Վրաստան. CyberEast-ը դասընթաց է անցկացրել ֆինանսական հետաքննությունների, վիրտուալ արժույթների և ստվերային ցանցերի վերաբերյալ

Վրաստան. CyberEast-ը դասընթաց է անցկացրել ֆինանսական հետաքննությունների, վիրտուալ արժույթների և ստվերային ցանցերի վերաբերյալ

Փետրվարի 2-ից 4-ը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ CyberEast ծրագիրը վրաստանցի 21 քննիչներից և դատախազներից բաղկացած խմբի համար անցկացրեց վերապատրաստման դասընթաց ֆինանսական հետաքննությունների, վիրտուալ արժույթների և ստվերային ցանցերի (դարքնեթ) վերաբերյալ:

Ծինանդալում (Վրաստան) անցկացված միջոցառումը վերջինն էր ծրագրի կողմից տարածաշրջանի բոլոր երկրներում (բացառությամբ Բելառուսի) իրականացված նմանատիպ ուսումնական նախաձեռնությունների շարքում:

Մասնակիցները ծանոթացան բլոկչեյն – վերլուծության և այլ հիմնահարցերի հետ, ինչպիսիք են տարատեսակ վիրտուալ ակտիվների ծառայության մատակարարներն (VASP) ու Վրաստանի քաղաքացիների կողմից կրիպտոարժույթների տիրապետման և առքուվաճառքի եղանակները:

CyberEast-ը նախատեսում է ավելի շատ գործողություններ կազմակերպել՝ աջակցելու ԱլԳ երկրների քրեական արդարադատության հաստատությունների կարողությունների ամրապնդմանը կիբերհանցագործությունների և էլեկտրոնային ապացույցների ոլորտում: Ծրագիրը կենտրոնանալու է զուգահեռ ֆինանսական հետաքննությունների և հետախուզության, առցանց տիրույթում հանցավոր եղանակով ստացված եկամուտների, ֆինանսական խարդախության և փողերի լվացման հետ կապված հանցագործությունների վրա, ինչպես նաև ավելի մանրամասն ուսումնասիրելու է վիրտուալ արժույթներին առնչվող հարցերն ու ստվերային ցանցերում հետաքննությունները՝ «հետևել փողին» հայեցակարգի համատեքստում:

Ըստ հաղորդումների, «Tor»-ի թաքնված ծառայությունների գրեթե 30%-ը վերաբերում է ապօրինի գործունեության որևէ ձևին, ինչպիսիք են ապօրինի թմրամիջոցների, զենքի, կոմպրոմատի, կեղծ փաստաթղթերի, դեղամիջոցների, քիմիական նյութերի և այլ արգելված ապրանքների վաճառքը։

Սևծովյան տարածաշրջանի հասարակական կազմակերպությունների ֆորումը վերսկսում է իր գործունեությունը

«Սևծովյան տարածաշրջանային հասարակական կազմակերպությունների ֆորում» նախաձեռնությունը հայտարարել է «Սևծովյան տարածաշրջանում տարածաշրջանային համագործակցության համար ՔՀԿ կարողությունների զարգացում» նոր նախագծի շրջանակներում իր գործունեությունը շարունակելու մասին։ Ծրագիրը իրականացվելու է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ ռումինական NGDO Platform – FOND կազմակերպության կողմից՝ մինչև 2022 թվականի տարեվերջ:

Ծրագրի հիմնական նպատակը Սևծովյան տարածաշրջանում կայունության և բարգավաճման բարձրացումն է՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև տարածաշրջանային համագործակցության ամրապնդման և տարածաշրջանի ՔՀԿ-ների միջև համատեղ գործընկերություններին աջակցության ցուցաբերման միջոցով:

Սևծովյան տարածաշրջանային հասարակական կազմակերպությունների ֆորումը շուրջ 13 տարի համախմբել է ավելի քան 1400 մասնակիցների Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Թուրքիայից, Ռումինիայից և այլ երկրներից:

 

Հայաստան-Ադրբեջան հարաբերություններ. առցանց հանդիպում Միշելի, Մակրոնի, Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ

Փետրվարի 4-ին տեղի է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ առցանց հանդիպում:

Միշելը և Մակրոնը վերահաստատել են իրենց լիակատար հանձնառությունը՝ աջակցելու տարածաշրջանում լարվածության նվազեցմանը և վստահության ձևավորմանն ուղղված ջանքերին:

Նրանք գնահատել են Արևելյան գործընկերության դեկտեմբերյան գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպումներից հետո ձեռք բերված առաջընթացը, մասնավորապես՝ ձերբակալված անձանց վերջին ազատ արձակումները, անհայտ կորածների որոնման շարունակական համատեղ ջանքերը, ինչպես նաև երկաթուղային գծերի առաջիկա վերականգնումը:

Առաջնորդները համաձայնել են, որ հանդիպումը հարցերի լայն շրջանակ քննարկելու արժեքավոր հնարավորություն է ընձեռել։

«ԵՄ-ն և Ֆրանսիան շարունակում են հավատարիմ մնալ այլ գործընկերների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի հետ համատեղ աշխատանքին՝ հանուն բարգավաճ, անվտանգ և կայուն Հարավային Կովկասի կառուցման»,- ասված է Եվրոպական խորհրդի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

ԵՄ աջակցությամբ ազատ են արձակվել ևս ութ հայ զինծառայողներ

Փետրվարի 7-ին ևս ութ հայ զինծառայողներ ազատ են արձակվել և ապահով ժամանել են Երևան։

Այս վերադարձը հնարավոր է դարձել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ակտիվ միջնորդական ջանքերի շնորհիվ։

Ավելի վաղ՝ փետրվարի 4-ին, Շառլ Միշելը և Էմանուել Մակրոնը առցանց հանդիպում են ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և քննարկել ձերբակալված անձանց վերջին ազատ արձակումները, անհայտ կորածների որոնման շարունակական համատեղ ջանքերը, ինչպես նաև երկաթուղային գծերի առաջիկա վերականգնումը:

Երևանում բացվել է E5P հիմնադրամի և ԵՆԲ-ի աջակցությամբ վերանորոգված առաջին մանկապարտեզը

Փետրվարի 9-ին Երևանում բացվել է «E5P Հայաստան՝ ԵՆԲ էներգաարդյունավետություն» ծրագրի շրջանակում նորոգված առաջին մանկապարտեզը: Ժապավենի կտրման արարողությանը մասնակցել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։

Թիվ 36 մանկապարտեզը մայրաքաղաք Երևանի 90 մանկապարտեզներից մեկն է, որոնք կվերանորոգվեն՝ դրանց էներգաարդյունավետությունը, սեյսմակայունությունը և COVID-19-ի համատեքստում սանիտարական պայմանները բարելավելու նպատակով։ Դրանցից 6-ի վերանորոգումը մեկնարկել է անցյալ տարվա գարնանը։

Այս աշխատանքներն իրականացվում են 15 միլիոն եվրո արժողությամբ Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակներում, որտեղ ԵՆԲ-ի տրամադրած 7 միլիոն եվրո վարկին լրացնում են «Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերություն» (E5P) բազմադոնորային հիմնադրամի տրամադրած 5 միլիոն եվրո դրամաշնորհը, ՄԱԶԾ-ի միջոցով Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) տրամադրած 1 միլիոն եվրոյի տեխնիկական աջակցության դրամաշնորհը և Երևանի քաղաքապետարանի սեփական միջոցները՝ 2 միլիոն եվրոյի չափով:

ՀՀՏԶ գործիք. Հայաստանի համայնքներն առաջնորդում են պորտֆելային գործընթացը

Եվրոպական միությունը և Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) Վայոց Ձորի մարզի Արենի համայնքն ընտրել են «Հետաքրքրվածության հայտ. համայնքների փոխակերպման պորտֆելներ» կամ «պորտֆելային ուղևորություն» կոչվող գործընթացում ընդգրկելու համար:

Եվս երեք համայնք՝ Ալավերդին, Աշտարակը և Չարենցավանը, հաստատվել են որպես «Քաղաքային իմաջինարիում 2022» ծրագրախմբի նորարարական դրամաշնորհի մասնակիցներ՝ ստանալով 60 000 եվրոյի չափով նորարական դրամաշնորհի դիմելու հնարավորություն:

Արենին իր «պորտֆելային ուղևորության» շրջանակում կկենտրոնանա ավելի պատասխանատու, դիմակայուն և կայուն տարածքի ստեղծման վրա, որտեղ բնակիչները կունենան ավելի շատ տնտեսական հնարավորություններ և կնպաստեն համայնքի գրավչության և կենսունակության բարձրացմանը:

ՀՀՏԶ ցանցի բոլոր համայնքները կարող են օգտվել կրթական, վերապատրաստման և գիտելիքի փոխանակման հնարավորություններից, որոնք ուղղված են աճի նորարարական ռազմավարությունների մշակմանը, որոնք էլ, իրենց հերթին, լիովին հարմարեցված են համատեքստին և խարսխված տեղական էկոհամակարգի վրա։

«Պատրաստվի՛ր/պատվաստվի՛ր»: ՀՀ Լոռու մարզում մեկնարկում է ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագիրը

«Սինեմարթ» երիտասարդական ՀԿ-ն Հայաստանում մեկնարկել է «Պատրաստվի՛ր/պատվաստվիր» ենթադրամաշնորհային ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ «COVID-19․ Քաղաքացիական հասարակության դիմակայունություն և կայունություն» ծրագրի շրջանակներում։

«Սինեմարթ»-ն արդեն վերապատրաստում է անցկացրել հինգ ակտիվիստների համար, ովքեր կներգրավվեն դաշտային աշխատանքներում։ Նրանք շրջելու են Լոռու մարզի բոլոր բնակավայրերով, հանդիպումներ են ունենալու տնտեսվարողների հետ, որոնց ժամանակ կտեղեկացնեն COVID-19-ի դեմ պատվաստանյութերի կարևորության մասին՝ որպես համավարակի դեմ պայքարի կարևոր կանխարգելիչ  քայլ։

«COVID-19․ Քաղաքացիական հասարակության դիմակայունություն և կայունություն»-ը 48-ամսյա ծրագիր է, որն իրականացվում է հայաստանյան և միջազգային ՔՀԿ-ների կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

EU4Environment. ԵՄ-ն սկսում է ջրային ռեսուրսների և բնապահպանական տվյալների վերաբերյալ նոր տարածաշրջանային ծրագիր

Փետրվարի 9-ին ԵՄ-ն մեկնարկեց «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի՝ Ջրային ռեսուրսների և շրջակա միջավայրի վերաբերյալ տարածաշրջանային տվյալներ» նոր տարածաշրջանային ծրագիրը, որն ուղղված է Արևելյան գործընկերության երկրներում հետկորոնավիրուսային «կանաչ» վերականգնմանը: Տարածաշրջանային մեկնարկային հանդիպումն անցկացվեց առցանց ձևաչափով, որին հաջորդելու են մի շարք ազգային հանդիպումներ յուրաքանչյուր մասնակից երկրի ներկայացուցիչների հետ:

Նոր ծրագիրը կնպաստի ԱլԳ երկրների ավելի երկարաժամկետ բնապահպանական, կլիմայական և սոցիալ-տնտեսական դիմակայունությանը: Ծրագրի նպատակն է բարելավել մարդկանց առողջությունն ու բարեկեցությունը Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում:

«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի՝ Ջրային ռեսուրսների և շրջակա միջավայրի վերաբերյալ տարածաշրջանային տվյալներ» ծրագիրն հիմնված է նախորդ ծրագրերի հաջողությունների վրա, ինչպիսիք են «Եվրոպական միության ջրային նախաձեռնություն պլյուս» (ԵՄՋՆ+) և «Շրջակա միջավայրի տեղեկատվական միասնական համակարգ, փուլ II» (ԵՀԳ ՇՄՏՄՀ II Արևելք) ծրագրերը:

«ԵՄՋՆ+» ծրագիրը երկրներին օգնել է իրականացնել ԵՄ-ի հետ իրենց ընթացիկ համաձայնագրերը կամ աստիճանաբար ներդնել ջրային ռեսուրսների կառավարման ԵՄ այն պրակտիկաները, որոնց մասով պաշտոնական համաձայնագրեր գոյություն չունեն: «ԵՀԳ ՇՄՏՄՀ II Արևելք» ծրագիրն աջակցել է կենսաբազմազանության, ջրի, հողի, թափոնների և օդի վերաբերյալ բնապահպանական տվյալների, ցուցիչների և գնահատման հաշվետվությունների պատրաստմանը:

Եվրոպական միությունը նշում է իր պաշտոնական 30-ամյակը

Փետրվարի 7-ին Եվրոպական միությունը տոնեց իր պաշտոնական 30-ամյակը։

1992 թվականի փետրվարի 7-ին Հոլանդիայի Մաաստրիխտ քաղաքում 12 երկրներ ստորագրեցին Եվրոպական միության մասին պայմանագիրը։

Մաաստրիխտի պայմանագիրը նշանավորեց Եվրոպական միության պաշտոնական ստեղծումը և դրեց ԵՄ-ի հիմքը, ինչպիսին մենք այն գիտենք այսօր՝ հաստատելով եվրոպական քաղաքացիության, ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության ու արդարադատության և ներքին գործերի ոլորտում համագործակցության սկզբունքները:

Պայմանագիրը նաև ճանապարհ հարթեց եվրոյի ստեղծման համար, որն, իր հերթին, այս տարի նշում է ստեղծման 20-ամյակը:

Այսօր ԵՄ 27 երկրների ավելի քան 440 միլիոն քաղաքացիներ օգտվում են եվրոպական համագործակցության առավելություններից։

Լորենցո Նատալիի անվան մեդիա մրցանակի 30 ամյակ – դիմեք մինչև մարտի 31-ը

Լորենցո Նատալիի անվան մեդիա մրցանակը՝ աշխարհի առաջատար լրագրողական մրցանակներից մեկը, որը տրվում է կայուն զարգացման հիմնախնդիրները լուսաբանող լրագրողներին, սկսել է դիմումների ընդունման գործընթացը: Մրցանակն առաջին անգամ տրվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից 1992 թվականին և այս տարի նշում է իր 30-ամյակը: Այն կրում է կայուն զարգացման հարցերով նախկին հանձնակատար,  խոսքի ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և զարգացման հավատարիմ պաշտպան Լորենցո Նատալիի անունը:

Լրագրողները կարող են ներկայացնել միայն մեկ դիմում հետևյալ երեք կատեգորիաներից մեկով.

  • Գլխավոր մրցանակ՝ Եվրոպական միության գործընկեր երկրներից մեկում տեղակայված լրատվամիջոցի կողմից հրապարակված զեկույցի համար:
  • Եվրոպայի մրցանակ՝ Եվրոպական միությունում գործող լրատվամիջոցի կողմից հրապարակված զեկույցի համար:
  • Լավագույն սկսնակ լրագրողի մրցանակ. 30 տարեկանից ցածր լրագրողի կողմից հրապարակված զեկույցի համար, որը հրապարակվել է Եվրոպական միությունում կամ նրա գործընկեր երկրներից մեկում տեղակայված լրատվամիջոցում:

Յուրաքանչյուր հաղթող կստանա 10000 եվրո: «Լավագույն սկսնակ լրագրող» անվանակարգի հաղթողին կառաջարկվի նաև աշխատանքային փորձ մեդիա գործընկերոջ հետ:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է մարտի 31-ը։

Վրաստան. դրամաշնորհներ՝ խոցելի խմբերի զբաղվածության հնարավորությունները բարելավելու համար

Փոփոխությունների և նորարարությունների ինստիտուտը Գուրիայում, Աջարիայում և Սամեգրելոյում փնտրում է նորարարական բիզնես գաղափարներ՝ դրանք ֆինանսավորելու նպատակով։ Մրցույթը հայտարարվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «SECTORs» ծրագրի շրջանակներում:

Ծրագրի նպատակն է բարելավել խոցելի խմբերի զբաղվածության հնարավորությունները՝ խրախուսելով ոլորտային գործընկերությունները, առաջարկելով ձեռնարկատիրական կրթություն և ներդնելով նորարարական մոտեցումներ՝ նպաստելու ծրագրի թիրախային տարածաշրջանների տնտեսական զարգացմանը:

Մրցույթը բաց է թերի միջնակարգ, միջնակարգ կամ բարձրագույն կրթությամբ և ցածր եկամուտ ունեցող ընտանիքներից սերող մինչև 35 տարեկան երիտասարդների, տնտեսական և սոցիալական դժվարությունների բախված ցանկացած տարիքի կանանց, հաշմանդամների, ներքին տեղահանվածների կամ համավարակի հետևանքով իրենց աշխատանքն ու եկամտի աղբյուրը կորցրած անձանց համար։

Դրամաշնորհային մրցույթի շրջանակներում ներկայացված ծրագրային հայտի բյուջեն պետք է կազմի 500-ից 5000 եվրո: Հայտատուի սեփական ներդրումը պետք է կազմի ծրագրի ընդհանուր բյուջեի առնվազն 10%-ը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. փետրվարի 25-ը։

Հաջողված քաղաքացիական արշավներ վարելու վերաբերյալ դասընթաց Վրաստանում

Վրաստանում ԵՄ պատվիրակությունը հասարակական հրատապ խնդիրների լուծմանն ուղղված հաջողված քաղաքացիական արշավներ վարելու հարցում բոլոր հետաքրքրվածներին հրավիրում է մասնակցելու մասնագիտացված ուսուցման ծրագրին:

Դասընթացի ընթացքում մասնակիցներն ավելին կիմանան արշավների մշակման հղացքների, մոտեցումների, լավագույն պրակտիկաների, գործիքների և խորհուրդների մասին:

«Community Action Training» (CAT) ծրագիրը կազմակերպվում է Խորհրդատվության և ուսուցման կենտրոնի (CTC) կողմից՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «STAR» նախաձեռնության շրջանակներում:

Դասընթացը տեղի կունենա հինգ շաբաթվա ընթացքում (մարտին և ապրիլին) հիբրիդային ձևաչափով՝ չորս շաբաթ առցանց դասընթացներ և հինգ օր՝ դեմ առ դեմ ուսուցում:

Ծրագիրն իր շրջանավարտներին նաև հնարավորություն է տալիս մասնակցել միկրոդրամաշնորհային մրցույթին. յուրաքանչյուր նախաձեռնություն կստանա 3000 եվրոյին համարժեք վրացական լարիի ֆինանսավորում։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը ս.թ. փետրվարի 20-ն է։

Մեկ տարով կամավորության հնարավորություն Բելգիայում՝ որպես կենդանիների խնամքի հարցերով օգնական

Բելգիայի Օստենդե քաղաքում գործող Վայրի բնության վերականգնողական կենտրոնը (Opvangcentrum voor Vogels en Wilde Dieren) հրավիրում է 19-30 տարեկան երիտասարդներին 52 շաբաթով (2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի ապրիլի 30-ը) միանալ իր թիմին: Ընդունվում են նաև Արևելյան գործընկերության բոլոր երկրներից ներկայացված հայտերը:

Կամավորը կենտրոնի անձնակազմին հիմնականում օգնելու է կենդանիներին կերակրելու և կշռելու, սնունդ պատրաստելու, վանդակները մաքրելու, սպասքը լվանալու, ինչպես նաև վանդակների վերանորոգման և շինարարական աշխատանքների հարցերում։ Այս գործունեության ընթացքում կամավորը կծանոթանա բոլոր տեսակի թռչունների և կաթնասունների վերականգնման հիմունքներին:

Կամավորը կտեղավորվի տանը՝ Եվրոպական համերաշխության կորպուսի մյուս կամավորների հետ միասին, և ամսական կստանա 360 եվրո՝ սննդի և գրպանի ծախսերը հոգալու համար:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. փետրվարի 21-ը։

Երկարաժամկետ կամավորության հնարավորություն Լեհաստանում գործող սոցիալական նորարարությունների լաբորատորիայում

«Przystań Śmidowicza/ Պրիստան Սմիդովիցա 49» սոցիալական նորարարությունների լաբորատորիան՝ Գդինյայի (Լեհաստան) տեղական համայնքային կենտրոնների ցանցը, երկարաժամկետ գործունեության համար փնտրում է կամավորներ Բելառուսից, Վրաստանից և Ուկրաինայից:

Կամավորը 52 շաբաթով (2022 թվականի ապրիլի 1-ից 2023 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում) կաշխատի որպես անիմատորի օգնական: Նա կզբաղվի տեղական համայնքի կայացմամբ և քաղաքի ներկայացուցիչների, ՀԿ-ների, տեղական ակտիվիստների ու բնակիչների հետ կապերի հաստատմամբ։

Կամավորը կստանա ամսական նպաստ և Գդինյայում ավտոբուսով երթևեկության տոմսեր, ինչպես նաև սենյակ, որը նա կկիսի երկու-երեք այլ կամավորների հետ վարձակալած բնակարանում։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. փետրվարի 20-ը։

Եվրոպական համերաշխության կորպուս. Վրաստանից կամավորները հրավիրվում են աշխատելու Խորվաթիայի քարանձավային պուրակում

Գրաբովաչան՝ Խորվաթիայի Պերուշիչ քաղաքում գտնվող քարանձավային այգին, հրավիրում է Վրաստանից կամավորներին՝ մասնակցելու ծրագրի, որի նպատակն է տեղական համայնքի հզորացումը , ինչպես նաև մասնակիցների՝ բնապահպանական խնդիրների լուծման հարցում ներգրավման խթանումը:

Ծրագիրը կտևի հինգ շաբաթ՝ 2022 թվականի հուլիսի 4-ից օգոստոսի 12-ը։

Կամավորներին կտրամադրվեն ընդհանուր սենյակներով, խոհանոցով և սանհանգույցով կացարաններ։ Կազմակերպիչները կտրամադրեն նաև սննդի բյուջե և կհոգան կամավորների տրանսպորտային ծախսերը, այդ թվում՝ դեպի Խորվաթիա երկկողմանի ճանապարհորդությունը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է հունիսի 1-ը։

