Վրաստան. ԵՄ-ն դեմ է Գերագույն դատարանի դատավորների ցմահ ժամկետով նշանակմանը

Վրաստան. ԵՄ-ն դեմ է Գերագույն դատարանի դատավորների ցմահ ժամկետով նշանակմանը

Վրաստան. ԵՄ-ն դեմ է Գերագույն դատարանի դատավորների ցմահ ժամկետով նշանակմանը

Գերագույն դատարանի չորս դատավորների ցմահ ժամկետով վերջին նշանակումները հակասում են այս տարվա ապրիլի 19-ին ստորագրված և հուլիսի 28-ին հաստատված քաղաքական համաձայնագրով Վրաստանի առաջնորդների ստանձնած դատաիրավական բարեփոխումների հանձնառություններին: Այս մասին ասված է ս.թ. դեկտեմբերի 2-ին Եվրոպական միության Արտաքին գործողությունների ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Հայտարարության համաձայն՝ նման նշանակումները, որոնք կատարվել են նախքան առաջադրման գործընթացում առկա թերությունների վերացումը, չեն համապատասխանում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) և Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին։

«Այս գործողությունները սպառնում են ավելի խարխլել երկրի դատական համակարգի անկախությունը և արդարադատության համակարգի նկատմամբ հանրային վստահությունը », – ասվում է հայտարարության մեջ:

ԵՄ-ն հիշեցնում է, որ թեև այն լիովին հավատարիմ է աջակցելու վրացական բարեփոխումներին՝ ԵՄ-Վրաստան Ասոցացման համաձայնագրին համապատասխան, Վրաստանին ցուցաբերվող օգնությունը շարունակում է պայմանավորված լինել հիմնական բարեփոխումների, այդ թվում՝ դատական համակարգի առաջընթացով:

Խաղաղության եվրոպական հիմնադրամ. ԵԽ խորհուրդը կաջակցի Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային

Եվրոպական միության խորհուրդը դեկտեմբերի 2-ին ընդունել է մի շարք որոշումներ, որոնցով սահմանվում են աջակցության չորս միջոցառումներ՝ ի աջակցություն Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Մալիի:

Այս միջոցառումներն ուղղված են ամրապնդելու նշված երկրների ռազմական և պաշտպանական կարողությունները՝ նպատակ ունենալով խթանել նրանց ներքին դիմակայունությունը և խաղաղությունը: Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի դեպքում ԵՄ-ն նաև նպատակ ունի բարձրացնել տեղական զինված ուժերի կարողությունները և փոխգործելիությունը՝ նպաստելու Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության (ԸԱՊՔ) ռազմական առաքելություններին և գործողություններին:

Ամբողջ օգնության տրամադրումը կիրականացվի համապատասխան միջազգային օրենքներին համահունչ: Միջոցառումներից և ոչ մեկը չի նախատեսում մահաբեր ուժի ապահովման համար նախատեսված սարքավորումների մատակարարում:

Վրաստան

Օժանդակության այս միջոցառումը կօգնի ամրապնդել Վրաստանի պաշտպանության ուժերի կարողությունները, ներառյալ ճգնաժամային կամ արտակարգ իրավիճակներում քաղաքացիական անձանց ծառայություններ մատուցելու նրանց կարողությունը: Մասնավորապես, այն կտրամադրի ոչ մահաբեր բժշկական և ինժեներական սարքավորումներ և քաղաքացիական նշանակության փոխադրամիջոցներ:

Այս միջոցառմանը ԵՄ-ն կտրամադրի 12,75 միլիոն եվրո: Օժանդակությունը նախատեսված է 36 ամսվա համար:

Մոլդովա

Օժանդակության այս միջոցառումը կօգնի զարգացնել Մոլդովայի Հանրապետության Զինված ուժերի Ռազմաբժշկական ծառայության և Ինժեներական գումարտակի կարողությունները՝ ներառյալ ճգնաժամային կամ արտակարգ իրավիճակներում քաղաքացիական անձանց ծառայություններ մատուցելու նրանց կարողությունը: Մասնավորապես, ԵՄ-ն կֆինանսավորի Ռազմաբժշկական ծառայության համար բժշկական սարքավորումների, իսկ Ինժեներական գումարտակի համար՝ պայթուցիկ զինամթերքի վնասազերծման սարքավորումների տրամադրումը:

Այս միջոցառմանը ԵՄ-ն կտրամադրի 7 միլիոն եվրո: Օժանդակությունը նախատեսված է 36 ամսվա համար:

Ուկրաինա

Օժանդակության այս միջոցառումը կբարձրացնի Ուկրաինայի ընդհանուր դիմակայունությունը և կօգնի ամրապնդել Ուկրաինայի զինված ուժերի կարողությունները, ներառյալ ճգնաժամային կամ արտակարգ իրավիճակներում քաղաքացիական անձանց ծառայություններ մատուցելու նրանց կարողությունը: Մասնավորապես, այն կֆինանսավորի ռազմաբժշկական ստորաբաժանումներին, այդ թվում՝ դաշտային հոսպիտալներին, ինչպես նաև ինժեներական, շարժունակության և նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումներին: Այս միջոցառմամբ ԵՄ-ն կաջակցի նաև երկրի կիբերանվտանգությանը:

Այս միջոցառմանը ԵՄ-ն կտրամադրի 31 միլիոն եվրո: Օժանդակությունը նախատեսված է 36 ամսվա համար:

Վրաստանի երեք քաղաքներ կստանան EU4Culture-ի դրամաշնորհներ՝ մշակութային զարգացումը խթանելու համար

Վրաստանի Զուգդիդի, Քութայիս և Փոթի քաղաքները ԵՄ-ից ստացել են 30,000-ական եվրո դրամաշնորհներ՝ մշակութային զարգացման ռազմավարություններ պատրաստելու համար: «EU4Culture»-ի դրամաշնորհները պաշտոնապես շնորհվել են դեկտեմբերի 1-ին՝ Վրաստանում ԵՄ պատվիրակության աջակցությամբ Թբիլիսիում կազմակերպված միջոցառման ժամանակ:

Դրամաշնորհային հայտերի մրցույթը մեկնարկել է 2021 թվականի մայիսին՝ նպատակ ունենալով աջակցելու մարզային քաղաքներին՝ մշակելու և իրականացնելու Մշակութային զարգացման ռազմավարություններ՝ հետևելով եվրոպական մշակութային մայրաքաղաքների մոտեցմանը: Ընդհանուր առմամբ կանչին մասնակցել են 70 քաղաքներ Արևելյան գործընկերության 5 երկրից:

Ընտրված քաղաքները կստանան մինչև 30,000 եվրո դրամաշնորհ իրենց Մշակութային զարգացման ռազմավարությունը մշակելու համար: Կանչի վերջնական փուլում նշված երեք քաղաքներից մեկին կտրամադրվի մինչև 300,000 եվրո դրամաշնորհ՝ իր ռազմավարությունն իրականացնելու համար:

EU4Culture-ը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող քառամյա ծրագիր է, որն ուղղված է աջակցելու մշակույթի և ստեղծարարության հատվածին՝ կենտրոնանալով Արևելյան գործընկերության երկրների մարզային քաղաքների վրա: Ծրագիրը նպատակ ունի նպաստելու տարածաշրջանում մշակույթն աճի և սոցիալական զարգացման շարժիչ դարձնելուն:

ԵՄ-Վրաստանի և ԵՄ-Մոլդովա առևտրային համաձայնագրեր. կիսվիր քո կարծիքով

Եվրոպական հանձնաժողովը Վրաստանի և Մոլդովայի քաղաքացիներին հրավիրում է մասնակցելու այդ երկրների և ԵՄ-ի միջև առևտրային հարաբերությունների վերաբերյալ հանրային խորհրդակցություններին:

Գնահատման ընթացքում կուսումնասիրվեն Վրաստանի և Մոլդովայի հետ ԵՄ «Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրերի» դրական և բացասական կողմերը: Սրանք ԵՄ-ի հետ նշված երկրներից յուրաքանչյուրի ստորագրած Ասոցացման համաձայնագրի մի մասն են:

Ուսումնասիրության շրջանակներում կգնահատվի այս առևտրային համաձայնագրերի ազդեցությունը յուրաքանչյուր երկրի առևտրի և տնտեսության, հասարակության, աշխատողների, մարդու իրավունքների և շրջակա միջավայրի վրա: Այն նաև կանդրադառնա փոքր բիզնեսի և սպառողների վրա ունեցած ազդեցությանը:

Խորհրդակցությունները կշարունակվեն մինչև 2022 թվականի հունվարի 10-ը։

ԵՄ-ն և Վրաստանը երկխոսություն են վարում ռազմավարական անվտանգության շուրջ

2021 թվականի նոյեմբերի 25-ին Բրյուսելում տեղի ունեցավ ԵՄ-Վրաստան բարձր մակարդակի չորրորդ երկխոսությունը՝ ռազմավարական անվտանգության շուրջ։ Հանդիպումն արտացոլեց երկու կողմերի հանձնառությունն ու շահագրգռվածությունը՝ առաջ մղելու արտաքին և անվտանգության քաղաքականության ոլորտում իրենց համագործակցությունը՝ ԵՄ-Վրաստան Ասոցացման համաձայնագրին համապատասխան։

Հանդիպմանը քննարկվեց Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտությունների դինամիկան, ներառյալ տեղերում Ռուսաստանի հետ կապված վերջին զարգացումները: Կողմերը նաև ընդգծեցին ԵՄ միջնորդությամբ 2008թ. հրադադարի համաձայնագրի իրագործման կարևորությունը։

Երկուստեք հերթական անգամ ընդգծվեց Վրաստանում խաղաղության և անվտանգության հաստատման գործում ԵՄ դիտորդական առաքելության կարևոր դերը և ընդգծվեց նրա մանդատի լիարժեք իրականացման անհրաժեշտությունը։ ԵՄ-ն վերահաստատեց իր անսասան աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ վերջինիս միջազգայնորեն ճանաչված սահմաններում։

ԵՄ-ն երախտագիտություն հայտնեց ԵՄ Ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության մեջ Վրաստանի արժեքավոր ներդրման համար, մասնավորապես՝ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում և Մալիում ԵՄ գլխավորած ճգնաժամային կառավարման գործողություններին և առաքելություններին Վրաստանի մասնակցության, ինչպես նաև Աֆղանստանից զորքերի դուրսբերման ժամանակ վերջինիս՝ որպես տարանցիկ հանգույցի դերի համար:

Պարտիզակ գյուղում պաշտոնապես բացվել է ԵՄ աջակցությամբ արևային կայանը

Նոյեմբերի 25-ին Պարտիզակ գյուղում տեղի է ունեցել «Սոլիս» էլեկտրակայանի բացման պաշտոնական արարողությանը։ Ակնկալվում է, որ նոր արևային կայանը տարեկան կարտադրի այնքան էներգիա, որը բավարար կլինի շուրջ 2000 տնային տնտեսության համար՝ միաժամանակ տարեկան մինչև 3200 տոննայով նվազեցնելով CO2 արտանետումները:

«Սոլիս» էլեկտրակայանն առաջին ծրագիրն է, որը ֆինանսավորում է «Ամբեր Կապիտալ» ընկերության կողմից կառավարվող ԵՄ-Հայաստան ՓՄՁ բաժնեմասնակցային հիմնադրամը: Մինչ այժմ այս հիմնադրամը 50 միլիոն ԱՄՆ դոլար ներդրումներ է ներգրավել հայաստանյան բիզնեսների համար։

«Սոլիս կայանը ցույց է տալիս վերականգնվող էներգիայի ոլորտի և Հայաստանում կայուն ֆինանսավորման ու ներդրումների ներուժը։ ԵՄն հանձն է առել աջակցել Հայաստանին և նրա մասնավոր հատվածին «կանաչ» վերականգնման ճանապարհին», — մեկնարկի միջոցառմանը նշել է ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը: 

ՎԶԵԲ-ը և բազմադոնոր E5P հիմնադրամը կֆինանսավորեն Երևանի համար «կանաչ» ավտոբուսների ձեռք բերումը

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանին տրամադրում է 20 միլիոն եվրոյի չափով սուվերեն վարկ, որը «Երևանի ավտոբուս» ընկերությանը հնարավորություն կտա գնել սեղմված բնական գազով շահագործվող նոր ավտոբուսներ:

Տրանսպորտային միջոցները կբարելավեն քաղաքի 1 միլիոն բնակիչների սպասարկումը՝ բարձրացնելով հասարակական տրանսպորտի հուսալիությունը, անվտանգությունը և արդյունավետությունը, և օգուտ կբերեն շրջակա միջավայրին՝ նվազեցնելով արտանետումները: «Երևանի ավտոբուս» ընկերությունը կօգտվի նաև ՎԶԵԲ-ի տեխնիկական համագործակցության աջակցությունից՝ տոմսերի վաճառքի նոր համակարգի ներդրման համար։

ՎԶԵԲ-ի վարկին աջակցում է 5 միլիոն եվրոյի չափով կապիտալ դրամաշնորհը՝ Արևելյան Եվրոպայի էներգախնայողություն և շրջակա միջավայրի գործընկերություն (E5P) հիմնադրամից:

Հայաստան. ԵՄ-ն կաջակցի Երևանի 12 դպրոցների էկո-ակումբներին

Նոյեմբերի 17-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը դրամաշնորհային վկայականներ հանձնեց Երևանի 12 դպրոցներին։ Այս դրամաշնորհների շնորհիվ այդ դպրոցները կհիմնեն և կգործարկեն էկո-ակումբներ, որոնց միջոցով իրենց սաներին կտրամադրեն ոչ-ֆորմալ բնապահպանական կրթություն։

Վկայականները հանձնվեցին Երևանում կայացած «Դեպի ավելի մաքուր և կանաչ քաղաքներ» միջազգային համաժողովի ընթացքում: Համաժողովը կազմակերպվել էր ԵՄ ֆինանսավորմամբ «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է ուժեղացնել վտանգավոր թափոնների կառավարման ոլորտում քաղաքային կառավարումը՝ հիմնված հասակակիցների ուսուցման, քաղաքացիների ավելի մեծ մասնակցության և միջազգային լավագույն փորձի ինտեգրման վրա:

Հայաստանը և Ուկրաինան ներկայացնող երգիչները «Music Moves Europe Awards 2022»-ի հավակներդների շարքում են

Նոյեմբերի 22-ին «Music Moves Europe Awards 2022»-ը հայտնել է 15 հավակնորդների անունները, որոնց թվում են հայկական «Լադանիվա» խումբը և Ուկրաինան ներկայացնող Ալինա Պաշը:

Music Moves Europe Awards-ը ԵՄ ամենամյա մրցանակ է, որի նպատակն է ճանաչել նոր եվրոպացի արտիստներին և աջակցել նրանց միջազգային կարիերայում:

Միջազգային ժյուրին հավակնորդների միջից կընտրի հինգ հաղթողներին, ովքեր կստանան 10000-ական եվրո՝ իրենց միջազգային կարիերան զարգացնելու համար: Բացի այդ, կընտրվի կատարող, ով կստանա ժյուրիի գլխավոր մրցանակը՝ 10 հազար եվրո և կանաչ հյուրախաղի վաուչեր՝ 5 հազար եվրոյի չափով: Արտիստներից մեկին էլ կշնորհվի Հանրային ընտրության մրցանակը, որը կշնորհվի այն թեկնածուին, ով MME-ի կայքում անցկացվող հանրային քվեարկությունում կհավաքի ամենաշատ ձայները:

Մրցանակակիրների անունները կհայտարարվեն Music Moves Europe Awards-ի՝ 2022 թվականի հունվարի 20-ին Նիդերլանդների Գրոնինգեն քաղաքում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ: 2021 թվականի Հանրային ընտրության մրցանակակիրը՝ ուկրաինացի հիփ-հոփ արտիստ Ալյոնա Ալյոնան այժմ ընդգրկված է Music Moves Awards-ի ժյուրիի կազմում:

«Լադանիվա»-ն բազմամշակութային խումբ է, որը համաշխարհային երաժշտություն է ստեղծում հայկական ֆոլքի և այլ ավանդական ձևերի (մալոյա, բալկանբիթ, ռեգգի, արաբական և աֆրիկյան ազդեցություններ) օրիգինալ մեկնաբանությամբ:

Ալինա Պաշը 100 տոկոսանոց «բիտանգա» է (ռուսինական բարբառ՝ «խուլիգան»), որը կոտրում է հին կարծրատիպերի համակարգը: Նրա յուրահատուկ ոճը էլեկտրոնային երաժշտության, հիփ-հոփի, փոփի և էթնիկ ֆոլքի միքս է:

Global Gateway. մինչև 300 միլիարդ եվրո` ամբողջ աշխարհում կայուն կապերի խթանման ԵՄ ռազմավարության համար

Այսօր Եվրոպական հանձնաժողովը գործարկում է «Global Gateway» (Գլոբալ դարպասներ) եվրոպական նոր ռազմավարությունը՝ խթանելու խելացի, մաքուր և անվտանգ կապերը թվայնացման, էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտներում և ամրապնդելու առողջապահական, կրթական ու հետազոտական համակարգերն ամբողջ աշխարհում:

«Global Gateway»-ը նպատակ ունի 2021-ից 2027 թվականների ընթացքում մոբիլիզացնել մինչև 300 միլիարդ եվրոյի ներդրումներ՝ նպաստելու կայուն համաշխարհային վերականգնմանը՝ հաշվի առնելով ԵՄ գործընկերների կարիքները և ԵՄ-ի սեփական շահերը:

Օգտագործելով «Թիմ Եվրոպա» մոտեցումը՝ «Global Gateway»-ը կմիավորի ԵՄ-ի և նրա անդամ պետությունների ջանքերը՝ իրենց ֆինանսական և զարգացման հաստատություններով հանդերձ, ներառյալ Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), և կմոբիլիզացնի մասնավոր հատվածին՝ փոխակերպիչ ազդեցությամբ ներդրումներ ներգրավելու համար: Ամբողջ աշխարհում ԵՄ պատվիրակությունները առանցքային դեր կխաղան գործընկեր երկրներում «Global Gateway»-ի ծրագրերի բացահայտման և համակարգման գործում:

«ԵՄի համար գլոբալ միակցումը սկսվում է իր հարևանությունից: Արևմտյան Բալկանների, Արևելյան և Հարավային հարևանների համար մեր կողմից վերջերս նախաձեռնված տնտեսական և ներդրումային պլանները բոլորը կառուցված են միակցման շուրջ։ Մեր գործընկերների հետ սերտ համագործակցության արդյունքում մշակված այս պլանները կսկսեն իրականացնել «Global Gateway» ռազմավարությունը մեր հարևան տարածաշրջաններում, որոնք դեռևս գտնվում են սույն հանձնաժողովի մանդատի ներքո», — ասել է Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին:

«Դժվարին, բայց կարևոր և արժանի ճակատամարտ». Շառլ Միշելը ողջունել է Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համագումարի մասնակիցներին

«Քաղաքացիական հասարակությունը կարևոր դեր է խաղացել և խաղում Արևելյան գործընկերության կարևոր ոլորտներում առաջընթացի հասնելու գործում, ներառյալ քաղաքական համագործակցությունը, տնտեսական վերականգնումը և ժողովրդավարական բարեփոխումները», – ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը` դիմելով Քաղաքացիական հասարակության համագումարի մասնակիցներին:

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) 13-րդ տարեկան համագումարը տեղի ունեցավ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում՝ «Ճանապարհ դեպի վերականգնում. բարեփոխումների և դիմակայունության խթանում՝ հանուն ավելի ուժեղ Արևելյան գործընկերության» խորագրի ներքո: Համագումարին իրենց առցանց մասնակցությունը բերեցին ավելի քան 300 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ (ՔՀԿ-ներ) և որոշումներ կայացնողներ՝ Արևելյան գործընկերության երկրներից ու ԵՄ-ից:

«Մենք զարգացրել ենք մեր գործընկերությունը՝ անկախ տարաբնույթ մարտահրավերներից՝ տնտեսական ճգնաժամերից մինչև զինված հակամարտություններ և COVID-19 համավարակ», – հայտարարեց Շառլ Միշելը՝ հավելելով. «Դուք պետք է շարունակեք առաջ գնալ և ձեր ձայնը լսելի դարձնել»:

Նախագահը հավելեց, որ ԵՄ-ն համառորեն կշարունակի աշխատել Արևելյան գործընկերության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ. «Ժողովրդավարության ամրապնդում, կոռուպցիայի դեմ պայքար, օրենքի գերակայության պաշտպանություն, մամուլի ազատության ապահովում և ապատեղեկատվության դեմ պայքար. սա դժվարին, բայց կարևոր և արժանի ճակատամարտ է»:

Համագումարի արդյունքներով կնախապատրաստվեն առաջարկություններ՝ Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովին ընդառաջ (2021թ. դեկտեմբերի 15-16):

«CulturEU». նոր ուղեցույցն ավելի մատչելի է դարձնում ԵՄ ֆինանսավորումը մշակութային և ստեղծագործական ոլորտների համար

Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է նոր ինտերակտիվ ուղեցույց, որը քարտեզագրում է 2021-2027 թվականներին մշակութային և ստեղծագործական ոլորտների համար ԵՄ մակարդակով հասանելի բոլոր ֆինանսավորումները:

«CulturEU»-ի ֆինանսավորման ուղեցույցը ներառում է հնարավորություններ, որոնք կապված են Եվրոպական հանձնաժողովի առաջնակարգ ծրագրերի՝ «Ստեղծագործ Եվրոպա», «Հորիզոն Եվրոպա», «Էրազմուս +», «Եվրոպական համերաշխության կորպուս», «Գլոբալ Եվրոպա. Հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության գործիք (NDICI)» և այլնի հետ:

Դուք կարող եք գտնել ճիշտ ֆինանսավորման հնարավորությունը՝ ըստ ձեր աշխատանքային ոլորտի, կազմակերպության տեսակի և այն աջակցության, որը փնտրում եք:

«CulturEU»-ի ֆինանսավորման ուղեցույցը պարունակում է նաև նախագծերի մի շարք ոգեշնչող օրինակներ, որոնք արդեն օգտվել են ԵՄ ֆինանսավորումից 2014թ-ից մինչև 2020թ-ն ընկած ժամանակահատվածում: Օրինակ՝ Պատմական քաղաքային տարածքների վերափոխման համար նորարարության և ձեռնարկատիրության կենտրոնները՝ Ուկրաինայի մասնակցությամբ:

 Ֆինանսավորման ուղեցույցը հասանելի է նաև գրքույկի տեսքով ներբեռնելու համար:

Դարքնեթում հանցավորության դեմ պայքար. «CyberEast»-ը եւ «TOPCOP»-ն աջակցում են Արեւելյան գործընկերության երկրների իրավապահ մարմիններին

Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ «CyberEast» ծրագիրն ու վերջինիս գործընկեր «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վերապատրաստում և գործառնական համագործակցություն» ծրագիրը (TOPCOP) միավորել են ուժերը՝ բարելավելու Արևելյան գործընկերության տարածաշրջանում և ԵՄ գործակալությունների հետ համագործակցությունը՝ Դարքնեթում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ:

Նոյեմբերի 8-12-ին և նոյեմբերի 22-26-ին Եվրապոլի «TOPCOP» ծրագիրը հատուկ դասընթացներ անցկացրեց Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի մի խումբ իրավապահների համար: «CyberEast» ծրագիրն էլ ապահովեց կիբերհանցագործությունների և Դարքվեբի հարցերով մասնագիտացած փորձագետներով:

