Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ, որտեղ մտադիր է ԵՄ առաջնորդների հետ քննարկել Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հարցը: Այս մասին նշված է Վրաստանի ԱԳՆ-ի ֆեյսբուքյան էջում:
Ջանելիձեն հայտարարել է. «Մենք աշխատանքներ ենք սկսել Ասոցացման համաձայնագրի նոր օրակարգի վրա, որը պետք է հստակեցնի առաջիկա երեք տարվա համար ԵՄ-ի հետ համագործակցության ու ինտեգրման մեր գործընթացը: Ուստի մենք խոսում ենք հիմնական ուղղությունների ու հայացքների մասին, որոնք մենք ցանկանում ենք, որ արտացոլվեն օրակարգում: Մենք, բնականաբար, կխոսենք նաև վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի մասին»:
Ջանելիձեն Ստրասբուրգում հանդիպումներ է ունենալու ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հաննի, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչների, այդ թվում նաև Մարիա Գաբրիելայի հետ, ով Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցերով զեկուցողն է: