Փետրվարի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում, Արզնու խճուղում՝ Աբովյան քաղաքի սկզբնամասում, Հակատուբերկոլոգային Դիսպանսեր-Տուդիսպանսերի դիմաց, բախվել են են BMW X5, Opel և ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տեղում մահացել են, որոնց դիերը ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները:
Փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը:
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Կոտայքի բաժնի ոստիկաններն ու քննչական բաժնի քննիչները պարզել են՝ 06-ը վարել է Չարենցավան քաղաքի բնակիչ, 46-ամյա Վաչագան Պետրոսյանը, ուղևորները եղել են՝ Չարենցավան քաղաքի բնակիչներ, 40-ամյա Արմինե Պետրոսյանը, 17-ամյա Վահե Պետրոսյանը, 65-ամյա Գյուլնարա Պետրոսյանը, Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 34-ամյա Մելինե Գասպարյանը: Վերջիններս տեղում մահացել են, իսկ 06-ի մյուս ուղևոր, 15-ամյա Վանուհի Պետրոսյանը «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ տեղափոխվել է «Աբովան» բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածները ընտանիքի անդամներ էին:
Պարզվել է՝ Opel-ը վարել է Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 60-ամյա Վալիշան Կարապետյանը, իսկ վթարից որոշ ժամանակ անց ոստիկաններին է ներկայացել Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 53-ամյա Սամսոն Դավթյանը և հայտնել, որ BMW X5-ը ինքն է վարել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչներն ունեն կասկածներ, որ BMW-ն նա չի վարել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: