Toyota-ն հայտարարել է, որ կդադարեցնի գործունեությունը Ռուսաստանում իր միակ գործարանում եւ կկասեցնի ավտոմեքենաների մատակարարումը երկիր՝ պատճառաբանելով ուկրաինական ճգնաժամի հետ կապված «մատակարարման շղթայի խափանումները», հաղորդում է AFP-ն:
Ընկերությունը հայտնել է, որ Սանկտ Պետերբուրգում իր գործարանն անցյալ տարի մոտ 80.000 ավտոմեքենա է արտադրել, հիմնականում՝ ռուսական շուկայի համար, ինչը ճապոնական ընկերության կողմից ամբողջ աշխարհում արտադրված 10.5 միլիոն ավտոմեքենաների միայն մի փոքր մասն է կազմում:
«Toyota Motor Russia-ն մարտի 4-ից կդադարեցնի արտադրությունը Սանկտ Պետերբուրգի իր գործարանում եւ կկասեցնի ավտոմեքենաների ներմուծումը մինչեւ հետագա ծանուցում՝ մատակարարման շղթայի խափանումների պատճառով»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Սանկտ Պետերբուրգում գտնվող գործարանում աշխատում է մոտ 2600 մարդ, AFP-ին հայտնել է Toyota-ի ներկայացուցիչը՝ հաստատելով, որ մատակարարումների խափանումը կապված է հակամարտության հետ:
Toyota-ն Ուկրաինայում գործարաններ չունի, սակայն վաճառքները երկրում դադարեցվել էին փետրվարի 24-ից։