3+3 ձեւաչափին միանալը Վրաստանին չի պարտադրի փոխել իր քաղաքական դիրքորոշումները. Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2021 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։
«Մենք դիմեցինք մեր թուրք ընկերներին, ադրբեջանցի ընկերներին, Հայաստանին խնդրանքով, որ նրանք, այնուամենայնիվ, բացատրեն մեր վրացի հարևաններին այս ձևաչափին միանալու իրենց և բոլորիս օգուտները։ Նման կապը նրանց ոչ մի բանի չի պարտադրի իրենց քաղաքական դիրքորոշման առումով»,- ասել է Լավրովը։
Նա հիշեցրել է, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան։ Երկխոսությանն աջակցում են միայն Ժնևի միջազգային բանակցությունների շրջանակներում, ինչպես նաև Աբաշիձե-Կարասին ձևաչափով, Պրահայում երկու երկրների դիվանագետների կանոնավոր հանդիպումներում։ Միևնույն ժամանակ, «3+3» ձևաչափով մեկնարկած գործընթացները շատ ավելի նշանակալից են», որոնց հիման վրա նախաձեռնությանը մասնակցությունը շահավետ է առաջին հերթին Թբիլիսիի համար։
«Հիմա, երբ խաղաղության համաձայնագրեր են ձեռք բերվել անցյալ տարվա ռազմական գործողություններից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության Նախագահի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանագրեր են ստորագրել թշնամական գործողությունները դադարեցնելու, առևտրատնտեսական կապերի զարգացման, ապաշրջափակման մասին։ Այս տարածաշրջանի բոլոր երթուղիները, սա հնարավորություններ է բացում, որով հետաքրքրված են Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը և Վրաստանը»,- ամփոփել է Լավրովը։
Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացավ 3+3 ձևաչափով առաջին հանդիպումը։ Դրան մասնակցել են Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունները՝ ԱԳ փոխնախարարների գլխավորությամբ։ Հանդիպումից մեկ օր առաջ Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որ Թբիլիսին ներկայացված չի լինելու 3+3 ձևաչափով և չի դիտարկում նախաձեռնությանը մասնակցելու հարցը։