Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (ՀԵԵՀ/EFSE) պարտավորվել է 2,5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք վրացական լարի (GEL) տրամադրել իր նոր գործընկերոջը՝ Lazika Capital միկրոֆինանսական կազմակերպությանը: Այս ֆինանսավորումը կընդլայնի տեղական արժույթով ֆինանսավորման հասանելիությունը Վրաստանի գյուղական շրջանների թերսպասարկվող միկրո և փոքր ձեռնարկությունների (ՄՓՁ-ներ), ներառյալ՝ անհատ ձեռներեցների, ֆերմերների և գյուղմթերք արտադրողների համար:
Վրացական լարիով ֆինանսավորում ստանալով՝ միկրո և փոքր ձեռնարկությունները կարող են ֆինանսավորել իրենց աճը և երկարաժամկետ հեռանկարում բարձրացնել իրենց բիզնեսի դիմակայունությունը, կենսունակությունն ու կայունությունը՝ պաշտպանված լինելով փոխարժեքի տատանումներից:
EFSE-ի խորհրդի նախագահ Կլաուս Մյուլլերն ասել է, որ «այս ներդրումը կընդլայնի Lazika Capital-ի՝ թերսպասարկվող խմբերին ֆինանսավորելու կարողությունները՝ այդպիսով նպաստելով տարածաշրջանում տնտեսական բարգավաճմանը նպաստելու EFSE-ի առաքելությանը»:
«ԵՄ-ն հանուն բարեխղճության» (EU for Integrity) ծրագրի շրջանակներում գործող «Բաց կառավարման գործընկերություն»-ը Եվրոպական միության աջակցությամբ նախաձեռնել է ծրագրային առաջարկների մրցույթ՝ Արևելյան գործընկերությունից իր անդամների՝ Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի գրանցված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և կոնսորցիումների համար։
Հայտատուները պետք է կենտրոնանան ԲԿԳ հարթակի օգտագործման վրա՝ քաղաքացիական հասարակության ակտիվությունն ընդլայնելու և բարեխղճության, կոռուպցիայի դեմ պայքարի, պետական ծառայությունների մատուցման, արդարադատության, COVID-19-ի արձագանքման ու վերականգնման, ինչպես նաև քաղաքացիական տարածության ոլորտներում միջոլորտային գործընկերություններ կառուցելու համար:
Մինչև 40,000 եվրո դրամաշնորհները տրամադրվելու են իրականացման 4-12 ամիս ժամանակահատվածի համար։
Ի տարբերություն ԲԿԳ կանոնավոր մրցույթների՝ այս ծրագրային առաջարկների մրցույթը չունի հատուկ վերջնաժամկետ: Առաջարկները դիտարկվում են եռամսյակը մեկ:
Սույն մրցույթը հայտարարվում է ԵՄ Արևելյան գործընկերության համար «ԵՄ-ն՝ հանուն բարեխղճության» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի և համատեղ իրականացվում Բաց կառավարման գործընկերության ու ՏՀԶԿ Հակակոռուպցիոն ցանցի կողմից:Տնկիների աճեցումից մինչև խաղողի բերքահավաք. ԵՄ-ն և ՖԱՕ-ն դասընթացներ են անցկացնում վրացի գինեգործների համար
Երկու տասնյակից ավելի վրացի խաղողագործներ մասնակցել են Վրաստանի ավանդական գինեգործական շրջանի՝ Կախեթի մի քանի վայրերում անցկացված դասընթացին:
Դասընթացն անցկացվել է Իսպանիայի գյուղատնտեսության նախարարության փորձագետի կողմից՝ Եվրոպական միության և ՖԱՕ-ի աջակցությամբ՝ «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» (EU4Business) ծրագրի շրջանակներում:
Ուսումնական պարապմունքներն ընդգրկում էին խաղողի այգու աճեցման ողջ գործընթացը և խաղողագործության ամբողջական ցիկլը՝ տնկիների աճեցումից մինչև խաղողի բերքահավաք, և ներառում էին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են տարբեր տեսակի խաղողի այգիների ընդհանուր կառավարումը, էտման պլանավորումը, պարարտացումը, ոռոգումը, օրգանական խաղողի արտադրությունը և վնասատուների դեմ համալիր պայքարի կառավարումը:
