Վրաստանի գյուղերի մոտ կես միլիոն բնակիչներ կունենան գերարագ ինտերնետ

Վրաստանի գյուղերի մոտ կես միլիոն բնակիչներ կունենան գերարագ ինտերնետ

Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) 34 մլն եվրո կհատկացնի Վրաստանում լայնաշերտ ինտերնետ հասանելիության համակարգի ընդլայնման համար։ Այս մասին ասվում է բանկի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Հատկացված գումարով նախատեսվում է մինչև 5 հազար կիլոմետր երկարությամբ օպտիկամանրաթելային մալուխներ անցկացնել, իսկ տեղական հեռահաղորդակցության օպերատորներին կտրամադրվեն համապատասխան ենթակառուցվածքներ։ Ծրագրի շնորհիվ վրացական գյուղերի մոտ կես միլիոն բնակիչներ կունենան գերարագ ինտերնետ։

«Ներդրումները կբարելավեն կյանքի որակը, կստեղծեն նոր բիզնես հնարավորություններ և կդարձնեն Վրաստանն ավելի դիմացկուն ճգնաժամին», – ասվում է ԵՆԲ-ում:

Ծրագիրը Արևելյան գործընկերության երկրների համար ԵՄ ներդրումային ծրագրի մի մասն է: Բրյուսելում ՀԲ-ի վեցերորդ գագաթնաժողովում ընդունված պլանի համաձայն՝ Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան կստանան 171 միլիոն եվրոյի ֆինանսավորում (ԵՆԲ-ի վարկեր և ԵՄ դրամաշնորհներ)՝ թվային բաժանումը նվազեցնելու համար։

2020 թվականից Եվրոպական ներդրումային բանկը հաստատել է 1,52 միլիարդ եվրոյի վարկեր Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի համար՝ ի աջակցություն ԵՄ առաջնահերթություններին և հիմնական նախաձեռնություններին։