Ամերիկյան Դյուկի համալսարանի գիտնականները հայտնել են, որ գլոբալ տաքացումը զգալիորեն կազդի աշխատաշուկայի վրա։ Հետագայում մարդիկ չեն կարողանա երկար աշխատել փողոցում, նշել են հետազոտողները Nature communications ամսագրում հրապարակված հոդվածում։
Փորձագետները կանխատեսել են, որ «դժոխային շոգերի» սկսվելու պատճառով մարդիկ կհրաժարվեն փողոցում երկարատև աշխատանքից։ Եթե Երկրի վրա ջերմաստիճանը բարձրանա ավելի քան երկու աստիճան Ցելսիուսով, ապա աշխատանքի արտադրողականության անկումից տնտեսական կորուստները կհասնեն տարեկան 1,6 տրիլիոն դոլարի։
Արևադարձային և մերձարևադարձային շրջանների՝ Ասիայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Խաղաղ օվկիանոսի արևմտյան շրջանների աշխատողները կլիմայի տաքացումից ամենաշատը կտուժեն: Այս մարզերում աշխատողներից շատերն արդեն շոգին դժվարություններ են ունենում փողոցում աշխատելիս։ Տաքացման յուրաքանչյուր աստիճանի հետ բացօթյա կյանքն ավելի կբարդանա, զգուշացրել են գիտնականները:
Բացի այդ, շատ երկրներում ամռանը գրեթե անհնար կլինի գյուղատնտեսական և շինարարական կարևոր աշխատանքներ իրականացնել առանց աշխատողներին վնասելու: Հնդկաստանը, Չինաստանը, Պակիստանը և Ինդոնեզիան, որտեղ քաղաքացիների մեծ մասն աշխատում է դրսում, տնտեսական մեծ կորուստներ կունենան կլիմայի փոփոխությունից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանը տաքացել է կլիմայի փոփոխության պատճառով։ 2020 թվականին միջին ջերմաստիճանը հանրապետությունում աճել է 3,2 աստիճանով։ Անցյալ տարի ձմեռը նորմայից հինգ աստիճանով ավելի տաք էր: