Օտարերկրյա քաղաքացիների համար ՀՀ մուտքի նոր կանոններն ուժի մեջ են մտել

Օտարերկրյա քաղաքացիների համար ՀՀ մուտքի նոր կանոններն ուժի մեջ են մտել

Օտարերկրյա քաղաքացիների համար Հայաստանի մուտքի նոր կանոններն ուժի մեջ են մտել: ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 11-ի որոշման մեջ կատարված փոփոխություններով ՀՀ տարածք մուտք գործելիս ներկայացվում է COVID-19 ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ ամբողջական պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ: Իսկ եթե օտարերկրյա քաղաքացին մեկ դեղաչափով է ներարկված, ապա պետք է ներկայացնի երկիր մուտք գործելու օրվանից նվազագույնը 28 օր (4 շաբաթ) առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ, մեկից ավելի դեղաչափի դեպքում՝ վերջին դեղաչափը երկիր մուտք գործելու օրվանից նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ:
 

Ի դեպ, բացասական թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ չի պահանջվում մինչև 6 տարեկան 11 ամսական 29 օրական երեխաների համար։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանից Հայաստան ժամանած անձանց կողմից սերտիֆիկատները ներկայացվում են «Путешествую без COVID-19» բջջային հավելվածի միջոցով:

Օտարերկրացիների համար ՀՀ մուտքը շարունակում է բաց մնալ ինչպես օդային, այնպես էլ՝ ցամաքային ճանապարհով՝ բացառապես ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամվա վաղեմության սերտիֆիկատ կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու դեպքում։ Վերջիններիս մուտքը Հայաստանի տարածք արգելվում է՝ վերը նշված սերտիֆիկատներից որեւէ մեկը չներկայացնելու դեպքում:
 

ՀՀ քաղաքացիները, Հայաստանում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները, Հայաստանում մշտապես բնակվող՝ քաղաքացիություն չունեցող անձինք, Հայաստանում ապաստան ստացած եւ փախստականի կարգավիճակ ունեցող անձինք՝ սերտիֆիկատ չներկայացնելու դեպքում, ենթակա են նմուշառման օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետերում եւ պարտադիր ինքնամեկուսացման՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը: Եւս մեկ կարեւոր կետ՝ ՊՇՌ հետազոտության հետ կապված ծախսերը հոգում է քաղաքացին։ Ի դեպ, տեղեկացնենք, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ Հայաստանի տարածքում կարանտինը սահմանված է 2022 թվականի հունիսի 20-ը։