Հայաստանի և Վրաստանի միջև ավիահաղորդակցությունը չի տուժի վրացական ավիաընկերությունների շուրջ ընթացող զարգացումներից, նման կարծիք է հայտնում Հայաստանի ավիացիոն մասնագետը, փոխանցում է «Ալիք մեդիան»։
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի նախկին ղեկավար Շահեն Պետրոսյանն անդրադառնալով Վրաստանից չվերթների հնարավոր դադարեցմանը, ասում է, որ իրավիճակից ելնելով հայաստանյան ավիաընկերությունները ևս կարող են լրացնել այդ բացը։
Երկու երկրների միջև կանոնավոր չվերթներ ապահովող ազգային փոխադրող Georgian Airways-ը սնանկացել է, իսկ ցածրբյուջետային Myway Airlines-ը լիզենզիայից զրկվելու եզրին է։
«Հայաստանում գործունեություն սկսող Fly one Armenia-ը և Fly Air-ը միգուցե կարողանան լրացնել վրացական ավիաընկերությունների բացը»,-«Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Պետրոսյանը՝ ընդգծելով, որ փոքր պետությունների դեպքում ավիաընկերությունները պետք է պետական լինեն, իսկ սնանկացման պատճառը ընկերությունների մասնավորեցումն է։
«Եթե ընկերությունները պետական լինեն միգուցե պետությունը քաղաքականությունից ելնելով պարտադրի, որ փոխադրումներ իրականացվեն։ Կարծում եմ՝ այլ չվերթների հաշվին կարելի է պահպանել երթուղին՝ այլն էլ շատ ավելի էժան», — ասում է Պետրոսյանը։
Կորոնավիրուսի համավարակի պատճառով ֆինանսական ճգնաժամում հայտնված Georgian Airways-ը այս պահին վաճառքի է հանվել 150 մլն դոլարով։ Ընկերությունը 176 մլն լարի (մոտ 57 մլն դոլար) պարտք է 16000 մասնավոր անձանց և ավելի քան 70 ընկերությունների։ Վրաստանի օրենսդրությամբ, եթե ավիաընկերությունը ձեռք բերի օտարերկրյա ներդրող, նա չի կարող 49%-ից ավելի բաժնեմաս ունենալ: Վրացական ավիաուղիների գլխավոր տնօրեն Ռոման Բոկերիան կարծիք է հայտնել, որ Վրաստանի կառավարությունը պետք է գնի ավիաընկերության բաժնետոմսերի 30% կամ 50%-ը:
«Մենք 90-ականներին առաջարկել էինք երկու ավիաընկերությունների, այդ թվում Georgian Airways-ին hայկական ավիաուղիների հետ ալիանս ստեղծել, բայց Georgian Airways-ը հրաժարվեց», — ասում է ավիացիայի նախկին ղեկավարը՝ հավելելով, որ հայկական ավիաուղիներն այն ժամանակ բավականին հզոր էին։
Ինչ վերաբերում է Վրաստանի բյուջետային (low-cost) համարվող Myway Airlines-ին, որ 2021 թվականի հուլիսի 6-ից էր սկսել Georgian Airwais-ին զուգահեռ կանոնավոր (շաբաթական 2 անգամ) չվերթներ իրականացնել նաև Թբիլիսի-Երևան և հակառակ ուղղությամբ՝ առավել մատչելի գներով, լիցենզիայից զրկվելու շեմին է հայտնվել ընկերության բաժնետոմսերն օտարերկրյա քաղաքացուն վաճառելու պատճառով։
Հայտնի է, որ Myway Airlines-ըն այսօր 100%-ով պատկանում է Նիդերլանդներում գրանցված Flash Aviation ընկերությանը, թեև մինչև 2021 թվականի օգոստոսն ավիաընկերության բաժնետոմսերի 11%-ը պատկանում էր Վրաստանի քաղաքացի Ռատի Բակուրաձեին։