Մարդկանց արյան մեջ, ովքեր ապաքինվել են COVID-19-ից, Նյու Յորքի համալսարանի Գրոսմանի բժշկության դպրոցի գիտնականները սպիտակուցների բարձր մակարդակ են հայտնաբերել, որոնք սովորաբար բարձրանում են նյարդաբանական վնասների հետ միասին:
Ըստ StudyFinds-ի՝ հետազոտությանը մասնակցել է 251 մարդ, ովքեր հոսպիտալացվել են COVID-19-ով 2020 թվականին` համավարակի առաջին մի քանի ամիսների ընթացքում: Մասնակիցների միջին տարիքը եղել է 71 տարեկան, սակայն նրանք բոլորն էլ լավ առողջություն են ունեցել, չեն տառապել դեմենցիայով կամ ճանաչողական ֆունկցիաների անկմամբ։
Հետազոտողները մասնակիցներին բաժանել են երկու խմբի՝ նյարդաբանական ախտանիշներով եւ առանց նյարդաբանական ախտանիշների: Նրանց ցուցանիշները համեմատել են ստուգիչ խմբերի հետ, այդ թվում՝ 54 առողջ, կոգնիտիվ թեթեւ անկմամբ 54 եւ Ալցհեյմերի հիվանդությամբ 53 մարդու հետ:
Գիտնականների խոսքով` արյան երեք մարկերների մակարդակով կարելի է չափել ուղեղի նեյրոնների մահն ու ոչնչացումը: Այլ մարկերներ են նեյրոֆիլամենտների թեթեւ շղթայի (ուղեղի աքսոնների վնասում), գլիալ ֆիբրիլյար թթվային սպիտակուցի GFAP մակարդակները (գլիալ բջիջների վնաս) եւ բետա ամիլոիդի մակարդակները:
Պարզվել է, որ ուղեղի վնասման մարկերները զգալիորոն ավելի բարձր էին COVID-19-ով հիվանդների մոտ, քան Ալցհեյմերի հիվանդությամբ հիվանդների մոտ: Նյարդաբանական վնասի հիմնական նշանը տոքսիկ-մետաբոլիկ էնցեֆալոպաթիայի վիճակն էր, որի ախտանիշները տատանվում են գիտակցության շփոթությունից մինչեւ կոմա՝ իմունային համակարգի ռեակցիայի կողմնակի արդյունք հանդիսացող տոքսինների պատճառով:
Նեյրոֆիլամենտի թեթեւ շղթայի մարկերները կարճաժամկետ կտրվածքով 179 տոկոսով ավելի բարձր են եղել կորոնավիրուսային վարակով հիվանդների շրջանում, քան Ալցհեյմերի հիվանդությամբ մարդկանց մոտ։ GFAP-ի մակարդակը 65 տոկոսով բարձր է եղել նաեւ COVID-19-ով հիվանդների շրջանում՝ դեմենցիայով հիվանդների համեմատ:
Այս բոլոր ապացույցները վկայում են կորոնավիրուսի պատճառով գլխուղեղի վնասմամբ մարդկանց մոտ դեմենցիայի մեծ ռիսկի մասին, ասում են գիտնականները:
Նշենք, որ մեկ այլ հետազոտություն ցույց էր տվել, որ COVID-19 կորոնավիրուսային վարակը կարող է նույնիսկ ավելի մեծ վնաս հասցնել մարդու ուղեղին, քան Ալցհեյմերի հիվանդությունը: news.am