Ցավով տեղեկացանք, որ կյանքից անժամանակ հեռացել է Խորեն Թամասյանը՝ ծնված 1968 թվականին Նինոծմինդայի շրջանի Ժդանովական գյուղում։
Խորեն Թամասյանը Նինոծմինդայի քաղաքապետարանում Սամեբա և Ժդանովական գյուղերի ներկայացուցիչն էր։ Ընտանիքի հետ բնակվում էր Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղում։
Վերը նշված երկու գյուղերում, Նինոծմինդայում և շատ ու շատ այլ վայրերում նա ճանաչված հարգված ու սիրված մարդ էր։ Օգնում և ձեռք էր մեկնում մարդկանց ինչով կարող էր։ Օգնում էր անշահախնդիր ու բաց ձեռքով։
Վերջին մի քանի տարիներին նա շատ ակտիվ համագործակցում էր NOR ռադիոկայանի հետ՝ հարցազրույցներում, որոնցից մեկի ժամանակ կադրից դուրս նա ասաց.
<<Ինչ օգնություն էլ ցուցաբերես միևնույնն է մարդիկ դժգոհ են մնում>>, – վրդովված ասաց Խորեն Թամասյանը, հավելելով, որ ոչինչ՝ մի օր կգնահատեն։ Ցավոք այսօր շատերը կգնահատեն, բայց նա արդեն չկա, որ տեսնի դա։
Խորեն Թամասյանը անցած տարի՝ 2021֊ին շտապում էր ավարտին հասցնել Ժդանովականի նորակառույց արարողությունների տան վերջին աշխատանքները։ Դա էլ հասցրեց։
Այսօր նրա համար ցավում են իր լայն շրջապատի բազմաթիվ մարդիկ։
NOR ռադիոկայանի ողջ անձնակազմը մեծ ցավով ցավակցում է Խորեն Թամասյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, համագյուղացիներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ, կամենալով համբերություն և համակերպվածություն այս ծանր կորստի հետ։
Աշխարհիս մեջ ես էլ մե օր…
Աշխարհիս մեջ ես էլ մե օր կանցնեմ անդարձ ու կերթամ,
Եւ չեմ նայի, չեմ պահանջի ես փառք ու վարձ— ու կերթամ։
Իմ ապրած կյանքում ես էն գլխեն իմացա,
Որ աշխարհում փուչ է ամեն երազ ու լաց — ու կերթամ։
Էն էլ, որ ես իմ վառ սրտով ու կարոտով սիրեցի —
Քամուն կտամ, կմոռանամ ամեն մի հարց — ու կերթամ։
Ու գոզալի պատկերքը վառ, դեմքը մախմուր ու անուշ
Կմոռանամ… կառնեմ խոնավ, հողե մե բարձ ու կերթամ։
Կյանքիս նման հեռու մարդիկ, անանուն ու անծանոթ,
Ձե՛զ կթողնեմ հուշերս այս՝ կյանքս երազ — ու կերթամ։