Վրաստանի մոտ 60 քաղաքացի արտաքսվել է Եվրոպայից

Վրաստանի մոտ 60 քաղաքացի արտաքսվել է Եվրոպայից

Այսօր Եվրոպայից արտաքսվել է Վրաստանի մոտ 60 քաղաքացի, հայտնում է Mtavari TV-ն։

Համատեղ հատուկ չվերթ է ուղարկվել դեպի Թբիլիսի Վրաստանի այն քաղաքացիներին, ովքեր անօրինական կերպով գտնվել են Գերմանիայում և Շվեդիայում և փորձել են ապաստան ստանալ այնտեղ՝ պատճառաբանելով իրենց հայրենիքի ծանր տնտեսական իրավիճակը և բուժման հետ կապված խնդիրները։

«Շվեդիայում մեզ շատ վատ էին վերաբերվում, ասես հանցագործներ լինենք: Նրանք ներխուժեցին մեր բնակարան, ստիպեցին մեզ հավաքել իրերը և արտաքսեցին մեզ»,- պատմել է Թբիլիսի ժամանած կանանցից մեկը։ Նրա խոսքով՝ ինքն ամուսնու և երկու երեխաների հետ մեկնել է արտերկիր՝ երեխային բուժելու, մինչդեռ բժիշկների կողմից կազմված բոլոր փաստաթղթերն իրենց մոտ են եղել։ «Երբ իմացան, որ ուզում ենք մնալ բուժվելու, ասացին, որ դա չէ պատճառը, և որ մենք պետք է բուժվենք մեր երկրում»,- լրագրողներին ասաց հատուկ չվերթի ուղևորներից մեկը։

Վրաստանի քաղաքացիները օգտվում են Շենգենյան գոտու երկրներ առանց վիզայի ռեժիմից, սակայն այնտեղ գտնվելու ժամկետը չպետք է գերազանցի երեք ամիսը։ Ըստ պետական ​​պաշտոնյաների՝ 2021 թվականի ընթացքում Վրաստանի մոտ 2 հազար քաղաքացի ստիպված է եղել լքել Եվրամիության երկրները, որոնց մեծ մասը արտաքսվել է Ֆրանսիայից և Գերմանիայից։

Ամեն ամիս արտաքսվածների հետ երկու-երեք հատուկ չվերթ Եվրոպայից ուղարկվում է Թբիլիսի։ Միևնույն ժամանակ, կորոնավիրուսի համաճարակի ժամանակ այս հոսքը նվազել է ԵՄ մուտքի կանոնների խստացման պատճառով, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։