«Դարքվեբը գնալով դառնում է մի վայր, որտեղ ծաղկում է ապօրինի գործունեությունը, իսկ հանցագործները գործում են ենթադրյալ անանունության պայմաններում: Հաղորդվում է, որ «Tor»-ի թաքնված ծառայությունների գրեթե 30%-ը վերաբերում է ապօրինի գործունեության որեւէ ձևին, ինչպիսիք են ապօրինի թմրամիջոցների, զենքի, կոմպրոմատի, կեղծ փաստաթղթերի, դեղամիջոցների, քիմիական նյութերի և այլ արգելված ապրանքների վաճառքը»,- ասված է «CyberEast» ծրագրի տարածած մամուլի հաղորդագրությունում։

«CyberEast»-ը նշում է, որ կշարունակի աջակցել ԱլԳ քրեական արդարադատության հաստատություններին կիբեռհանցագործությունների և էլեկտրոնային ապացույցների ոլորտում իրենց կարողությունների ամրապնդման գործում՝ զուգահեռաբար կենտրոնանալով ֆինանսական հետաքննության և հետախուզության, առցանց հանցագործությունից ստացված եկամուտների և ֆինանսական խարդախության ու փողերի լվացման հետ կապված հանցագործությունների վրա, ինչպես նաև ավելի մեծ ուշադրություն դարձնելով վիրտուալ արժույթներին ու Դարքնեթի հետաքննություններին վերաբերող հարցերին՝ «հետևել փողին» հայեցակարգի համատեքստում։

Ակտիվ երիտասարդներն ամուր ժողովրդավարության բանալին են. Արեւելյան գործընկերության գագաթնաժողովից առաջ Երիտասարդական ֆորումը քննարկում է հիմնական խնդիրները

Նոյեմբերի 23-24-ին առցանց ձևաչափով կայացած Արևելյան գործընկերության 5-րդ երիտասարդական ֆորումը հավաքել էր ավելի քան 150 երիտասարդական աշխատողների, ակտիվ և քննադատական մտածողություն ունեցող երիտասարդների և երիտասարդական քաղաքականություն մշակողների Արևելյան գործընկերության երկրներից, Եվրոպական միությունից և դրան անդամակցող երկրներից։

«Երիտասարդների մասնակցությունը ժողովրդավարական գործընթացներին» խորագրով ֆորումը կազմակերպել էր Եվրոպական միության խորհրդում Սլովենիայի նախագահությունը՝ Եվրոպական հանձնաժողովի և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության հետ համագործակցությամբ:

«Ակտիվ երիտասարդներն ամուր ժողովրդավարության, պատասխանատու քաղաքականության, մարդու իրավունքների պաշտպանության և դիմակայունության բարձրացման բանալին են»,- ֆորումին ուղղված իր բացման խոսքում նշել է Սլովենիայի արտաքին գործերի նախարար Անժե Լոգարը։

Այս տարվա Երիտասարդական ֆորումի հիմնական թեման կենտրոնացած էր ժողովրդավարական գործընթացներում երիտասարդների բովանդակալից մասնակցության համար ներառական միջավայրի և համապատասխան պայմանների հաստատման շուրջ:

Ֆորումի մասնակիցներն անդրադարձան երիտասարդական քաղաքականության ապագային և առաջարկություններ արեցին դրանց համապարփակ և ներառական զարգացման համար։ Այդ առաջարկությունները կնպաստեն 2021թ․ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի քննարկումներին։

Ֆորումի աշխատաժողովներին ակտիվ մասնակցություն են ունեցել «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (ԵԵԴ) ցանցի անդամները՝ նպաստելով Արևելյան գործընկերության երիտասարդական քաղաքականության ապագայի և երիտասարդության բովանդակալից մասնակցության համար անհրաժեշտ պայմանների ստեղծման վերաբերյալ առաջարկությունների մշակմանը։

«Կարծում եմ, որ ժողովրդավարական գործընթացներին երիտասարդության մասնակցությունը անհրաժեշտ պայման է, որպեսզի հասարակությունն իսկապես ձևավորվի դրանում ապրող մարդկանց կողմից և հանուն վերջիններիս: Չկա հնարավոր ներառական ապագա՝ առանց գիտակցման, որ որոշումների կայացման գործընթացներում անհրաժեշտ է երիտասարդության իրական ներգրավվածություն»,- նշել է Մարիա Պիա Նապոլետանոն՝ ֆորումին մասնակցած 27 ԵԵԴ-ներից մեկը:

Երիտասարդական ֆորումի աշխատանքներին կարող եք ծանոթանալ հատուկ կայքում:

«Էրազմուս+» ծրագրի 2022 թվականի մոտ 3,9 միլիարդ եվրո բյուջեն ավելի մեծ հնարավորություններ կապահովի երրորդ երկրներին

Նոյեմբերի 24-ին Եվրոպական հանձնաժողովը՝ 2022 թվականի տարեկան աշխատանքային ծրագրի ընդունումից հետո, մեկնարկեց «Էրազմուս+»-ի շրջանակներում 2022 թվականի առաջարկների ընդունումը:

Հաջորդ տարվա համար մոտ 3,9 միլիարդ եվրոյի ավելացված բյուջեով «Էրազմուս+»-ը կշարունակի արտասահմանում ուսման, պրակտիկայի, աշկերտության և անձնակազմի փոխանակման ու միջսահմանային համագործակցության ծրագրերի հնարավորություններ ընձեռել կրթության և ուսուցման, երիտասարդության և սպորտի տարբեր բնագավառներում: Հայտերի ընդունման ընդհանուր կոչից զատ, տարեկան աշխատանքային ծրագիրը ներառում է նաև առանձին մեկնարկելիք այլ գործողություններ, օրինակ՝ «Եվրոպական համալսարաններ» նախաձեռնությունը։

ԵՄ արտաքին գործիքներից ստացվող միջոցների շնորհիվ երրորդ երկրները հնարավորություն կունենան մասնակցելու նպատակային ծրագրերին և փոխանակումներին, հատկապես մասնագիտական կրթության և ուսուցման ու սպորտի ոլորտներում:

Կրթության, ուսուցման, երիտասարդության և սպորտի ոլորտներում գործող ցանկացած պետական կամ մասնավոր մարմին կարող է դիմել ֆինանսավորման՝ ծրագրին ասոցացված բոլոր երրորդ երկրներում գործող «Էրազմուս+» ազգային գործակալությունների ու Կրթության և մշակույթի եվրոպական գործադիր գործակալության օգնությամբ:

Սույն հայտերի ընդունման հրավերի մանրամասն պայմանները, ներառյալ առաջնահերթությունները, կարելի է գտնել «Էրազմուս+» ծրագրի 2022 թվականի ուղեցույցում:

Ինչո՞ւ է Արևելյան գործընկերության գագաթնաժողովը կարևոր. քաղաքականությունից՝ ազդեցություն

Ո՞րն է ԱլԳ գագաթնաժողովի նշանակությունը: Արդյո՞ք այն ինչ-որ բան փոխում է մարդկանց կյանքում:

2009 թվականից Արևելյան գործընկերությունն (ԱլԳ) աշխատանք է տանում՝ ամրապնդելու քաղաքական և տնտեսական հարաբերությունները Եվրոպական միության, դրա անդամ պետությունների և Արևելյան Եվրոպայի ու Հարավային Կովկասի վեց գործընկեր երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի միջև:

ԱլԳ գագաթնաժողովները տեղի են ունենում երկու տարին մեկ անգամ, դրանց մասնակցում են պետությունների կամ կառավարությունների ղեկավարները: Այդ հանդիպումներում ամենաբարձր մակարդակով սահմանվում են գործընկերության գալիք տարիների քաղաքական ուղղությունը և համագործակցության առաջնահերթությունները:

Ինչո՞ւ է սա կարևոր: Որովհետև ԱլԳ գագաթնաժողովներում որոշված քաղաքական առաջնահերթություններն արդյունքում վերածվում են ԵՄ աջակցության՝ տարբեր ոլորտներում համագործակցության ֆինանսավորման՝ սկսած զբաղվածությունից մինչև էներգետիկա, շրջակա միջավայրից մինչև առողջապահություն, թվային կապից մինչև արդարադատության բարեփոխումներ, տրանսպորտային կապից մինչև երիտասարդների հզորացում:

Այդ գագաթնաժողովների արդյունքները կարող են իրական տարբերության պատճառ դառնալ. ավիատոմսերի կամ ռոմինգի գների նվազում, ուսումնական և աշխատանքային հնարավորություններ, տղամարդկանց և կանանց իրավահավասարություն և ավելի ներառական հասարակություն, ավելի մաքուր ջուր և COVID-19-ի դեմ պատվաստանյութերի հասանելիություն, աջակցություն նորարարություններին կամ ապագա տնտեսական մարտահրավերներին համահունչ հմտությունների զարգացմանը:

2021 թվականի դեկտեմբերին ԱլԳ 6-րդ գագաթնաժողովում ընդունված որոշումներն ու որդեգրած ուղղությունները առաջիկա տարիներին փոփոխություն կբերեն ձեր կյանքում:

Այսպես թե այնպես դուք կզգաք այդ փոփոխությունները, քանի որ ԵՄ-ն աշխատում է ազգային և տեղական իշխանությունների հետ՝ միասին հասնելու գագաթնաժողովում համաձայնեցված նպատակներին: Տարբերությունը կարող է լինել էլեկտրաէներգիայի համար ձեր կատարած վճարումների նվազման տեսքով՝ շնորհիվ էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների: Այն կարող է լինել ձեր հաջորդ աշխատանքի տեսքով, որը ստեղծվել է շնորհիվ նրա, որ տեղական բիզնեսը կարողացել է ընդլայնվելու համար գումար հայթայթել, կամ շնորհիվ այն հմտությունների, որոնք դուք ձեռք եք բերել նոր ուսումնական ծրագրի շրջանակներում: Փոփոխությունը կարող է լինել նաև ԵՄ աջակցությամբ ճանապարհների և երկաթուղիների արդիականացման կամ ձեր տարածաշրջանում հասանելի լայնաշերտ կապի որակի բարելավման, այսինքն՝ ուսման, գործարարության կամ առցանց ծառայություններից օգտվելու ավելի մեծ հնարավորությունների տեսքով:

Որո՞նք են ԵՄ-ի առաջնահերթությունները դեկտեմբերյան գագաթնաժողովի համար: Ի՞նչ նպատակներ է այն սահմանել գալիք տարիներին։

Դեկտեմբերի գագաթնաժողովը կկենտրոնանա հինգ հիմնական ոլորտների աջակցման վրա՝ տնտեսություն, կառավարում, շրջակա միջավայր, թվայնացում և ներառական հասարակություններ:

Այս առաջնահերթությունները հիմնված են Արևելյան գործընկերության անցյալի ձեռքբերումների վրա՝ հաշվի առնելով նոր մարտահրավերներն ու հնարավորությունները, մասնավորապես՝ «կանաչ» և թվային տեխնոլոգիաներին անցումը, ինչպես նաև հետհամավարակային վերականգնումը:

Վերականգնումը, դիմակայունությունը և բարեփոխումներն այս ապագա օրակարգի հիմնական կառուցվածքային տարրերն են: Այդ օրակարգը ներառում է հետևյալ 10 հիմնական նպատակները, որոնց պետք է հասնել մինչև 2025 թվականը.

  • Աջակցություն 500 000 ՓՄՁ-ների;
  • Բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից սեփական տնտեսական ակտիվների հայտարարագրում, ինչպես նաև այդ հայտարարագրերի ստուգում;
  • 3 000 կմ երկարությամբ առաջնահերթ նշանակության ճանապարհների և երկաթուղիների կառուցում կամ արդիականացում;
  • 70 000 անհատական շարժունակության հնարավորություն ուսանողների և դասավանդող անձնակազմի, հետազոտողների, երիտասարդների և երիտասարդական աշխատողների համար;
  • հիբրիդային սպառնալիքների բացահայտում և դրանց վերացում, կիբեր դիմակայունության աճ և կիբերհանցագործությունների դեմ պայքար;
  • 250 000 տնային տնտեսությունների կողմից առնվազն 20%-ով էներգիայի սպառման նվազեցում;
  • 3 միլիոն մարդու համար անվտանգ ջրամատակարարման ապահովում, 300 քաղաքներում օդի որակի մշտադիտարկում և բարելավում;
  • 850 000 բուժաշխատողների պատվաստում, ինչպես նաև նրանց աշխատանքային պայմանների, օգտագործվող սարքավորումների ու թերապևտիկ միջոցների բարելավում;
  • Աջակցություն 2 500 տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, 120 անկախ լրատվամիջոցների և 2 000 լրագրողների;
  • Գերարագ ինտերնետի մատչելի հասանելիություն տնային տնտեսությունների 80%-ին:

Բացի այդ, հաշվի առնելով 2,3 միլիարդ եվրո բյուջեով իր նոր Տնտեսական և ներդրումային ծրագիրը, ԵՄ-ն մի շարք հավակնոտ նախաձեռնություններ է նախանշել գործընկեր երկրներից յուրաքանչյուրի համար: Ծրագիրը ներառում է կոնկրետ առաջնահերթ նախագծեր, որոնք տեղերում իրական փոփոխություններ կբերեն մարդկանց և բիզնեսների կյանքում։ Այս ներդրումների առանցքում կլինեն տրանսպորտային կապի, փոքր բիզնեսի աջակցության, թվային տեխնոլոգիաների անցման, շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության (ներառյալ էներգաարդյունավետությունը), առողջապահության և կրթական բարեփոխումների ոլորտները:

Որո՞նք են նախորդ գագաթնաժողովի արդյունքները։ Արդյո՞ք ԱլԳ-ն հասել է իր սահմանած նպատակներին։

2017 թվականին Արևելյան գործընկերության գագաթնաժողովն ընդունեց «20 թիրախային արդյունք 2020 թվականի համար» բարեփոխումների հավակնոտ աշխատանքային ծրագիրը, որը կոչված էր շոշափելի օգուտներ ապահովել քաղաքացիների կյանքում: Երեք տարի անց արդյունքներն ակնհայտ էին:

Մասնավորապես.

ԵՄ-ն աջակցել է ավելի քան 185 000 փոքր բիզնեսի, օրինակ՝ օրթոպեդիկ և բժշկական ապրանքների ուկրաինական արտադրողին, որը EU4Business-ի վարկի շնորհիվ կարողացել է ներդրումներ կատարել մասնագիտացված սարքավորումներում՝ ավելացնելով իր արտադրությունը, ստեղծելով նոր աշխատատեղեր և սկսելով արտահանում իրականացնել դեպի Բելառուս, Լեհաստան և Էստոնիա: ԵՄ աջակցությունը ՓՄՁ-ներին օգնել է ստեղծել կամ պահպանել 1,65 միլիոն աշխատատեղ ողջ տարածաշրջանում:

Ավելի քան 60 միլիոն եվրո է հատկացվել կանանց կողմից ղեկավարվող գրեթե 7250 ՓՄՁ-ների: Միայն 2018 թվականին «EU4Business» նախաձեռնության շրջանակներում վերապատրաստվել են 290 կին ձեռներեցներ: Օրինակ՝ կին ղեկավար ունեցող վրացական «Tech Engineering Group»-ը ԵՄ «Կանայք բիզնեսում» ծրագրի աջակցության շնորհիվ արձանագրել է եկամուտների աճ 7,5%-ի չափով:

ԵՄ աջակցությամբ տեղական իշխանությունների 187 հաստատություններ հանձն են առել մինչև 2020 թվականը ածխաթթու գազի (CO2) արտանետումները կրճատել 20%-ով, իսկ 240-ն էլ պարտավորվել են մինչև 2030 թվականը այդ ցուցանիշը հասցնել 30%-ի: Օրինակ՝ մոլդովական Օկնիցա և Կանտեմիր քաղաքները հասել են էներգիայի սպառման և արտանետումների կրճատման՝ «խելացի» էներգաարդյունավետ փողոցային լուսավորության շնորհիվ:

ԵՄ աջակցությունը նպաստել է ժամանակակից ջրային քաղաքականությանը գետավազանային մակարդակում՝ ընդգրկելով 500 000 քառ. կմ տարածք և ազդելով տարածաշրջանի ավելի քան 30 միլիոն բնակիչների կյանքի վրա: ԵՄ-ն աջակցում է ջրի մաքրության բարելավմանն այնպիսի վայրերում, ինչպիսիք են Սևանի ավազանը Հայաստանում և Ապշերոնյան թերակղզին Ադրբեջանում:

ԵՄ-ն աջակցել է երիտասարդների ավելի քան 80 000 փոխանակումներին, այդ թվում՝ «Էրազմուս+» ծրագրի միջոցով: 2018 թվականի սեպտեմբերից Թբիլիսիում գործում է Եվրոպական դպրոցը՝ բարձրորակ կրթություն ապահովելով Արևելյան գործընկերության բոլոր վեց երկրները ներկայացնող տաղանդավոր երիտասարդների համար, ինչպիսիք են՝ Ալինան՝ Բաքվից, Եվան՝ Խարկովից, Լիլիթն ու Նանեն՝ Հայաստանից, Նինոն և Լուկան՝ Վրաստանից, Ադրիանը՝ Մոլդովայից, Ալինան՝ Բելառուսից։

Սրանք ընդամենը մի քանիսն են այն օրինակներից, թե ինչպիսի շոշափելի օգուտներ է տվել Արևելյան գործընկերությունը ամբողջ տարածաշրջանի քաղաքացիներին՝ 2017 թվականի գագաթնաժողովում ընդունված «20 թիրախային արդյունք 2020 թվականի համար» օրակարգին համահունչ:

