2022 թվականին աշխարհը կարող է նավթի գերբարձր գների բախվել, խոստացել են վերլուծաբանները։ Այս մասին հայտնում է «Վեդոմոստի» թերթը՝ վկայակոչելով Sanford C. Bernstein & Co.-ի հետազոտության տվյալները։ Կտրուկ աճի պատճառը կարող է լինել ոլորտի թերներդրումը։
Ըստ մասնագետների՝ աշխարհում ավելի ու ավելի քիչ են բացահայտված ավանդական պաշարները. անցած տարի դրանց մակերեսը վերջին տասնամյակի նվազագույնի (408 հազար քառակուսի մետր) հասան: Նոր հանքավայրերի բացահայտման անկումը մասամբ պայմանավորված է COVID-19 համավարակով, ինչպես նաեւ Փարիզյան համաձայնագրի նպատակների շրջանակներում կլիմայական նպատակներին հասնելու երկրների քաղաքականությամբ:
Դա ազդել է շուկայական հսկաների գործունեության վրա. Shell-ը կրճատել է նավթային նախագծերի իր պորտֆելը, Equinor-ը եւ BP-ն լքել են օֆշորային կայանները Կանադայում, իսկ Wintershall Dea-ն դուրս է եկել Արգենտինայի եւ Բրազիլիայի նախագծերից: 2022 թվականին նոր նավթային նախագծերի զարգացումը բավականին ցածր ներուժ ունի աճող գնաճի պայմաններում։ Միաժամանակ աշխարհում նավթի պահանջարկը չի նվազում։ Այսպիսով, սա կարող է գների աճի հանգեցնել, ինչպես դա եղավ 2004-2014 թվականներին:
Saxo Bank-ի վերջերս հրապարակված զեկույցում ասվում է, որ կանաչ անցումը վտանգ է ներկայացնում համաշխարհային տնտեսության համար եւ ավելի է խթանում համաշխարհային էներգետիկ ճգնաժամը: Աճի հիմնական խոչընդոտներից մեկը հանածո վառելիքի արդյունահանման մեջ անբավարար ներդրումներն են, որոնք դեռեւս էներգիայի հիմնական աղբյուրն են մնում, քանի որ նոր աղբյուրները դեռ չեն կարող փոխարինել դրանց։ news.am