Վրաստանի Բակուրիանիի 5 958 քմ տարածքով անտառն անցած տարվա դեկտեմբերին 49 տարով տրվել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կնոջը՝ Նունու Թամազաշվիլիին։
Պետական գույքի փոխանցումը կատարվել է Գույքի ազգային գործակալության 2021 թվականի դեկտեմբերի 2-ի հրամանով։ Անտառի հատուկ օգտագործման պայմանագիրը Հանրային ռեգիստրը գրանցել է դեկտեմբերի 28-ին։
Ըստ փաստաթղթերի՝ նշված տարածքը դեռևս ոչ գյուղատնտեսական է և ներառված է անտառային ֆոնդի մեջ։ Այդ հատվածի կողքին Նունու Թամազաշվիլին ունի նաև առանձին 1 530 քմ հողատարածք, որը գյուղատնտեսական նպատակների համար է։
Փաստաթղթերի համաձայն՝ Թամազաշվիլին այս տնամերձ հողամասը 2017 և 2019 թվականներին 2 փուլով գնել է մասնավոր անձանցից, այնուհետև այն միավորել մեկ հողամասի մեջ։
Նունու Թամազաշվիլիին 49 տարով հատուկ օգտագործման փոխանցելու պետական գույքի մասին տեղեկությունն առաջին անգամ հաղորդել է հանրային հեռուստաընկերությունը՝ նշելով, որ Թամազաշվիլին հողամասի օգտագործման համար տարեկան կվճարի 6 հազար 255 լարի 90 թեթրի, և նա իրավունք ունի տարածքն օգտագործել առողջարանային, հանգստյան, սպորտային և այլ մշակութային-առողջապահական նպատակներով։
Ազգային անտառային գործակալությունը հունվարի 22-ին հայտարարություն է տարածել նշված հողամասի վերաբերյալ՝ հայտնելով, որ Նունու Թամազաշվիլին տարածքից օգտվելու իրավունք է ստացել էլեկտրոնային աճուրդի միջոցով, որին մասնակցելու իրավունք ունեին բոլոր իրավաբանական կամ ֆիզիկական անձինք։ Անտառի հատուկ օգտագործումը առողջարանային, ռեկրեացիոն, սպորտային և այլ մշակութային-առողջապահական նպատակներով հայտարարվել է 49 տարի ժամկետով՝ հաշվի առնելով տարբեր պարտավորություններ։
Գործակալության տվյալներով՝ աճուրդն ավարտվել է 2021 թվականի դեկտեմբերի 24-ին, և հաղթող է ճանաչվել ֆիզիկական անձ Նունու Թամազաշվիլին։ Ինչ վերաբերում է վաճառքի գնին, ապա գումարը կազմում է 6 255,90 լարի։
Միաժամանակ, ըստ գործակալության, 2021 թվականից ի վեր տրվել է ընդհանուր առմամբ 22 վարձակալություն՝ 255 948 քմ ընդհանուր մակերեսով, որից պետությունն ունի տարեկան 55 225 լարի եկամուտ։ aliq.ge