ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները այսօր բանակցություններ կվարեն տեսակոնֆերանսի ռեժիմում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները այսօր բանակցություններ կվարեն տեսակոնֆերանսի ռեժիմում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները այսօր տեսակոնֆերանսի ռեժիմում բանակցություններ կվարեն։ Ինչպես ճեպազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, բանակցությունների հիմնական թեման լինելու է ուկրաինական սահմանի երկայնքով ռուսական զորամիավորումների կենտրոնացումը։

Սպիտակ տան խոսնակն ասել է, որ առցանց հանդիպումը նախագահ Բայդենի համար հնարավորություն է «ընդգծելու ԱՄՆ-ի մտահոգությունը ուկրաինական սահմանին Ռուսաստանի ռազմական ակտիվացման վերաբերյալ և վերահաստատելու ԱՄՆ աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»:

Ջեն Փսակի խոսքով, զրույցը կանդրադառնա նաև ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների բազմաթիվ հարցերի, այդ թվում՝ ռազմավարական կայունության, կիբերհանցագործության և տարածաշրջանային խնդիրների:

Խոսելով Ուկրաինա ռուսական ներխուժման դեպքում ձեռնարկվելիք միջոցների մասին՝ Սպիտակ տան խոսնակն ասել է, որ ԱՄՆ-ն գործընկերների հետ քննարկում է տնտեսական պատժամիջոցները և այլ քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել «եթե նախագահ Պուտինը որոշի քայլ անել»։ Միաժամանակ, ըստ Փսակի, ԱՄՆ-ի նպատակն է բանակցությունների ընթացքում դիվանագիտական ​​ճանապարհով համոզել ռուսական կողմին դադարեցնել զորքերի մոբիլիզացումը Ուկրաինայի հետ սահմանին։

Կրեմլն իր հերթին նշում է, որ Վլադիմիր Պուտինի և Բայդենի հետ առցանց հանդիպման ժամանակ կքննարկվեն դեպի արևելք ՆԱՏՕ-ի չընդլայնման երաշխիքները։

«Սա մեր առաջարկն է՝ ձեռք բերել համապատասխան իրավաբանական համաձայնություններ մեր գործընկերների, առաջատար երկրների հետ, որոնք կբացառեն ՆԱՏՕ-ի ցանկացած մուտք դեպի արևելք և զենքի համակարգերի տեղակայումը, որոնք ուղղակի վտանգ են ներկայացնում Ռուսաստանի համար, այդ թվում՝ Ուկրաինայի սահմանակից տարածքներում»,- ասել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ քննարկվելիք հարցերի թվում են իրավիճակը Աֆղանստանում, Իրանում, Լիբանանում, Սիրիայում: