Հյուսիսատլանտյան դաշինքն Ուկրաինայի սահմանին լարվածության անհապաղ նվազեցման և ուկրաինական սահմանից զորքերը հեռացնելու կոչով դիմել է Ռուսաստանին։ Այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի տարածած հայտարարության մեջ։
Դաշինքում հայտարարել են, որ լրջորեն անհանգստացած են Ուկրաինայի սահմաններին ռուս զինվորականների թվի զգալի, չհիմնավորված ավելացմամբ։
«Մենք հերքում ենք Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի կողմից սադրանքների մասին ռուսական կեղծ պնդումները։ Մենք Ռուսաստանին անհապաղ դեէսկալացիայի, դիվանագիտական միջոցներ ընտրելու և ռազմական գործունեության ոլորտում միջազգային պարտավորությունները պահպանելու կոչ ենք անում»,-ասված է հայտարարության մեջ։
ՆԱՏՕ-ում ընդգծել են, որ լրջորեն են գնահատում ընթացիկ իրադրության հետևանքները դաշինքի անվտանգության համար։
Նշվում է, որ ՆԱՏՕ-ն վճռական կպատասխանի իր անվտանգության համար իրադրության ցանկացած վատթարացման, այդ թվում՝ հավաքական պաշտպանության քաղաքականության ամրապնդմամբ։ shantnews.am