Ինչպե՞ս են ԵՄ ներդրումները հասնում կոնկրետ մարդկանց։

ԵՄ աջակցությունն ուղղորդվում է հարյուրավոր նախագծերի և ծրագրերի միջոցով՝ սկսած խոշոր տարածաշրջանային նախաձեռնություններից, ինչպիսիք են EU4Business-ը, EU4Youth-ը կամ EU4Energy-ն, մինչև ամենափոքր տեղական նախագծեր, որոնք անմիջական աջակցություն են ցուցաբերում ձեր երկրի հեռավոր շրջաններում բնակվող անհատներին:

Այս ծրագրերը տեղերում աշխատում են ազգային և տեղական իշխանությունների, տնտեսական գործընկերների, քաղաքացիական հասարակության և ՀԿ-ների հետ՝ ազգային կառավարությունների հետ համաձայնեցված միջոցառումներ ու բարեփոխումներ իրականացնելու համար:

«Թիմ Եվրոպա» մոտեցման շրջանակներում ԵՄ-ն նաև սերտորեն համագործակցում է եվրոպական ֆինանսական հաստատությունների հետ, ինչպիսիք են Եվրոպական ներդրումային բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների զարգացման գործընկերների հետ՝ այդպիսով բազմապատկելով իր աջակցության շրջանակը և վերջնական ազդեցությունը:

Opportunities

Եվրոպական համերաշխության կորպուս. կամավորական աշխատանքի հնարավորություն Գերմանիայում՝ էկո-նախագծի շրջանակներում

Գերմանական «Sieben Linden Ecovillage» կազմակերպությունը փնտրում է ԵՄ համերաշխության կորպուսի կամավորների, այդ թվում՝ արևելյան գործընկեր երկրներից՝ «Lebensbogen» էկո-նախագծին մասնակցելու համար: Գործողության ժամկետը 35 շաբաթ է՝ 2022թ. մարտի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը:

Ծրագիրն առաջարկում է կամավորության երեք տարբերակ.

  1. Միանալ այգեգործների թիմին, որը զբաղվում է 45-ից 55 տարբեր տեսակի բանջարեղենի, մրգերի և խոտաբույսերի աճեցմամբ՝ օգտագործելով աճեցման տարբեր տեխնիկաներ: Բաց է Բելառուսից, Վրաստանից և Ուկրաինայից մասնակիցների համար:
  2. Միանալ խոհարարական թիմին, որն ամեն օր երկու տաք կերակուր է պատրաստում ծրագրի անձնակազմի և հյուրերի համար (սովորաբար 40-100 հոգու, իսկ փառատոների ժամանակ՝ ավելի մեծ թվով մարդկանց համար): Խոհանոցն օգտագործում է ծրագրի այգիներում աճեցված բանջարեղենը և պատրաստում բուսակերական ու վեգան ուտեստների մեծ տեսականի: Բաց է Բելառուսից, Վրաստանից և Ուկրաինայից մասնակիցների համար:
  3. Միանալ հյուրերի սպասարկման թիմին, որը զբաղվում է կենցաղային տարբեր խնդիրներով, իմա՝ սնունդի մատուցման համար սեղանի պատրաստում, ննջասենյակների պատրաստում, երեխաների համար ծրագրերի կազմակերպում: Բաց է Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից և Ուկրաինայից մասնակիցների համար:

Բոլոր մասնակիցները կլինեն «Կոլիբրիս» անվամբ երիտասարդ կամավորների խմբի անդամ և միասին կապրեն ընդհանուր թրեյլերներում: «Sieben Linden» էկոգյուղը գտնվում է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ հողի Բեթցենդորֆ համայնքի մերձակայքում։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 17-ն է։

Կրթաթոշակներ՝ Թմրամիջոցների հարցերով եվրոպական ձմեռային դպրոց 2022-ի համար: Դիմումների վերջնաժամկետը դեկտեմբերի 5-ն է

Արևելյան գործընկերության երկրները ներկայացնող մասնագետները, գիտնականները և փորձագետները հրավիրվում են մասնակցելու Թմրամիջոցների հարցերով եվրոպական ձմեռային դպրոց 2022-ին (EDWS): Նրանք կարող են դիմել Թմրամիջոցների և թմրամոլության մոնիտորինգի եվրոպական կենտրոնի (EMCDDA՝ ԹԹՄԵԿ) կողմից «EU4Monitoring Drugs» (EU4MD) ծրագրի միջոցով հարևանության երկրներին առաջարկվող կրթաթոշակների համար:

2022 թվականի փետրվարի 14-ից 25-ը կայանալիք առցանց դասընթացը կանցկացվի «Կանեփ. պրակտիկան, քաղաքականությունները և բանավեճերը ԵՄ-ում ու նրա սահմաններից դուրս» թեմայի շուրջ:

ԹԹՄԵԿ-ի և Լիսաբոնի համալսարանական ինստիտուտի (ISCTE-IUL) կողմից կազմակերպված դասընթացը ներառում է փորձագետների և պրակտիկ մասնագետների մատուցմամբ կենդանի դասախոսություններ, ինչպես նաև վարժություններ: Կառաջարկվեն նաև վիրտուալ դաշտային շրջագայություններ: Նիստերը կձայնագրվեն և հասանելի կլինեն հետագա դիտման համար: Նրանք, ովքեր կցանկանան ձեռք բերել կրեդիտներ, պետք է կատարեն վարժությունները և հանձնեն քննություն: Դասընթացը կանցկացվի անգլերեն լեզվով։

Կրթաթոշակները կծածկեն դասընթացի հետ կապված ծախսերը: Դիմումների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 5-ն է։

Վճարովի դասընթացների հայտերի ընդունման վերջնաժամկետը 2022 թվականի հունվարի 23-ն է:

«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:

Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից  ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։

Radio NOR · Վրաստան. ԵՄ-ն դեմ է Գերագույն դատարանի դատավորների ցմահ ժամկետով նշանակմանը