Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երեկ երեկոյան Շեկվետիլիի ամառային դպրոցում հանդիպել է «Քո ձայնը մեր ապագան է» նախագծի մասնակիցների հետ:
Մարգվելաշվիլին հայտարարել է, որ իրենց նպատակն այն է, որ հնարավորինս շատ մարդիկ մասնակցեն ընտրություններին, ներգրավվեն ժողովրդավարական այդ գործընթացի մեջ:
«Հնարավոր է՝ քաղաքական գործիչներից մեկը չի արդարացրել ակնկալիքները, սակայն երկիրը զարգանում է: Որևէ քաղաքական կուսակցություն կարող է դուր չգալ, սակայն չպետք է հրաժարվել սեփական երկրից ու նրա ուժեղացումից:
Ձեզ կարող է դուր չգալ այս կամ այն քաղաքական գործիչը, սակայն անկարելի է չսիրել երկիրը, հանուն երկրի` անկարելի է չմասնակցել ընտրություններին»,- ասել է նա:
«Ձեր ձայնը մեր ապագան է» նախագիծն իրականացվում է Վրաստանի նախագահի աջակցությամբ ու նախագահական պահուստային հիմնադրամի ֆինանսավորմամբ: Դրա նպատակը ընտրությունների հանդեպ Վրաստանի բնակչության հետաքրքրության բարձրացումն է: