Բլոգեր Մարկես Բրաունլին Google Pixel 5a-ն անվանել է շուկայում լավագույն տեսախցիկով սմարթֆոնը։ Բրաունլին լավագույն տեսախցիկով սարքերն ընտրել է կույր թեստի հիման վրա, որը նա ամեն տարի անցկացնում է։ Մասնագետը 2021 թվականի 16 հեռախոս է ընտրել եւ դրանք տեղադրել զույգերով։ Այնուհետեւ բլոգերը յուրաքանչյուր սարքից լուսանկարներ է հրապարակել եւ կոչ է արել օգտատերերին ընտրել, թե որ նկարն են ավելի շատ հավանում։ Սոցցանցերի նրա բաժանորդները չեն իմացել, թե որ սարքն է նկարել այս կամ այն նկարը, հայտնում է Lenta-ն։
Սարքերի կեսը զտելուց հետո ութ սմարթֆոն է մնացել։ Կույր թեստի արդյունքներով չորս լավագույն գաջեթներն են եղել Asus ROG 5-ը, որը առաջ է անցել Samsung Galaxy S21 Ultra-ից, OnePlus 9 Pro-ն, որը, պարզվել է, ավելի լավն է, քան Sony Xperia Pro-ն, iPhone 13 Pro Max-ից առաջ անցած Pixel հեռախոսը եւ Asus ZenFone 8 սմարթֆոնին խաղից դուրս հանած Realme GT-ն։
Կույր թեստի եզրափակչում հայտնվել են OnePlus 9 Pro-ն եւ Google Pixel 5a-ն: Քվեարկության եզրափակիչ փուլի արդյունքներով հաղթել է Google-ի սմարթֆոնը։ Բրաունլին նշել է, որ իրեն այնքան էլ չի զարմացրել իր բաժանորդների ընտրությունը, քանի որ ժամանակակից սարքերում որոշիչ է ոչ թե տեսախցիկների քանակը, այլ ապարատային աջակցությունը։