Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր 50 տարեկանից բարձր են, ովքեր կստանան իրենց առաջին պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ մինչև 2022 թվականի փետրվարի 28-ը, կստանան 200 լարի (65 դոլար) միանվագ օգնություն։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Օրենսդրական տեղեկագրում։
Վրաստանի կառավարության 2021 թվականի նոյեմբերի 8-ի «ԿՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստման համար սոցիալական աջակցության լրացուցիչ միջոցառումների մասին» որոշման մեջ կատարված փոփոխությունների համաձայն՝ սոցիալական աջակցության տրամադրումը չի ավարտվի հունվարի 1-ին և կերկարաձգվի մինչև սսույն թվականի փետրվարի 28֊ը։
Հրամանագրում նշվում է, որ հնարավոր է պատվաստվել բոլոր այն բուժհաստատություններում, որոնց թույլատրվում է բնակչությանը կորոնավիրուսի դեմ դեղամիջոցներով պատվաստել, զանգվածային պատվաստման կենտրոններում կամ շարժական թիմերում։
Հրամանագիրը ստորագրվել է հունվարի 31-ին, իսկ փետրվարի 1-ին հրապարակվել է տեղեկագրի կայքում։
Անցյալ տարվա նոյեմբերի սկզբին Վրաստանը գործարկել է մի ծրագիր՝ խրախուսելու քաղաքացիներին պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացած 60-ից բարձր քաղաքացիները ստացել են 200-ական լարի։ Հետագայում տարիքային շեմն իջեցվեց մինչև 50 տարեկան։
Հունվարի 25-ին միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում որոշվել է խրախուսել 50-ն անց այն քաղաքացիներին, ովքեր կորոշեն ընդունել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի խթանող դեղաչափ։ Նրանք պետությունից կստանան 100 լարի (33 դոլար) դրամական պարգև։