Առաջին անգամ հարավային Աֆրիկայում հայտնաբերբած կորոնավիրուսի նոր օմիկրոն տարբերակը լուրջ մտահոգությու է առաջացրել ամբողջ աշխարհում: Համարվում է, որ նոր շտամի առաջացումը կարող է շատ ավելի լուրջ փորձություն լինել մարդկանց եւ տնտեսության համար, քան 2021 թվականի հունիսի վերջին հայտնաբերված դելտա տարբերակը:
Փորձենք պարզել, թե ներկայումս ինչ է հայտնի նոր օմիկրոնի շտամի մասին:
Ի՞նչ է օմիկրոնը
Վիրուսի նոր տարբերակը նախորդներից տարբերվում է մեծ թվով նոր մուտացիաներով, որոնցից ավելի քան 30-ը գտնվում է կորոնավիրուսի սպիտակուցում: Այս բոլոր մուտացիաներն այն պոտենցիալ ամենավտանգավորն են դարձնում SARS-CoV-2 կորոնավիրուսի բոլոր հայտնի շտամերի թվում:
Առայժմ տվյալներ չկան այն մասին` արդյոք նոր տարբերակով վարակվելը կարող է հիվանդության ավելի ծանր ընթացք, բարդությունների կամ մահացության ռիսկի բարձրացում առաջացնել. այդ ամենը հայտնի կդառնա ավելի ուշ, երբ գիտնականներն ավելի շատ տվյալներ հավաքեն տարբեր երկրներում:
Առայժմ հայտնի է միայն, որ նոր մուտացիան կորոնավիրուսն էլ ավելի վարակիչ եւ «թռնող» դարձրեց։
Որտեղի՞ց է առաջացել օմիկրոնը
Այս վիրուսով վարակվելու առաջին դեպքերը գրանցվել են Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Օմիկրոնի առաջացման վարկածներից մեկը հնչեցրել է ԱՀԿ արտակարգ իրավիճակների վարչության տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Վան Կերխովը. աղբյուրը կարող էր լինել թուլացած իմունային համակարգով հիվանդը, ով ամբողջությամբ չէր ապաքինվել կորոնավիրուսի նախորդ շտամից: Հնարավոր է, որ վիրուսը երկար ժամանակ գտնվել է հիվանդի օրգանիզմում եւ կարողացել է այնտեղ մուտացիայի ենթարկվել։
Կարծիք կա նաեւ, որ նոր շտամը կարող էր առաջանալ այն պատճառով, որ Հարավային Աֆրիկայում մարդկանց զանգվածաբար բուժել են COVID-19 տարած հիվանդների պլազմայով։ Այդպես, մասնավորապես, կարծում է ՄՖՏԻ-ի գենոմային ինժեներիայի լաբորատորիայի ղեկավար Պավել Վոլչկովը (Ռուսաստան)։
Ո՞ւր է արդեն ներթափանցել օմիկրոնը։
Կորոնավիրուսի նոր տարբերակն արդեն հայտնաբերվել է Գերմանիայում, Իտալիայում, Միացյալ Թագավորությունում, Նիդեռլանդներում, Բելգիայում, Հոնկոնգում, Իսրայելում և Ավստրալիայում։ Դաշնային խորհրդի անդամ Վլադիմիր Կրուգլին (Ռուսաստան) կարծում է, որ կորոնավիրուսի նոր տեսակն արդեն կարող է հասնել Ռուսաստան, թեեւ դա դեռ պաշտոնապես հաստատված չէ։
Օմիկրոն շտամի տարածման պատճառով նոյեմբերի 28-ի երեկոյան Իսրայելը դարձավ առաջին եւ միակ երկիրը, որը 2 շաբաթով ամբողջությամբ փակեց սահմանները բոլոր օտարերկրացիների համար։ Իսրայել վերադարձող երկրի քաղաքացիները պետք է օդանավակայանում ՊՇՌ թեստ հանձնեն, այնուհետեւ մինչեւ 14 օր կարանտինում (առավելագույն ժամկետը չպատվաստվածների համար է) անցկացնեն։
Այլ երկրներում մինչ այժմ ավելի թեթեւ սահմանափակումներ են մտցվել. Գերմանիան, օրինակ, սահմանափակել է օդային հաղորդակցությունը Հարավային Աֆրիկայի հետ, Չեխիան եւս արգելել է մուտքը երկիր երրորդ երկրների քաղաքացիների համար, ովքեր վերջին 14 օրվա ընթացքում եղել է այն երկրներում, որտեղ հայտնաբերվել է օմիկրոնը: Հարավաֆրիկյան պետություններ այցելած անձանց մուտքի կամ տարանցման արգելք է մտցվել նաեւ Սինգապուրում։
Պատվաստանյութերը եւ օմիկրոնը
Շատ փորձագետներ մտավախություն ունեն, որ ներկայիս պատվաստանյութերը կարող են արդյունավետ չլինել օմիկրոնի դեմ: Այնուամենայնիվ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գնահատել է օմիկրոնի դեմ պատվաստանյութերի արդյունավետությունը եւ եզրակացրել, որ գոյություն ունեցող դեղամիջոցները դեռեւս արդյունավետ են վիրուսի այս շտամի դեմ. դրանք նվազեցնում են ծանր հիվանդության եւ դրանից մահվան ռիսկը:
Այնուամենայնիվ, հայտնի գործարար Նուբար Աֆեյանի հիմնադրած Moderna ամերիկյան ընկերությունն աշխատում է ավելի հզոր խթանող պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ, որն ավելի արդյունավետ պաշտպանություն կապահովի նոր կորոնավիրուսային մուտացիաներից, այդ թվում՝ օմիկրոնից։
Pfizer-ն իր հերթին նշել է, որ եթե պարզվի, որ պատվաստանյութերն արդյունավետ չեն օմիկրոնի դեմ, ապա պատվաստանյութի թարմացված տարբերակը պատրաստ կլինի ընդամենը 100 օրից։