Վրաստանը նախատեսում է սկսել տրամադրել դեղերը դեղատոմսով՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով։ Այս մասին հայտնի է դարձել երկրի դեղագործական շուկայի կարգավորման նպատակով Առողջապահության նախարարությանը կից ստեղծված հատուկ աշխատանքային խմբի առաջին նիստից հետո։ Գրում է Ջավախքի լրատվական կենտրոնը:
«Պատրաստվում է ծրագիր (…), որում ամրագրված են դեղերի որակի և մատչելիության բարելավման կոնկրետ քայլեր: Աշխատանքային խմբի անդամները համակարծիք էին, որ առաջին քայլերից մեկը էլեկտրոնային դեղատոմսերի ներդրումն է»,- հայտնում է Վրաստանի Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Խումբը կազմավորվել է Վրաստանի վարչապետի հրահանգով։ Այն աշխատում է Վրաստանի Ազգային մրցակցության գործակալության կողմից տրված հանձնարարականների կատարման վրա՝ դեղագործական ոլորտի իրավանորմատիվ բազան բարելավելու նպատակով։
Առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլիի գլխավորած խմբում ընդգրկված են նաև նրա տեղակալները, Ազգային մրցակցության գործակալության, ապահովագրական ոլորտի, դեղագործական ասոցիացիաների ներկայացուցիչներ, նաև առողջապահության ոլորտի փորձագետներ։ tv9news.ge