​​Փոխանակումներ Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողությունների շրջանակներում. հայտերն ընդունվում են մինչև մարտի 9-ը

«Հորիզոն Եվրոպա»-ի ներքո իրականացվող դոկտորական կրթության և հետդոկտորական ուսուցման ԵՄ-ի ֆինանսավորմամբ դրոշակիր ծրագիրը՝ «Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողությունները» (MSCA), հրավիրում է Եվրոպայում և նրա սահմաններից դուրս գործող հետազոտական և նորարարական կազմակերպություններին դիմելու «MSCA անձնակազմի փոխանակումներ 2021» գործողությանը:

MSCA անձնակազմի փոխանակումներին (MSCA Staff Exchanges) մասնակցում են ակադեմիական և ոչ ակադեմիական ոլորտները (ներառյալ ՓՄՁ-ները) ներկայացնող կազմակերպություններ ամբողջ աշխարհից:

Աջակցությունը տրամադրվում է հետազոտությունների և նորարարությունների ոլորտում ներգրավված անձնակազմի միջազգային, միջոլորտային և միջառարկայական շարժունության համար՝ հանգեցնելով մասնակից կազմակերպությունների միջև գիտելիքների փոխանակմանը: Ծրագիրը պետք է առաջարկի նոր հմտություններ ձեռք բերելու և կարիերայի զարգացման հեռանկարներ մասնակից անձնակազմի համար:

Տվյալ գործողությանը մասնակցելու համար իրավասու են դիմել Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան («Հորիզոն Եվրոպա» ծրագրին ասոցիացված երկրներ), ինչպես նաև Ադրբեջանը և Բելառուսը (ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներ) ներկայացնող իրավաբանական անձինք՝ ԵՄ անդամ երկրները ներկայացնող կազմակերպությունների հետ համագործակցությամբ:

Գործողությունների ընդհանուր բյուջեն կազմում է 72.5 մլն եվրո:

Ծրագրային առաջարկների ներկայացման վերջնաժամկետն է 2022 թվականի մարտի 9-ը:

«Նոր եվրոպական Բաուհաուզ» մրցանակ. դիմելու իրավասություն ունեն նաև ԵՄ անդամ չհանդիսացող երկրների ռեզիդենտները

Եվրոպական հանձնաժողովը հրավիրում է անհատներին և կազմակերպություններին դիմելու իր «Նոր եվրոպական Բաուհաուզ» մրցանակի համար:

Մրցանակը ճանաչման կարժանացնի և կնշանավորի գոյություն ունեցող գեղեցիկ, կայուն ու ներառական ձեռքբերումները և կաջակցի երիտասարդ սերնդին շարունակել զարգացնել ձևավորվող հղացքներն ու գաղափարները:

Մրցանակներ են նախատեսված և՛ գոյություն ունեցող ավարտված նախագծերի համար (Նոր եվրոպական Բաուհաուզ մրցանակ), և՛ 30 ու ավելի ցածր տարիքի երիտասարդ տաղանդների գաղափարների համար (Նոր եվրոպական Բաուհաուզի ծագող աստղեր): Նրանք կպարգևատրվեն չորս տարբեր անվանակարգերում. «Վերամիավորում բնության հետ», «Պատկանելության զգացման վերագտնում», «Վայրերի և դրանց կարիքն ամենաշատն ունեցող մարդկանց առաջնահերթություն», «Շրջանաձև արդյունաբերական էկոհամակարգի ձևավորում և աջակցություն կենսացիկլային մտածողությանը»:

ԵՄ անդամ չհանդիսացող երկրների ռեզիդենտները կարող են դիմել, եթե նրանց նախագիծը/ գաղափարը մշակվել կամ մշակվելու և իրականացվելու է ԵՄ-ում:

«Նոր եվրոպական Բաուհաուզ» մրցանակի հաղթողը կստանա 30,000 եվրո, իսկ «Նոր եվրոպական Բաուհաուզի ծագող աստղը» կպարգևատրվի 15,000 եվրոյով: Եզրափակչի երկու մասնակիցներին էլ կստանան հաղորդակցական փաթեթ։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 28-ն է:

«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:

Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից  ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։

Radio NOR · Վրաստան. դրամաշնորհներ՝ խոցելի խմբերի զբաղվածության հնարավորությունները բարելավելու համար