
Թբիլիսիի կենտրոնում գտնվող Ռուսթավելի պողոտայում այս գիշեր վառվել են գլխավոր տոնածառի լույսերը։
Արարողությանը ներկա են եղել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները, պաշտոնատար այլ անձինք։
Կաալաձեն շնորհակալություն է հայտնել միջոցառմանը միացած քաղաքաբնակներին։
«Մի մոռացեք ցանկություն հայտնել. Ամեն վատը, ամեն դժվարը, որ տեղի ունեցավ 2021 թվականին, իհարկե, պետք է մնա անցյալում, և մենք պետք է դիմավորենք 2022 թվականը նոր եռանդով, նոր հույսերով և, ամենակարևորը, մեծ սիրով»,- դիմել է Կալաձեն ներկաներին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կալաձեն, դեկտեմբերի 24-ին Օրբելիանի հրապարակում և Դեդա Էնա այգում կբացվի ամանորյա գյուղ, որը կաշխատի մինչև հունվարի 14-ը։
Այնտեղ ամեն օր տեղի կունենան համերգներ, երեխաների համար նախատեսված տարբեր միջոցառումներ։ Կարող եք նաև այցելել բացօթյա կինոթատրոն, զարդարված սահադաշտ և շատ ամանորյա ինստալացիաներ։
Գնումների ազգային գործակալության կայքի տեղեկատվության համաձայն՝ Թբիլիսիի քաղաքապետարանը նախատեսում է ամանորյա միջոցառումների համար ծախսել 3,5 մլն լարի (ավելի քան 1 մլն դոլար)։