Վրաստանում այսօր նշվում է պետական դրոշի օրը։ Տոնի հիմնական ավանդույթը վրացական դրոշներ կախելն է։ Երկրի տարբեր քաղաքներում նաև դրոշներով ավտոերթեր են անցկացվում։
«Պետական դրոշը խորհրդանիշն է այն բանի, որ այս հողի վրա ապրող բազմաթիվ ազգությունների, տարբեր մշակույթների քաղաքացիներն ունեն մեկ հայրենիք և մեկ ապագա։ Այն մարմնավորում է բոլորիս ընդհանուր ձգտումը՝ կառուցել ժամանակակից, զարգացած, հզոր Վրաստան՝ հիմնված մեր մեծ պատմության և մշակույթի վրա։
Այսօր մենք մեծարում ենք մեր հերոսներին, պետական ու ազգային գործիչներին, բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրաբերել են հանուն հայրենիքի» — պետական դրոշի տոնի առթիվ հղած շնորհավորական ուղերձում ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Վրաստանի դրոշը պատկերված է ճերմակ կտավի վրա հինգ խաչով՝ չորսը՝ եզրերին, մեկը (առավել մեծը)՝ կենտրոնում, խորհրդանշում է Հիսուս Քրիստոսին և չորս ավետարանիչներին։ Զինանշանի և օրհներգի հետ մեկտեղ այն Վրաստանի գլխավոր պաշտոնական խորհրդանիշներից մեկն է։
«Վրաստանի պետական դրոշի մասին» օրենքը հաստատվել է խորհրդարանի կողմից «Վարդերի հեղափոխությունից» հետո՝ 2004 թվականի հունվարի 14-ին։ Նույն օրը խորհրդարանի շենքի վրա բարձրացվեց և մինչև օրս ծածանվում է կարմիր և սպիտակ դրոշը:aliq.ge