Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստում ասել է, որ նոր աշխատատեղերի ստեղծումը կառավարության գլխավոր խնդիրը կլինի նոր տարում։
Նրա խոսքով, հունվարից կառավարությունը կսկսի իրականացնել 10 հազար նոր աշխատատեղերի ստեղծման նախագիծ։ Ընդ որում, դա արվելու է՝ հաշվի առնելով եվրոպական երկրների փորձը։
«Նախագծերից մեկը լինելու է աշխատատեղերի հարցը։ Մեր հիմնական նպատակը աղքատության հաղթահարումն ու աշխատատեղերի ստեղծումն է։ Իմ նախաձեռնությամբ մենք արդեն սկսել ենք աշխատատեղեր ստեղծելու աշխատանքները։
Փոխվարչապետ, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Լևան Դավիթաշվիլիի գլխավորած խումբն այցելեց Եվրոպա, մշակեց մի շարք երկրների դեպքերի ուսումնասիրությունները։ Հունվարից մենք արդեն սկսում ենք այս նախագիծը, կստեղծենք 10 հազար նոր աշխատատեղ, մենք պետք է փոխենք գործող սոցիալական քաղաքականությունը և աշխատատեղեր ստեղծենք բնակչության համար և կրճատենք աղքատությունը, սա պետք է լինի մեր հիմնական մտահոգությունն այս տարի»,- ասել է Ղարիբաշվիլին։
Սոցիալական ծառայության 2020 թվականի տվյալներով՝ Վրաստանի 633 586 քաղաքացի (71 724 ընտանիք) պետությունից ստացել է դրամական օգնություն, ինչը կազմում է երկրի բնակչության 17%-ը։