«Վրաստանի մասնավոր հատվածի մրցունակությանն ուղղված ԵՄ նորարարական գործողությունը» ԵՄ-ի և ՄԱԿ-ի չորս գործակալությունների՝ 5 միլիոն եվրո բյուջեով համատեղ նախաձեռնությունն է, որը մեկնարկել է 2019 թվականին: Ծրագրի նպատակը ձեռներեցության խթանումն ու գործարարության կատարելագործումն է` կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացման միջոցով:
2021թ. դեկտեմբերի վերջին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը ստորագրել է երեք պայմանագիր Կապան, Դիլիջան և Իջևան համայնքների հետ: Նշված տեղական իշխանություններն ընտրվել են Հայաստանից՝ ԵՄ ֆինանսավորմամբ «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» (M4EG) տարածաշրջանային ծրագրի շրջանակում հայտարարված պիլոտային ծրագրեր իրականացնելու դրամաշնորհների մրցույթի արդյունքում։
Առաջիկա տարիների ընթացքում Եվրոպական միության 2,7 միլիոն եվրո համաֆինանսավորումը կօգնի ընտրված նախագծերի իրականացմանը: Մասնավորապես, Սիմոնյան կրթական հիմնադրամի հետ համագործակցությամբ Կապանում՝ քաղաքի երկաթուղային կայարանի պատմական շենքում, կհիմնվի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, Դիլիջանում՝ խորհրդային շրջանից լքված կարի գործարանի տարածքում, կգործարկվի ձեռնարկությունների և անհատների համատեղ աշխատանքի համար նախատեսված ստեղծարար կենտրոն, Իջևանում էլ կհիմնվի «ԻննոԻջևան» հարթակը, որն իր մեջ կներառի նոր Արմաթ ինժիներական լաբորատորիաներ, «Իրական Դպրոց» և բիզնեսների ու անհատների համատեղ աշխատանքի համար նախատեսված տարածք։
Նախագծերի մեկնարկը նախատեսվում է այս տարվա սկզբին:
ԵՄ-ը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի պատրաստակամությունը՝ աշխատելու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ և այդ նպատակով հատուկ բանագնացների նշանակումը։
Եվրոպական արտաքին գործերի ծառայության տարածած մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ նախորդ ուրբաթ հատուկ բանագնացների առաջին հանդիպումը «կարևոր քայլ էր, և Եվրոպական միությունը հորդորում է Հայաստանին և Թուրքիային հետագա ջանքեր ներդնել այդ ուղղությամբ»։
«Հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած հետագա կոնկրետ քայլ ինքնին լավ լուր է տարածաշրջանային կայունության, հաշտեցման հեռանկարների ստեղծման և տնտեսական զարգացման համար»,- ասված է հաղորդագրությունում, որում նաև նշվում է, որ ԵՄ-ը պատրաստ է աջակցություն ցուցաբերել գործընթացի շարունակությանը։
2014թ․-ից ի վեր ԵՄ-ը ավելի քան 4․5 մլն եվրո աջակցություն է ցուցաբերել ծրագրերին, որոնց նպատակն էր հող նախապատրաստել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար մի շարք ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, մշակույթը, կրթությունը և հաղորդակցության փոխանակումը։
Ս.թ. հունվարի 13-ին Եվրոպական հանձնաժողովը հաստատեց «Ստեղծարար Եվրոպա» («Creative Europe») ծրագրի 2022 թվականի տարեկան աշխատանքային ծրագիրը։ 2021 թվականի համեմատ՝ ծրագրի տարեկան բյուջեն կավելանա 100 միլիոն եվրոյով՝ հասնելով 385,6 միլիոն եվրոյի։
Իր նոր օրակարգով «Ստեղծարար Եվրոպա»-ն կամրապնդի իր աջակցությունը մշակութային և ստեղծարար ոլորտներին՝ հաշվի առնելով COVID-19 ճգնաժամի հետևանքով առաջացած մարտահրավերները և աճող համաշխարհային մրցակցությունը:
2022 թվականի փետրվարին եվրոպական համագործակցության դրոշակակիր նախագծերի շրջանակներում կհայտարարվեն հայտամրցույթներ, որոնք ուղղված կլինեն մշակութային և ստեղծարար բոլոր ոլորտներին՝ խթանելու անդրազգային համագործակցությունը, փորձի փոխանակումը, համատեղ արտադրությունը և նորարարությունը:
2022 թվականի երկրորդ կեսին կհայտարարվի երեք նոր հայտամրցույթ. «Music Moves Europe»-ի միջոցով աջակցություն կցուցաբերվի երաժշտության ոլորտին, «Perform Europe» նախաձեռնության միջոցով՝ կատարողական արվեստի ոլորտին, իսկ «European Heritage»-ի միջոցով՝ մշակութային ժառանգության ոլորտին:
Էներգետիկ համայնքի քարտուղարությունը և Վերականգնվող էներգետիկայի միջազգային գործակալությունը (IRENA) ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որն ամրապնդում է կազմակերպությունների համագործակցությունը վերականգնվող էներգետիկայի ոլորտում։
Օգտագործելով իրենց փորձը՝ երկու կազմակերպությունները կմիավորեն իրենց ջանքերը՝ խթանելու վերականգնվող աղբյուրներից ստացվող էներգիայի սպառումը, այդ թվում՝ աջակցելով վերականգնվող աղբյուրների օգտագործման մարտահրավերների, բացերի և հնարավորությունների վերաբերյալ տարածաշրջանային երկխոսությանը, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտում անդրսահմանային համագործակցության ակտիվացմանը: Փոխըմբռնման հուշագրի մեկ այլ առանցքային հարթություն է տեղեկատվության փոխանակումը այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են վերականգնվող էներգետիկայի սոցիալ-տնտեսական օգուտները և էներգետիկ անցումը:
«Համագործակցության նոր համաձայնագրի շնորհիվ մենք էլ ավելի պատրաստ կլինենք աջակցելու պայմանավորվող կողմերին՝ դեպի ածխածնային չեզոք էներգետիկ ապագա անցում կատարելու հարցում: Միասին մենք կօգնենք նոր ներդրումներ ներգրավել վերականգնվող աղբյուրների ոլորտ, ինչպես նաև կզարգացնենք տեղական համայնքների և քաղաքացիների՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում ծրագրեր իրականացնելու կարողությունները», – նշել է Էներգետիկ համայնքի քարտուղարության տնօրեն Արթուր Լորկովսկին:
Էներգետիկ համայնքը միջազգային կազմակերպություն է, որը միավորում է Եվրոպական միությանն ու նրա հարևաններին՝ ստեղծելու ինտեգրված համաեվրոպական էներգետիկ շուկա: Մոլդովան, Վրաստանը և Ուկրաինան հանդիսանում են պայմանավորվող կողմեր, իսկ Հայաստանն ունի դիտորդի կարգավիճակ:
IRENA-ն միջկառավարական կազմակերպություն է, որն աջակցում է երկրներին անցում կատարել դեպի կայուն էներգետիկ ապագա և ծառայում է որպես միջազգային համագործակցության հիմնական հարթակ:
Հունվարի 17-ին Եվրոպական հանձնաժողովն ընդունեց 2022 թվականի համար 1,5 միլիարդ եվրոյի հումանիտար օգնության նախնական տարեկան բյուջեն: Այս ֆինանսավորումը կօգնի ամբողջ աշխարհում հակամարտություններից, բռնություններից և բնական աղետներից առավել տուժածներին:
«Մարդասիրական կարիքները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա և շարունակում են աճել: Սա հիմնականում պայմանավորված է հակամարտություններով, բայց արդեն ավելի հաճախ՝ գլոբալ մարտահրավերներով, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը և COVID-19-ը։ Մեր մարդասիրական ֆինանսավորումը ԵՄ-ին թույլ կտա ներդնել իր լուման և շարունակել փրկել կյանքեր ու հոգալ տուժած բնակչության հիմնական կարիքները»,- նշել է Ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը:
