Այսօր, առավոտյան ժամը 11:00 նիստ էր հրավիրված Ախալքալաքի №40 տարածքային ընտրական հանձնաժողովում: Քննարկվող թեման «Արդար ընտրություններ» կազմակերպության բողոքն էր:
«Արդար ընտրություններ» կազմակերպության դիտորդները արձանագրել էին խախտում, որում նշել էին, որ №1 ընտրամասում անվավեր քվեաթերթիկները գումարվել են «Ազգային շարժման» օգտին:
№40 հանձնաժողովում քննարկման ժամանակ նորից հաշվել են №1 ընտրամասի ձայները և նոր արձանագրություն են գրել: Ինչից հետո որոշվել է տուգանել №1 ընտրամասի նախագահին և քարտուղարին 2000-ական լարիով:
40/1 ընտրամասի քվեարկության արդյունքների արձանագրությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հասցեով. http://www.results.cec.gov.ge/prop/oqmi_40_1.html
Այդ քննարկման ժամանակ ընտրողների գրանցման թերթերը բաց են եղել: «Վրացական երազանքի» ներկայացուցիչ Բեժան Գունավան ասում է, որ նկատել է գրանցման թերթում բազմիցս կրկնվող և միանման ստորագրություններ:
-«Դա լուրջ իրավախախտում է, և մենք ուզում էինք դնել այդ հարցը օրակարգում, որպիսի լրիվ բացենք բոլոր ընտրամասերի գրանցման թերթերը, և սկզբից վերանայենք, բայց նրանք չհամաձայնվեցին, շփոթվեցին, և ոստիկանություն կանչեցին», – ասում է Բեժան Գունավան:
Նրա խոսքերով «Վրացական երազանքը» դիմում է ներկայացրել որպիսի այդ գրանցման թերթերը դնեն վերստուգման և համապատասխան միջոցներ ձեռնարկեն:
Նիստի ժամանակ հանձնաժողովի քարտուղար՝ Զուրաբ Մելիքիձեն վատ է զգացել, կանչել են շտապ օգնություն:
Զուրաբ Մելիքիձեի խոսքերով միանման ստորագրությունները հնարավոր չէ անզեն աչքով նկատել:
-«Գիտեք դա մեր իրավասության մեջ չէ, ոչ մենք, ոչ դուք, ոչ նրանք չենք կարող որոշել: Դրա համար գոյություն ունի փորձաքննություն, որը կարող է հաստատել կամ հերքել», – ասում է քարտուղարը:
Սակայն Բեժան Գունավան այլ կարծիքի է.
-«Այդտեղ փորձաքննություն էլ պետք չի, առանց այն էլ ամեն ինչ պարզ երևում է», – ասում է նա:
№40 հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել առանց հանձնաժողովի նախագահ՝ Հասմիկ Մառանգոզյանի, նիստը վարել է փոխնախագահ Պաատա Փանջակիձեն:
Մեզ չհաջողվեց հանդիպել Պաատա Փանջակիձեի և Հասմիկ Մառանգոզյանի հետ: Երբ միջադեպի մասին փորձեցինք պարզել հեռախոսով, հանձնաժողովի նախագահն անհասանելի էր: