Ռուսաստանցի դեղ արտադրողները կարող են մնալ առանց ներկրվող հումքի եւ բաղադրամասերի պատժամիջոցների պատճառով, որոնք խնդիրներ են առաջացրել վճարումների կատարման եւ լոգիստիկայի հետ կապված, գրել է «Коммерсант»-ը։
Ինչպես նշել է պարբերականը, Եվրոպան մեկ շաբաթում գրեթե դադարեցրել է նյութերի մատակարարումը, իսկ դրանց ներմուծումը Չինաստանից եւ Հնդկաստանից, որոնց բաժին է ընկնում ներկրվող հումքի ընդհանուր ծավալի մոտ 80 տոկոսը, դժվարացել է լոգիստիկ շղթաների լուրջ խախտումների պատճառով։ Ընդ որում՝ ընկերությունների պաշարները, ըստ տարբեր գնահատականների, կբավականացնեն երեքից վեց ամիս։
Ինչպես նշել է RNC Pharma-ի զարգացման գծով տնօրեն Նիկոլայ Բեսպալովը, Ռուսաստանում դեղերի ներմուծվող հումքը վերջին տասը օրում թանկացել է 30-35 տոկոսով, այդ թվում ռուբլու փոխարժեքի լուրջ անկման պատճառով։ Ընկերության տվյալներով՝ ռուսական դեղամիջոցների մոտ 80-85 տոկոսը պատրաստվում է ներմուծվող նյութերից։ 2021թ. հումքի 76,7 տոկոսը Ռուսաստան է բերվել Հնդկաստանից եւ Չինաստանից, 19,7 տոկոսը՝ Եվրամիությունից։ Անցած տարի երկիր է ներմուծվել 195,4 մլրդ ռուբլու 15,8 հազար տոննա դեղագործական նյութ։
Շուկայի մասնակիցները նշել են, որ չնայած դեղագործական եւ բժշկական արտադրանքը հայտնվել է ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի պատժամիջոցների տակ, բայց ըստ էության եվրոպացի մատակարարները գրեթե անմիջապես դադարեցրել են հումքի մատակարարումները ռուսաստանյան ընկերություններին։ Օրինակ, պարզ չէ, թե ինչպես կատարել վճարումը. վճարումները լրջորեն ուշանում են, իսկ մատակարարները վճարը նախապես են պահանջում։
Արտադրողները պատրաստ են եվրոպացի մատակարարներին փոխարինել ասիական երկրների ընկերություններով, նշել է Ռուսաստանի Դեղամիջոցների արտադրության ասոցիացիայի գլխավոր տնօրեն Վիկտոր Դմիտրիեւը։ Բայց այժմ արտադրանքի մատակարարումները Հնդկաստանից եւ Չինաստանից բարդացել են համագործակցության պայմանների փոփոխության եւ պատժամիջոցների անուղղակի ազդեցության պատճառով։
Դեղ արտադրողները խոստովանել են, որ դեղերի հումքի պաշարները կբավականացնեն վեց ամիս, իսկ եթե շուկայում խուճապային գնումներ սկսվեն, ապա այդ ժամանակը կարող է կրճատվել՝ հասնելով երեք ամսվա։ Վերջնարդյունքում՝ արտադրության ինքնարժեքի աճը կարտացոլվի դեղերի գների վրա, ասել են նրանք։