Իտալացի գիտնականները որոշել են ստուգել՝ արդյո՞ք չորքոտանիները սգում են իրենց մտերիմների կորուստը, եւ անցկացրել են հարցում 426 մասնակիցների շրջանում: Հարցաթերթը հաշվի է առել կենդանիների տերերի հույզերը՝ չափազանցություններից կամ սեփական ապրումներն իրենց ընտանի կենդանիներին վերագրելու փորձերը կանխելու համար:
Հարցմանը մասնակցել են ընտանիքներ, որոնք ունեին մի քանի շուն, եւ դրանցից մեկը սատկել էր: Արդյունքները ցույց են տվել, որ կորստից հետո մյուս կենդանիները գտնվել են սուգ հիշեցնող վիճակում:
Կորստից հետո շների 87 տոկոսի շրջանում նկատվել են փոփոխություններ վարքագծում: Վշտի բացասական դրսեւորումներից էին տիրոջից ավելի մեծ ուշադրություն պահանջելը (67 տոկոս), խաղերից հրաժարումը (57 տոկոս), ակտիվության մակարդակի անկումը (46 տոկոս):
Բազմաթիվ շներ չեն ցանկացել զվարճանալ, սակայն խնդրել են սփոփանք: Կենդանիների 35 տոկոսն ավելացրել է քնի տեւողությունը, ցուցաբերել է վախ, 32 տոկոսի շրջանում կորել է ախորժակը, եւս 30 տոկոսը ոռնացել կամ վնգստացել են սովորականից ավելի շատ:
Սգացող շների վերաբերմունքը տարբերվել է նրանով, որ ընկերները միասին խաղում եւ զբոսնում էին, կիսում ուտելիքը, իրերը, հանգստի գոտին, հոգ տանում միմյանց մասին, չէին կռվում: Շների 90 տոկոսն ապրում էր իրենց ցեղակիցների հետ ավելի քան մեկ տարի:
Եթե տերն ուժգին ապրումներ ուներ կենդանու կորստի կապակցությամբ, այդ հույսը զգում էին նաեւ շները:
Գիտնականների խոսքով՝ վերջնական եզրակացնելու համար, որ շները սգում են իրենց ընկերների կորուստը, մեկ հետազոտությունը բավարար չէ: Սակայն, անկասկած, կորստից հետո շների վարքը կախված է ցեղակիցների միջեւ հարաբերություններից եւ արդեն խոսում է ամուր կապվածության մասին: Այդկերպ, շների շրջանում եւս կիրառելի է կապվածության հայտնի տեսությունը: Այն կարող է բացատրել, թե ինչու են կենդանիները, ինչպես եւ մենք, սգում մտերիմ էակի կորուստը:news.am