Վրաստանում առաջիկա օրերին ինքնամեկուսացման և կարանտինի պայմանները կվերանայվեն։ Այս մասին Համակարգող խորհրդի նիստից հետո ասել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան։
Գաբունիայի խոսքով՝ կարանտինի և մեկուսացման ժամկետների փոփոխությունը կապված է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի տարբերվող ընթացքի հետ և այն փաստով, որ վարակի շրջանը համեմատաբար ավելի կարճ է։
«Ինչպես գիտեք, մենք հետևում ենք Եվրոպայի և CDC-ի (ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների) արձանագրություններին կարանտինային վերջնաժամկետների վերաբերյալ։ Քննարկումները սկսվել են»,- ասել է Գաբունիան։
Ըստ Գաբունիայի, եթե քաղաքացին ասիմպտոմատիկ է, բավական է, որ նա 8 օր մեկուսացված լինի, ախտանիշների դեպքում խորհուրդ է տրվում 10 օր, անհրաժեշտության դեպքում՝ գուցե ավելի շատ ժամանակ։
«Մենք դեռևս խորհրդակցում ենք, որպեսզի հավելյալ մեկուսացման պատճառով ավելորդ ծանրաբեռնվածություն չմնա ինչպես մեկուսացված կոնտակտային անձի, այնպես էլ վարակված անձի վրա, ինչպես նաև ազատենք համակարգը ավելորդ ճնշումից»,- ասել է Գաբունիան։
Նշենք, որ այժմ Վրաստանում գործող կարանտինային և մեկուսացման կանոնների համաձայն՝ կորոնավիրուսով վարակված ասիմպտոմատիկ հիվանդը առողջ է համարվում միայն վիրուսի հաստատումից 10 օր հետո։
Վրաստանի Առողջապահության նախարարության կայքում նշված կանոնների համաձայն՝ նման հիվանդը հսկողությունից ազատվում է միայն տասնմեկերորդ օրը և կարող է դուրս գալ մեկուսացումից։ Հիվանդի ապաքինումը հաստատում է ներկա ընտանեկան բժիշկը։
Նշենք նաև, որ Վրաստանում վերջին 24 ժամում անցկացված 57 546 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային վարակի 5 486 դեպք։ Սա օրական ամենաբարձր ցուցանիշն է 2021 թվականի նոյեմբերի 10-ից ի վեր։aliq.ge