Դեկտեմբերի 26-ին Նինոծմինդայի քաղաքապետարանի Սակրեբուլոյի նախագահ Վահան Արոյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ վիկտորինա՝ Նինոծմինդայի շրջանի սահմանափակ հնարավորություններով և ծնողազուրկ անձանց մասնակցությամբ։
Վիկտորինան տեղի ունեցավ քաղաքապետարանում՝ առցանց ձևաչափով։ Viber հատուկ խմբում նախապես ներառվել էին այն անձինք ովքեր ցանկություն էին հայտնել մասնակցել խաղարկությանը։ Վերջնական հաշվով խաղին մասնակցեցին թվով 8 անձինք։
Տարիքով փոքրերը հարցեր էին ուղարկել մեծահասակների համար։ Viber զանգի ընթացքում պատահականության սկզբունքով հնչեցին հարցերը։ Գրեթե բոլոր մեծահասակ՝ թվով 5 մասնակիցները հարցերին ճիշտ պատասխանեցին և արժանացան դրամական մրցանակի։ Ըստ խաղի կանոնների՝ պարգևի պետք է արժանանային այն անձինք, որոնց հարցերին մեծահասակները պետք է ճիշտ պատասխանեին։
Սակայն Վահան Արոյանը հաշվի առնելով, որ մասնակիցները քիչ են, նրանց բոլորին էլ շնորհեց դրամական պարգև, որը հատկացրել էր իր աշխատավարձից։
Վիկտորինային ներկա էին Նինոծմինդայի սպորտի և մշակույթի ծառայության պետ Լյովա Վարդանյանը, SEREC կազմակերպության ղեկավար Աղասի Զալալյանը և կազմակերպության ակտիվիստները։
Մրցույթի ավարտին մասնակիցները շնորհակալություն հայտնեցին նման միջոցառման համար և ցանկություն հայտնեցին, որ այս խաղարկությունը շարունակական լինի և խաղարկության ձևաչափի փոփոխություններ լինեն։
Իր հերթին Վահան Արոյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին և նշեց, որ անպայման հաշվի կառնվեն իրենց ցանկություններն ու խաղը կլինի շարունակական։
Լյովա Վարդանյանը և Աղասի Զալալյանը նույնպես շնորհակալություն հայտնեցին մասնակիցներին` շեշտելով, որ իրենք շատ կարևոր դեր ու նշանակություն ունեն մունիցիպալիտետի համար և միշտ արժանի են ուշադրության։
Այսօր` դեկտեմբերի 27-ին, Վահան Արոյանը արդեն այցելեց մասնակիցների տներ և նրանց փոխանցեց գումարային պարգևները։