ՍԱԹԽԱ – Սուրբ Մեծն Ներսես եկեղեցի

ՍԱԹԽԱ – Սուրբ Մեծն Ներսես եկեղեցի

Եկեղեցու հիմնադրումը. Ախալքալաքից 18 կմ հարավ-արևելք գտնվող Սաթխա գյուղի Սբ. Մեծն Ներսես Հայրապետ եկեղեցին կառուցվել է 1869 թվականին գյուղում գտնված Սբ. Աստվածածին հին եկեղեցուն կից` հարավային կողմից: Նոր եկեղեցու անհրաժեշտությունը պայմանավորված էր բնակչության քանակի աճով: 1885 թվականի «Արձագանք» թերթի տվյալներով, Սաթխայի նոր եկեղեցին նման էր հին եկեղեցուն, սակայն ավելի ընդարձակ էր: 1903 թվականին այն ենթարկվում է վերանորոգման տեղի հասարակության միջոցներով: 1905 թվականին եկեղեցու եկամուտը կազմում էր 96 ռ. 26 կ. արծաթով:

Վերոնշյալ Սուրբ Աստվածածին անվամբ հայտնի հին եկեղեցին դեռևս գոյություն ուներ միջնադարից, որը Սուրբ Աստվածածին անվամբ հիշատակվում է թեմի եկեղեցիների 1840 թվականի տեղեկագրում: Եկեղեցու քահանա է հիշատակվում Տեր-Գևորգ Հարությունյանը, դպիր`Ստեփանոս Տեր-Զաքարյանը.

1 Satxa Surb Metsn Nerses

Ճարտարապետություն. Եկեղեցու արտաքին չափսերն են 22.75 x 13,95 մ: Գմբեթավոր է, կառուցված է անմշակ, սրբատաշ քարով և կրաշաղախով:

Ծխատեր քահանաներ. Համաձայն Սաթխա գյուղի Սուրբ Ներսես եկեղեցու չափաբերական մատյանների` եկեղեցու քահանաներից են եղել Ստեփանոս քհն. Տեր-Ստեփանյանը, Գրիգոր Տեր-Գևորգյանը:

Դպրոց. Թեմի դպրոցների տեղեկագրի համաձայն գյուղի եկեղեցա-ծխական դպրոցը բացվել է 1864 թվականին հասարակության միջոցներով: 1869 թվականի դրությամբ ունեցել է 86 սովորող: 1875 թվականի տեղեկագրի համաձայն՝ գյուղի նախակրթարանը գտնվել է եկեղեցու գավթում: Ուսուցիչ է հիշատակվում Եղիշե Տեր-Ստեփանյանը:

Եկեղեցու վերանորոգություն. Սաթխայի Սուրբ Մեծն Ներսես եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել է 1994 թվականին, սաթխայաբնակ Արտյուշ Սանոսյանի նախաձեռնությամբ կազմակերպված ժողովրդական հանգանակությամբ: Վերանորոգման ժամանակ թիթեղապատվել է եկեղեցու տանիքը և գմբեթը, մաքրվել ու հարդարվել եկեղեցու սրահը:

Եկեղեցու վերանորոգման ժամանակ դռան շեմքի տակ հայտնաբերվել է գյուղի հյուսիս-արևելյան կողմում գտնվող 7 բլուրների վրա կառուցված ամրոցի հիմնադրման վերաբերյալ արձանագրություն՝ թվագրված (ԹՌՃԷ) 1658 թվականով։

Ավելի ուշ, ծնունդով սաթխացի Մկոյան և Սանոսյան ընտանիքների ներկայացուցիչների նյութական միջոցներով հիմնանորոգվել է եկեղեցին։ 2002 թվականի դեկտեմբերի 15-ին ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի և մասնակցությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օծվել է Սուրբ Ներսես Մեծ Հայրապետի անունը կրող եկեղեցին։armenianchurch.ge

2 Sarxa Surb Metsn Nerses