Վրաստանի Ազգային բանկը փետրվարի 5-ին ԱՄՆ դոլարի նկատմամբ լարիի փոխարժեքը սահմանել է 2,9867 լարի:
Վերջին անգամ Վրաստանում դոլարը երեք լարիից պակաս արժեր 2020 թվականի հունիսի 9-ին։
Տնտեսական փորձագետները կարծում են, որ ազգային արժույթի ամրապնդումը կտևի այնքան ժամանակ, քանի դեռ Վրաստանում տնտեսական աճ է նկատվում։
«Ազգային արժույթի ամրապնդումն, իհարկե, դրական երեւույթ է, սա մակրոտնտեսական գործընթացների ցուցանիշ է։ Ընդհանուր առմամբ, տարվա ընթացքում Վրաստանի ազգային արժույթը դոլարի նկատմամբ ամրապնդվել է 10 տոկոսով։ Որքան բարձր է տնտեսական աճը, այնքան կայուն լարին կամրապնդվի»,- ասել է փորձագետ Սոսո Արչվաձեն։
Փորձագետի խոսքով, ընթացիկ գործընթացներում հիմնական դերը խաղում է երկու գործոն՝ աշխատանքային միգրանտների դրամական գործարքները և արտահանման աճը։
«Մեր աշխատանքային միգրանտները տարվա ընթացքում իրականացրել են ավելի քան երկու միլիարդ լարիի դրամական գործարքներ։ Միևնույն ժամանակ, երկիրն ավելացնում է ապրանքների, առաջին հերթին գյուղատնտեսական ապրանքների արտահանումը, ինչը նույնպես դրական է ազդում տնտեսական գործընթացների վրա, ասել է փորձագետը։
Ինչպես նշել է փորձագետը, նախորդ տարվա համեմատ արտահանումն աճել է 30%-ով։
Փորձագետը հույս է հայտնել, որ եթե տնտեսական աճը շարունակվի, և իշխանությունները կենտրոնանան արտահանման զարգացման վրա, ապա Վրաստանը կարող է հասնել դրական հաշվեկշռի, որն էլ ավելի կամրապնդի ազգային արժույթը։