Փետրվարի 1-ից բարձրացվել են Վրաստանի սոցիալական ծառայությունների աշխատողների աշխատավարձերը։
Մասնավորապես, աշխատակիցները 250 լարիի (մոտ 80 դոլար) փոխարեն կստանան 400 լարի (մոտ 130 դոլար), իսկ սոցիալական ավագ գործակալները՝ 550 լարիի փոխարեն (մոտ 180 դոլար)՝ 700 լարի (մոտ 230 դոլար)։
Բացի այդ, այցերի ընթացքում լրացված հայտարարագրի դիմաց սոցիալական գործակալները կստանան 10 լարի (մոտ 3 դոլար)՝ 6 լարիի (մոտ 2 դոլար) փոխարեն։
Նաև 40-ից 60 տոկոս կբարձրացվի Սոցիալական ծառայությունների գործակալության ստորին և միջին օղակների շուրջ հազար աշխատողների աշխատավարձերը։
Սոցիալական ծառայությունների գործակալության շուրջ 400 աշխատակիցներ, այդ թվում՝ սոցիալական գործակալներ, մասնագետներ և իրավաբաններ, հունվարի 17-ից հրաժարվել են աշխատանքի գնալ՝ պահանջելով աշխատավարձի կրկնապատկում և աշխատանքային պայմանների բարելավում։
Առողջապահության նախարարության հետ հունվարի 22-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել, և գործադուլը դադարեցվել է հետևյալ պայմաններով՝ աշխատավարձերի 40-60 տոկոս բարձրացում, ծննդաբերության արձակուրդ, գործադուլի համար վճարում, գործակալներին տրանսպորտով ապահովում, երկարաժամկետ պայմանագրի ստորագրում, նպաստների ավելացում: