Վրաստանը կշարունակի աջակցել Ուկրաինային՝ չնայած Կիևի կողմից դեսպանին հետ կանչելուն։ Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է երկրի կառավարության վարչակազմի ղեկավար Իլիա Դարչիաշվիլին։
«Մեզ համար անհասկանալի է Ուկրաինայի նախագահի որոշումը՝ հետ կանչել դեսպանին Վրաստանից։ Չնայած այս որոշմանը, Վրաստանը շարունակում է և կշարունակի քաղաքական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային և հումանիտար օգնություն՝ իր հնարավորությունների շրջանակում»,- ասել է նա։
Դարչիաշվիլին հավելել է, որ ստեղծված իրավիճակում Վրաստանի քայլերը առավելագույնն են, որին ունակ է երկիրը։
«Նույնիսկ ռազմական գործողություններին Վրաստանի անուղղակի միջամտությունը մեր երկրին կբերի անուղղելի արդյունքների»,- ընդգծել է պաշտոնյան։
Նա նշել է, որ «ապակառուցողական ընդդիմությունն ու «Միասնական ազգային շարժումը» չեն դադարում փորձեր անել Վրաստանին ներքաշելու պատերազմի ու սադրանքների մեջ»: «Դրանց նպատակը մեր երկրի տարածքում ռազմական գործողությունների սկսելն է»,- ասել է Դարչիաշվիլին:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր հայտարարել է Վրաստանից դեսպանին հետ կանչելու մասին։ Պատճառը նա անվանել է «կամավորների համար խոչընդոտներ», ովքեր ցանկանում են օգնել Ուկրաինային, և Վրաստանի կառավարության դիրքորոշումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների առնչությամբ։