Կորոնավարակի պատճառով Վրաստանի ցամաքային սահմանները հատելու և այլ երկրներ գնալու համար գործում է որոշակի կանոնակարգ։ Քաղաքացիները սահմանային անցակետը հատելու և այլ երկիր մուտք գործելու համար պետք է բավարարեն տվյալ երկրի պայմանները։ Ինչպես հաղորդում է jnews.ge-ին, ըստ այդմ՝ Վրաստանի ԱԳՆ-ն ներկայացրել է Հայաստան, Թուրքիա և Ռուսաստան մուտքի կանոնները։
Վրաստանի քաղաքացին, որն անցել է կորոնավիրուսի դեմ պատվաստման ամբողջական կուրս, կարող է Հայաստանի Հանրապետություն մեկնել ցանկացած նպատակով՝ ինչպես օդային, այնպես էլ ցամաքային ճանապարհով։ Ցանկացած պատվաստանյութ թույլատրվում է։
Իսկ այն անձինք, որոնք պատվաստված չեն, ապա անպայման սահմանը հատելիս պետք է ունենան մեկնելուց առաջ վերջին 72 ժամվա ընթացքում անցկացված PCR թեստի բացասական արդյունքը հաստատող փաստաթուղթ։ PCR թեստի վկայականը չի պահանջվում մինչև 7 (6 տարի, 11 ամիս և 29 օր) տարեկան անչափահասների համար:
PCR թեստի բացակայության դեպքում քաղաքացին հնարավորություն ունի իր հաշվին թեստավորում անցկացնել ՀՀ թե՛ ցամաքային, թե՛ օդային սահմանային անցակետերում։ Քաղաքացիները կարող են հատել ինչպես Նինոծմինդա-Բավրա, այնպես էլ Սադախլո-Բագրատաշենի անցակետերը։ Անցակետերը աշխատում են առավոտյան ժամը 10։00-ից մինչև կեսգիշեր՝ ժամը 24։00-ը։
Համավարակի ժամանակ Վրաստանի քաղաքացիների՝ Թուրքիայի Հանրապետություն մուտքի պայմաններն են՝
Վրաստանի քաղաքացին ցանկացած նպատակով կարող է մեկնել Թուրքիայի Հանրապետություն։
Սահմանը հատելիս պարտադիր է ներկայացնել հետևյալ փաստաթղթերից մեկը`
Covid-պատվաստման ամբողջական կուրսը հաստատող փաստաթուղթ (պատվաստանյութի վերջին դեղաչափից 14 օր հետո)
Քաղաքացիները կարող են գնալ Թուրքիա ցամաքային անցակետի Սարփիի սահմանով, առավոտյան ժամը 10։00-ից մինչև կեսգիշեր՝ ժամը 24։00-ը։
Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու համար գործում են հետևյալ պայմանները՝
Քովիդից պատվաստված անձանց Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելիս այլ փաստաթղթեր պետք չեն, բավարար է Covid-անձնագիրը:
Մնացած քաղաքացիների համար Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացողները սահմանը հատելիս պետք է ներկայացնեն PCR թեստի բացասական արդյունքը հաստատող փաստաթուղթ։ Թեստի արդյունքների ներկայացումը պարտադիր է 8 տարեկանից։
Ստեփանծմինդա-Լարս սահմանը աշխատում է առավոտյան ժամը 10։00-ից մինչև կեսգիշեր՝ ժամը 24։00-ը։
Սույն կանոնակարգը չի տարածվում տարանցիկ ուղևորների և անձնակազմի անդամների վրա:
Հատկանշական է, որ ճանապարհորդության կանոններում կարող են փոփոխություններ մտցվել՝ համաճարակի իրավիճակից ելնելով։