Կառավարությունը թուրքական ապրանքների ներկրման արգելքը չի խստացնում, այլ փոքր փոփոխություններով երկարաձգում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կառավարության նիստից հետո այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Կառավարությունը կարծում է՝ այն տնտեսական արդյունքները և սպասումները, որ ունենք, մեզ թույլ են տալիս տալ այն գնահատականը, որ մենք ճիշտ ենք անում: Կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ մենք տնտեսական հարաբերությունները Թուրքիայի հետ տեսնում ենք ճիշտ նախագծված և սիմետրիկ` չենք դիտարկում, որ միակողմանի պետք է լինեն հարաբերությունները»,- ասաց Քերոբյանը:
Նախարարի կարծիքով՝ Թուրքիայի հետ հարաբերությունները ապաշրջափակման համատեքստում պետք է շատ մանրամասն քննվեն, և դա պետք է լինի երկկողմանի գործողություն:
«Կա լայն հանրային երկխոսություն այս հարցի վերաբերյալ` և՛ կառավարությունը, և՛ իշխող քաղաքական ուժը չի թաքցնում, որ կան տարբեր կարծիքներ այդ հարցի շուրջ, և դա նորմալ ենք համարում»,- ասաց Քերոբյանը:shantnews.am