին նման բան չէր կարող ասել, և որ դա զրպարտություն է:
-«Հարցազրույցը կտրտված և որոշ բաներ փոփոխված են տվել: Նա այդ բանը չի ասել: Ոնց կարող էր պարոն Իվանիշվիլին այդպիսի հայտարարություն տա, եթե նա եկել էր այստեղ (Հ.Դ. նախընտրական քարոզարշավի ժամանակ) ժողովրդի հետ հանդիպման, և հայտարարում էր, որ պիտի խոսվի լեզվի կարգավիճակի հարցի մասին, պիտի ստեղծվի հայ-վրացական համատեղ համալսարան, մեր եկեղեցին պիտի պահպանվի, գյուղատնտեսությանը արագ թափ պիտի տրվի, հսկայական աշխատատեղեր պիտի ստեղծվեն, որտեղ պիտի աշխատեն մեր ժողովուրդը, այլ ոչ դրսից եկածները», – ասում է Նորայր Կարպետյանը:
Վրաստանում այսօր իրադարձությունները զարգանում են շատ արագ, Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունը արդեն կորցրել է արդիականությունը, և դա լրագրողական սխալ էր, թե անհանդուրժողականություն ցույց կտա ժամանակը:
[Շուշան Շիրինյան
Ախալքալաք]