Ոչ մի փոխզիջում չի լինի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության հարցերում. Կվիրիկաշվիլի

Ոչ մի փոխզիջում չի լինի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության հարցերում. Կվիրիկաշվիլի

Վրաստանի վարչապետ, «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության նախագահ Գեորգի Կվիրիկաշվիլին Ախալքալաքի բնակչության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ախալքալաքը խորհրդարանում իր ներկայացուցիչը կունենա նաև համամասնական ցուցակով:

Կվիրիկաշվիլին ներկայացրել է Ախալքալաքից ու Նինոծմինդայից մեծամասնական ընտրակարգով թեկնածու Հենզել Մկոյանին: Կվիրիկաշվիլին ընդգծել է, որ Վրաստանը բազմազգ, բազմամշակութային երկիր է, ինչը երկրի հարստությունն է, և կառավարությունը կանի ամեն բան, որպեսզի պաշտպանի յուրաքանչյուր քաղաքացու շահերը:

Կվիրիկաշվիլին Ախալքալաքի բնակչության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ վերջին տարիներին Վրաստանում կատարվել են դրական փոփոխություններ, և Վրաստանում այսօր ընթանում է որակապես այլ՝ բավական ազատ նախընտրական արշավ:

Կվիրիկաշվիլին անդրադարձել է նաև Վրաստանի արտաքին քաղաքականությանը. «Մի կողմից՝ մենք շարունակում ենք հավատարիմ մնալ արևմտյան կուրսին, մյուս կողմից՝ ձգտում ենք կարգավորել հարաբերությունները հարևանների հետ:

Ես հատկապես նկատի ունեմ Ռուսաստանը: Ոչ մի փոխզիջում չի լինի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության հարցերում, սակայն Վրաստանին անհրաժեշտ է նորմալ հարաբերություններ ունենալ բոլոր հարևանների հետ:

Մենք նախորդ չորս տարիներին կարողացանք և բացեցինք առևտուրը, և այսօր զբոսաշրջիկները վերստին ժամանում են Ռուսաստանից: Դա մեզ հնարավորություն է տվել կրճատել լարվածությունը: Այդ ամենը հնարավորություն է ստեղծում պլանավորել հետագա չորս տարում մեր կայուն զարգացումը»:



Opinion, pooling and voting