2022 թվականի համար նախատեսված ԵՄ մարդասիրական օգնությունից ընդհանուր առմամբ 152 միլիոն եվրոն կուղղվի Հարավարևելյան Եվրոպայում և Եվրոպական հարևանության երկրներում, մասնավորապես՝ Ուկրաինայի, Արևմտյան Բալկանների և Կովկասի ճգնաժամերին, ինչպես նաև Թուրքիայում սիրիական ճգնաժամի հետևանքներին ուղղված նախագծերի ֆինանսավորմանը։
Բոլոր տարածաշրջաններում ֆինանսավորման տասը տոկոսը կհատկացվի արտակարգ իրավիճակներում կրթությանը, որպեսզի երեխաներին և երիտասարդներին հնարավորություն ընձեռվի շարունակել իրենց ուսումնառությունը:
1,5 միլիարդ եվրոյից ընդհանուր առմամբ 370 միլիոն եվրոն կօգտագործվի չնախատեսված ճգնաժամերի կամ գոյություն ունեցող ճգնաժամերի հանկարծակի սրացումների, ինչպես նաև այլ գործողությունների համար:
ԵՄ-ն մարդասիրական օգնություն է տրամադրում 1992 թվականից՝ ավելի քան 110 երկրներում՝ ամեն տարի ձեռք մեկնելով ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց: ԵՄ օգնությունը տրամադրվում է բացառապես մարդասիրական գործընկեր կազմակերպությունների միջոցով, ներառյալ ՄԱԿ-ի գործակալությունները, ոչ կառավարական կազմակերպությունները և Կարմիր Խաչի ընտանիքը:
Դիմիր և մասնակցիր տնտեսական քաղաքականության ոլորտում Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրին, ինչպես նաև ստացիր կրթաթոշակ
Եվրոպական հանձնաժողովը հրավիրում է միջազգային քաղաքական տնտեսությամբ և տնտեսագիտության ինստիտուցիոնալիստական մոտեցումներով հետաքրքրված բոլոր անձանց՝ դիմելու և մասնակցելու «Համաշխարհային անցման տնտեսական քաղաքականություն» (EPOG+) ծրագրին:
Սա համաշխարհային կարգի երկամյա ինտեգրված մագիստրոսական ծրագիր է, որն աջակցվում է ԵՄ-ի կողմից և հարմարեցված է ապագա մարտահրավերներին դիմակայելու համար: Ծրագիրը պատրաստում է կոնկրետ ոլորտներում ժամանակակից գիտելիքների և հմտությունների տիրապետող փորձագետներ և բարձր պատրաստվածություն ունեցող հետազոտողներ՝ այդ ամենը զուգորդելով տնտեսական քաղաքականության փոխկախվածության ավելի լայն ըմբռնմամբ:
Կախված ընտրված հիմնական ուղղությունից (A – Գիտելիք, նորարարություններ և թվային անցում, B – Մակրոտնտեսագիտություն, ֆինանսներ և սոցիալ-տնտեսական անցում, C – Զարգացում, կայուն զարգացում և էկոլոգիական անցում)՝ ուսումնական առաջին տարին կանցկացվի եվրոպական տարբեր համալսարաններում: Դասընթացները կանցկացվեն անգլերեն լեզվով։
Արևելյան գործընկեր երկրները ներկայացնող ուսանողները կարող են դիմել կրթաթոշակ ստանալու համար, որը ներառում է ամսական 1000 եվրոյի չափով նպաստ, ինչպես նաև 5000-ից 7000 եվրո՝ ճանապարհորդության և տեղավորման ծախսերի համար:
Դիմելու վերջնաժամկետը 2022 թ. հունվարի 31-ն է։
Ստաժավորման հնարավորություն Եվրոպական հանձնաժողովում. հայտերի ներկայացման վերջնաժամկետը հունվարի 31-ն է
Ընդունվում են հայտեր Եվրոպական հանձնաժողովում 2022 թվականի հոկտեմբերից ստաժավորում անցնելու համար:
«Blue Book» փորձնակության ծրագիրը հնարավորություն է տալիս գործնական փորձ ձեռք բերել՝ շնորհիվ ԵՄ տնօրինություններում, հաստատություններում և գործակալություններում վճարովի աշխատանքի: Դուք կարող եք նշանակում ստանալ Բրյուսելում, Լյուքսեմբուրգում կամ Եվրոպական միության այլ վայրերում, որտեղ գտնվում են ԵՄ այլ գործակալությունները:
Հայտերն ընդունվում են հիմնականում ԵՄ քաղաքացիներից, սակայն սահմանափակ թվով տեղեր են հատկացված նաև ԵՄ քաղաքացի չհանդիսացող անձանց:
Դուք կարող եք դիմել, եթե ունեք ցանկացած մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, չունեք ԵՄ հաստատությունում, մարմնում, գործակալությունում կամ պատվիրակությունում աշխատելու վեց շաբաթն անցնող աշխատանքային փորձ և ունեք անգլերենի, գերմաներենի կամ ֆրանսերենի գերազանց իմացություն:
Վերջնաժամկետը 2022թ. հունվարի 31-ն է:
Ընդունվում են հայտեր ԵՄ մշակութային ժառանգության մրցանակի համար
Եվրոպական հանձնաժողովը և վերջինիս «Ստեղծարար Եվրոպա» ծրագիրը մշակութային ժառանգության պահպանման ոլորտային նախագծերին հրավիրում են դիմելու Եվրոպայի ամենահեղինակավոր՝ 2022 թվականի Եվրոպական ժառանգության և «Եվրոպա Նոստրա» մրցանակներին:
2022 թվականին մրցանակներ կշնորհվեն հինգ անվանակարգերում՝ «Պահպանություն և հարմարվողական վերօգտագործում», «Հետազոտություններ», «Կրթություն, ուսուցում և հմտությունների փոխանցում», «Քաղաքացիների ներգրավվածություն և իրազեկության բարձրացում», «Ժառանգության չեմպիոններ»:
Հայտերը կարող են առնչություն ունենալ նյութական, ոչ նյութական կամ թվային ժառանգությանը՝ փոքրից մինչև մեծ, տեղականից մինչև եվրոպական և միջազգային:
Պարգևների կարժանանան մինչև 30 ուշագրավ ժառանգության նվաճումներ ամբողջ Եվրոպայից։ Դրանցից մինչև 5-ը կստանան 10,000 եվրոյի չափով «Գրան պրի» մրցանակ: Մեկ հաղթող էլ առցանց քվեարկության արդյունքում կարժանանա «Հանրային ընտրության» մրցանակի:
Եվրոպական ժառանգության և «Եվրոպա Նոստրա» մրցանակների համար հայտեր կարող են ներկայացվել միայն «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին մասնակցող երկրներից, ներառյալ Ուկրաինան և Վրաստանը (եթե երկիրը «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին ասոցացման համաձայնագիրը ստորագրում է մինչև 2022 թվականի սեպտեմբերին հաղթողների հայտարարումը):
Եվրոպայի խորհրդի անդամ, բայց «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին չմասնակցող երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա) կողմից ներկայացված հայտերը կարող են մասնակցել միայն «Եվրոպա Նոստրա» մրցույթին, բայց դրանք իրավունք չեն ունենա շահել «Գրան պրի» մրցանակը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2022թ. փետրվարի 1-ն է:
EU4Dialogue-ը գործարկում է դրամաշնորհային ծրագիր, որը բաց է Վրաստանից հայտերի համար
ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «EU4Dialogue՝ աջակցություն հակամարտությունների փոխակերպմանը Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագիրը հայտարարել է Հարավային Կովկասի հակամարտություններից տուժած համայնքների կենսապայմանների բարելավմանը, սոցիալ-տնտեսական զարգացման խթանմանը և մարդկանց անվտանգության բարձրացմանն ուղղված դրամաշնորհային ծրագրի մասին:
EU4Dialogue-ի դրամաշնորհային ծրագրի ընդհանուր նպատակն է արձագանքել Հարավային Կովկասի հակամարտություններից տուժած համայնքների սոցիալ-տնտեսական և մարդկանց անվտանգության մարտահրավերներին՝ շեշտը դնելով գենդերային հավասարության ուղղությամբ առաջընթացի և երեխաների ու երիտասարդների, ինչպես նաև առավել խոցելի խմբերի հեռանկարների բարելավման վրա:
