Վրաստանում ավարտվեց ՆԱՏՕ-ի Հյուսիս-Ատլանտյան խորհրդի երկօրյա այցը:

Վրաստանում ավարտվեց ՆԱՏՕ-ի Հյուսիս-Ատլանտյան խորհրդի երկօրյա այցը:

Սեպտեմբերի 8-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Թբիլիսիի խորհրդարանի շենքում հանդիպեց Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուփաշվիլիի և խորհրդարանի այլ պատգամավորների հետ:

Նիստի բացմանը Յենս Ստոլտենբերգը շնորհակալություն հայտնեց խորհրդարանի անդամներին ` հանդիպելու հնարավորությունն ընձեռնելու համար և հավելեց. «Հյուսիս-Ատլանտյան խորհուրդը Վրաստանում գտնվելով ընդգծում է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը: Վրաստանի իրականացրած բարեփոխումներն ակնհայտ են` ընտրությունների ժողովրդավարության մակարդակի բարձրացման հարցում:

Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուփաշվիլին նշեց, որ դաշինքի անդամ չլինելը չի խանգարում Վրաստանին ՆԱՏՕ-ի հետ քննարկել միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր: Ըստ Ուսուփաշվիլիի` դա վկայում է ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի պատրաստ լինելու մասին. «Վրաստանը պատրաստ է հյուրընկալելու 2017 թվականին ծրագրված ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը, ինչով իսկ ընդգծում է համագործակցության պատրաստակամությունը: Այսօր Վրաստանի քաղաքական կուսակցությունների մեծամասնությունը քննարկում է ոչ թե ՆԱՏՕ-ին անդամակցելու կամ չանդամակցելու հարցը այլ, թե որն է լիիրավ անդամ դառնալու աամենակարճ ճանապարհը»:

Խորհրդարանի Պատգամավոր, «Վրացական երազանք» խմբակցության անդամ Իրակլի Սեսիաշվիլին վստահեցրեց, որ ՆԱՏՕ-ի հետ սերտ համագործակցությունը կշարունակվի ընտրություններից հետո ևս: «Ազատ դեմոկրատներ» խմբակցության անդամ, խորհրդարանի պատգամավոր Իրակլի Չիքովանին ընդգծեց դաշինքին անդամակցվելու նշանակությունը.

«Ես «Ազատ դեմոկրատներ»-ի անունից ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին ասացի, որ չնայած իշխանության հետ մեր ունեցած բազում անհամաձայնություններին՝ ՆԱՏՕ-ին անդամակցվելը այն միակ հարցն է, որի շուրջ մենք եկել ենք ընդհանուր հայտարարի: Այսօր այդ հարցը ավելի կարևոր է, քան որևէ այլ քաղաքական կամ ներկուսակցական հարց»:

Վրաստանի խորհրդարանի նախագահ և «Հանրապետական» կուսակցության առաջնորդ Դավիթ Ուսուփաշվիլին նշեց որ Դաշինքի անդամների հետ հանդիպումը բավականին արդյունավետ է եղել. «Չնայած մեր արձանագրած մեծ առաջընթացին, մենք քաջ գիտակցում ենք, որ անելիքը դեռ շատ է: Անհամեմատ բարելավվել է ժողովրդավարության մակարդակը երկրում, չի կարելի համեմատել 2012-ի և այս տարվա նախընտրական շրջանները: ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հետ մեկտեղ մենք պետք է մտածենք նաև ԱՄՆ-ի ռազմակայանները Վրաստանում տեղակայելու մասին: Սա ուղղակի ցանկություն չէ, սա ստեղծված իրավիճակի մեր վերլուծությունն է: Վրաստանը անվտանգության երաշխիքների կարիք ունի, որը կարող է ապահովել ԱՄՆ-ն»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նախագահի նստավայրում հանդիպեց նաև Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ: Հանդիպման ավարտին Նախագահն անդրադարձավ հանդիպման արդյունքներին և հավելելեց. «Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների օկուպացիան մեծ հարված հասցրեց մեր երկրի անխափան զարգացմանը, այն նաև վնաս հասցրեց Ռուսաստանին՝ փչացնելով նրա վարկանիշը միջազգային հանրության մոտ: Կցանկանայի ընդգծել, որ մենք չենք փնտրում Ռուսաստանի հետ հակամարտության ճանապարհներ, մենք փնտրում ենք դեօկուպացիայի ճանապարհներ»։

Նախագահը խոսեց նաև Սև ծովի ռազմավարական նշանակության մասին. «Սև ծովի վրաստանյան նավահանգիստներն ունեն տարանցիկ նշանակություն: Այդ պատճառով Սև ծովի անվտանգությունը շատ կարևոր է Վրաստանի համար, և Վրաստանը պատրաստ է աջակցել ՆԱՏՕ-ին անվտանգության նորմերի բարձրացման նպատակով»:

Ամփոփելով նախագահի հետ ունեցած հանդիպումը` Ստոլտենբերգը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց.«Փողկապակցվածությունը Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև աննախադեպ բարձր մակարդակի է: Արդեն իսկ պատրաստվում ենք Բրյուսելի գագաթնաժողովին, թե ինչ ձեռքբերում կունենա Վրաստանը այդ գագաթնաժողովին՝ կախված է Վրաստանից: Բազմիցս նշել եմ, ևս մեկ անգամ կասեմ, որ իմ ուղերձը Վրաստանին այն է, որ այս երկիրը շարունակի իրականացնել բարեփոխումներ, որոնք միաժամանակ կմոտեցնեն նրան ՆԱՏՕ-ի ստանդարտներին և կնպաստեն նրա ժողովրդավարության զարգացմանը»,- ասաց Ստոլտենբերգը՝ նշելով, որ Վրաստան ունեցած այցից հետո մեկնելու է Թուրքիա: Գլխավոր քարտուղարն ընդգծեց, որ Թուրքիան դաշինքի շատ կարևոր անդամ է և, որ ՆԱՏՕ-ն շարունակում է հզորացնել Թուրքիայում ռազմական ներկայացուցչությունն ու աջակցել նրա ժողովրդավար հաստատություններին:

www.aliq.ge



Opinion, pooling and voting