Նինոծմինդայի շրջանի երեք գյուղերում՝ Եֆրեմովկա, Ժդանովական, Սամեբա, արդեն երեք օր է հոսանք չկա։
Բնակիչները ասում են, որ ամբողջ ամառ լույսերը անջատում էին ու ասում թե վերականգնողական աշխատանքներ են տանում։ «Հիմա ձմեռ է, մի քամի որ փչեց օրերով լույս չենք ունենում, էլ ում էին պետք վերականգնողական աշխատանքները»,- ասում են բնակիչները։
Պարզելու համար թե ինչու արդեն երեք օր է ինչ նշված գյուղերում հոսանք չկա, զանգահարեցինք Energo Pro Georgia ընկերության Նինոծմինդայի մասնաճյուղ։ Այնտեղից մեզ ասացին, որ ուժեղ քամու և բքի հետևանքով տեղի է ունեցել վթար, թե կոնկրետ որտեղ է և ինչ վթար է, առայժմ չեն կարողանում ասել։ «Հոսանքն անջատվելու պահից աշխատում ենք վերականգնել, այս բքին աշխատելը շատ դժվար է, բայց աշխատում ենք, հիմա էլ ընկերությունում աշխատող Ժդանովականի տղաները դահուկներով ընթանում են գծի երկայնքով, որպեսզի հայտնաբերենք վթարի վայրը»,- ասացին ընկերությունից։
NOR-ի այն հարցին, թե այսօր հնարավոր է լուծել խնդիրը և վերսկսել էլեկտրաէներգիայի մատակարարումը երեք գյուղերում, ասացին, որ այսօր կլինի հոսանք։