Հունվարի 1-ից Հայաստանում կգործեն նոր սահմանափակումներ

Հունվարի 1-ից Հայաստանում կգործեն նոր սահմանափակումներ

Ռեստորաններում, հանրային սննդի կետերում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված նոր սահմանափակումների կիրառումն առաջինը կանդրադառնա հաճախորդների քանակի վրա, որի հետևանքով հանրային սննդի բոլոր օբյեկտները կարող են հայտնվել բավականին անհարմար վիճակում։ Նման կարծիք է հայտնել Ռեստորանների միության անդամ Արթուր Մարգարյանը` մեկնաբանելով հունվարի 1-ից նախատեսվող նոր սահմանափակումները, որոնցով նախատեսվում է քաղաքացիների մուտքը հանրային սննդի կետեր թույլատրել բացառապես պատվաստման հավաստագիր ունենալու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում։

«Շատերն այսօր հրաժարվում են պատվաստումից ։ Նրանց մեծ մասը պոտենցիալ հաճախորդներ են։ Նոր որոշումը շատ կազդի աշխատանքի վրա, առևտրի վրա, հաճախորդների քանակի վրա։ Որ նայում ես այլ երկրների փորձը, պարզ է դառնում, որ այդ սահմանափակումները շեշտակի ազդել են տնտեսվարողների բիզնես գործունեության վրա»,- ասել է նա։

Մարգարյանի խոսքով` նոր սահմանափակումներն իրագործելու համար տնտեսվարողները ստիպված են լինելու հավելյալ աշխատակիցներ ներգրավել, քանի որ որոշակի ժամերի հաճախորդների հոսքը հանրային սննդի կետեր միանգամից ավելանում է, և մատուցողները բնականաբար չեն կարող վերահսկել, թե հաճախորդներից ով է պատվաստված, ով ոչ։

Մարգարյանը չի բացառում, որ որոշ օբյեկտներ կարող են փակվել. ասում է` ցանկացած սահմանափակում կամ որոշում կայացնելուց առաջ ՀՀ առողջապահության նախարարության և այլ պատասխանատու մարմինների ներկայացուցիչները սովորաբար հանդիպում, քննարկում էին անելիքները, դրանց կիրառման մեխանիզմներ մշակում, բայց այս անգամ ոչ մի հանդիպում չի եղել, Ռեստորանների միության անդամները մամուլից են տեղեկացել նոր նախարարության որոշման մասին։

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ հունվարի 1-ից սննդի օբյեկտներ և մշակութային միջոցառումներ կկարողանան մուտք գործել միայն պատվաստված կամ բացասական ՊՇՌ թեստով քաղաքացիները: Նրա խոսքով` կորոնավիրուսի տարածումը նվազեցնելու համար նոր սահմանափակումները ոչ միայն քննարկվում են, այլ արդեն նախագծի տեսք ունեն և շրջանառվում են: Հայտնում է Sputnik Armenia-ն։