Նինոծմինդայի մունիցիպալիտետում ծնելիության մակարդակը վերջին մի քանի տարիների ընթացքում նվազել է։ 2021 թվականի սկզբից մինչ օրս Նինոծմինդայի մունիցիպալիտետում ծնվել է շուրջ 258 երեխա։ 2020 թվականին ծնվել է 279, իսկ 2019 թվականին՝ 277 երեխա։
Նինոծմինդայի քաղաքապետարանի սոցիալական բաժնի տվյալներով՝ 2021 թվականին նորածին երեխաների համար նախատեսված հոդվածից օգտվել է շուրջ 290 շահառու։
Սոցիալական ապահովության գործակալության տվյալների համաձայն՝ տարվա ընթացքում իրենց է դիմել 258 շահառու, որից հինգը ծնվել են 2022 թվականին։ 2022 թվականին մինչև փետրվարի 15-ը գործակալություն է դիմել արդեն 19 շահառու, որից 7-ը 2021 թվականին ծնված երեխաներ են, իսկ 12-ը՝ 2022 թվականին ծնված երեխաներ։
253 երեխաներից 74-ը երրորդ և ավելի երեխաներ են, իսկ 88-ը՝ երկրորդ երեխաներ։
Նորածինների համար հատկացված գումարը 300 լարի է։ Իսկ պետբյուջեից հատկացվող գումարը, որը տրամադրվում է սոցիալական ապահովության գործակալությունից մեկից երկու երեխայի համար, ամսական 100 լարի է, մինչեւ երեխայի մեկ տարեկան դառնալը։ Երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքը ամսական կստանա 200 լարի մինչև երեխայի երկու տարեկան դառնալը։
Նշենք, որ ավելի քան երկու տարի է, ինչ Նինոծմինդա քաղաքի ծննդատունը փակ է, և շրջանի ծննդաբերող կանայք ուղարկվում են Վրաստանի տարբեր ծննդատներ։
Համեմատության համար նշենք, որ ծնելիության և մահացության ցուցանիշները 2021 թվականին հետևյալն են՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետում ծնվել է 258 երեխա, մահացել է 235 թոշակառու։