Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովան Sputnik ռադիոկայանին ասել է, որ ծանր հոգնածությունը կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակվելու հիմնական ախտանիշներից մեկն է։
Սակայն այս ախտանիշը բնորոշ է տարբեր հիվանդությունների, նշել է մասնագետը։ Նրա խոսքով՝ բժշկական կրթություն չունեցող մարդու համար դժվար է հասկանալ, թե երբ է հոգնածության զգացումը կապված գերաշխատանքի, իսկ երբ՝ հիվանդության հետ։
Մասնագետը հավելել է, որ կորոնավիրուսային վարակը լուրջ խանգարումներ է առաջացնում մարմնի բազմաթիվ համակարգերի աշխատանքի մեջ։ Նրա խոսքով, վարակվածների մոտ առաջացող հոգնածության զգացումը կարող է առաջանալ իմունային համակարգի, ուղեղի աշխատանքի կամ նյարդային համակարգի հյուսվածքի լուրջ փոփոխություններով։ «Արյան հատկությունները կտրուկ փոխվում են, ինչը խանգարում է բազմաթիվ օրգանների արյան մատակարարմանը, ուստի մենք ֆիզիկապես թույլ ենք զգում: Այս ամենը միասին դրսևորվում է թուլացած մկանային տոնուսով, ճնշված հուզական ֆոնով», – բացատրել է Պավլովան:
Էնդոկրինոլոգը հորդորել է, երբ ի հայտ կգա այնպիսի ախտանիշ, ինչպիսին է ծանր հոգնածությունը, զգուշանալ և անցնել PCR թեստ COVID-19-ի համար։
Ավելի վաղ թերապևտ, բժշկական գիտությունների թեկնածու Ալեքսեյ Խուխրևն ասել էր, որ կորոնավիրուսի որևէ շտամով վարակվելիս կարող են ի հայտ գալ դրա հիմնական ախտանիշներից երկուսը՝ գլխացավեր և երկարատև ջերմություն։