Դրամաշնորհները կտրամադրվեն երկու լոտերով: Առաջին լոտով կֆինանսավորվեն համայնքային մակարդակի կազմակերպությունները` տեղական մարտահրավերների և հնարավորությունների մասնակցային և գենդերային առումով զգայուն գնահատման ժամանակ սահմանված տեղական մակարդակի առաջնահերթություններին ուղղված լուծումների իրականացման համար: Երկրորդ լոտով դրամաշնորհներ կտրամադրվեն կայացած ՔՀԿ-ներին՝ նույն նպատակով ավելի լայնածավալ ծրագրեր իրականացնելու համար:
Դրամաշնորհային ծրագրի յուրաքանչյուր կոչի համար կհայտարարվեն համապատասխանության մանրամասն չափանիշներ:
Ներկայում ընդունվում են հայտեր Վրաստանում իրականացվող նախագծերի համար։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի փետրվարի 10-ը։
Առաջիկայում սպասվում են հայտերի ընդունման հրավերների մասին նոր հայտարարություններ:
Ընդունվում են հայտեր «Horizon Impact» մրցանակի համար. վերջնաժամկետը 2022թ. մարտի 8-ն է
Եվրոպական հանձնաժողովը գործարկել է բոլորովին նոր «Horizon Impact» մրցանակը, որը 2022 թվականին ճանաչման կարժանացնի ու կպարգևատրի Եվրոպայում և դրա սահմաններից դուրս «Հորիզոն 2020»-ի շրջանակներում (2014-2020թթ.) իրականացված ամենաազդեցիկ և նշանակալի նախագծերը:
«Horizon Impact 2022»-ը կունենա ավելացված դրամական մրցանակ (25,000 եվրո) և ավելի մեծ թվով հաղթողներ՝ 6:
Մրցանակի համար կարող են դիմել այն նախագծերը, որոնք ավարտվել են մինչև հայտերի ընդունման վերջնաժամկետը և ստեղծվել են ԵՄ անդամ պետություններից մեկում կամ «Հորիզոն 2020»-ին ասոցացված երկրներում (ներառյալ Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան):
Հայտերն ընդունվում են մինչև 2022 թվականի մարտի 8-ը: Հաղթողների անունները կհայտարարվեն 2022 թվականին Բրյուսելում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ:
Ընդունվում են հայտեր նոր «Արդյունաբերություն 5.0» մրցանակի համար. վերջնաժամկետն ապրիլի 1-ն է
Եվրոպական հանձնաժողովը հիմնել է «Արդյունաբերություն 5.0» մրցանակ՝ նվիրված ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող նախագծերին, որոնց արդյունքները եվրոպական արդյունաբերությունը դարձնում են ավելի դիմակայուն, կայուն և մարդակենտրոն:
Մրցանակի համար կարող են դիմել «Հորիզոն 2020»-ից, «Հորիզոն Եվրոպա»-ից կամ Նորարարությունների և տեխնոլոգիաների եվրոպական ինստիտուտից ֆինանսավորում ստացած նախագծերը: Դրանք պետք է պաշտոնապես մեկնարկած լինեն 2018 թվականի օգոստոսի 31-ից հետո և հստակ կիրառելի լինեն արդյունաբերության մեջ:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. ապրիլի 1-ը:
Հաղթողը կստանա հաղորդակցման աջակցություն Եվրոպական հանձնաժողովի կողմից, այդ թվում՝ գովազդային հոլովակի պատրաստում, սոցիալական ցանցերում գովազդ՝ Հանձնաժողովի խողովակներով, և հոդվածի հրապարակում Horizon Magazine-ում: Եզրափակիչ փուլ անցած մասնակիցները կհրավիրվեն 2022 թվականի հունիսին կայանալիք R&I օրերին կայանալիք մրցանակաբաշխությանը, որտեղ կկարողանան ներկայացնել իրենց նախագծերը:
«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:
Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։