Նինոծմինդա քաղաքում՝ Նորաշենի հատվածում, անհայտ անձինք հսկայական քանակությամբ աղբ են նետել։
Փչացած կարտոֆիլ, կոտրված թիթեղ, պոլիէթիլենային տոպրակներ, կենցաղային աղբ,այս ամենը կարելի է տեսնել այս հատվածով անցնելիս:
Ինչպես նշում է քաղաքի բնակիչ Սոցկար Փութուլյանը, այս վայրը վերածվել է աղբանոցի. Թե կոնկրետ ով է դուրս նետել հսկայական քանակությամբ կենցաղային աղբը, հայտնի չէ։ Սակայն դա վնասում է Կլոր լճի ողջ տարածքը և հարակից տները։ Քամին փչում և ցելոֆանները ցրում է ամբողջ տարածքում։
Քաղաքապետարանում ասում են, որ չգիտեն, թե կոնկրետ ով է աղբը դուրս նետել։ Այնուամենայնիվ, նրանք աշխատում են այս ուղղությամբ՝ պարզելու, թե ով է նետել աղբը և շտկել խնդիրը:
Հիշեցնենք, որ ուժի մեջ է մտել տուգանքների մասին օրենքը, որտեղ մինչև 2 կիլոգրամ աղբը փողոց նետելու համար խախտողը կտուգանվի 80 լարիով (մոտ 33,2 դոլար), իսկ շենքի պատուհանից՝ 100 լարիով (մոտ 41,5 դոլար)։ 2 կիլոգրամից ավելի աղբը փողոց նետելը պատժվում է 150 լարի տուգանքով(մոտ 62,3 դոլար), իսկ պատուհանից՝ 500 լարիով (մոտ 208 դոլար)։ Հինգ և ավելի անվադող դեն նետողները ստիպված կլինեն 500 լարի տուգանք վճարել։ Վտանգավոր թափոններով շրջակա միջավայրի աղտոտման դեպքում ֆիզիկական անձանց տուգանքը կազմում է 400 լարի (մոտ 166 դոլար), իսկ իրավաբանական անձանց համար՝ հազար լարի (մոտ 415 դոլար)։